Խոսելուց առաջ կառավարությունը նախ պետք է ՀԷՑ–ի հետ իր պայմանագիրը կարդա. Հայկ Բադալյան
sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀԷՑ–ը պետականացնելու կամ միջազգային որևէ կազմակերպության վաճառելու մասին հայտարարություն անելուց առաջ ՀՀ կառավարությունը նախ պետք է բացեր ու կարդար ՀԷՑ–ի սեփականաշնորհման պայմանագիրն ու այդ ոլորտին վերաբերող ՀՀ օրենսդրությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց էներգետիկ հարցերով փորձագետ Հայկ Բադալյանը։
Ինչպես հայտնել ենք, նոյեմբերի 6–ին լրագրողների հետ ճեպազրույցում
Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կառավարությունը մտադիր է դիտարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ձեռքբերման կամ առնվազն պետության կողմից ձեռնարկության կառավարման հարցում որոշիչ ձայն պահպանելու հարցը: Փաշինյանն ասել էր նաև, որ եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացնի լիցենզիայից զրկել ՀԷՑ-ի սեփականատերերին, ապա պետությունը կա՛մ կգնի ընկերությունը, կա՛մ կներգրավի օտարերկրյա խոշոր ներդրողի՝ պահպանելով մասնակցությունը կառավարման մեջ։
«Նախ պետք է դիտարկեն, թե ՀԵՑ–ը, որպես բաշխման համակարգի լիցենզավորված կազմակերպություն, ինչ օրենսդրական սխալներ է թույլ տվել, որի հիման վրա հնարավոր է լիցենզիայից զրկել։ Առ այսօր ՀԵՑ–ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին որևէ ինֆորմացիա չկա, թե ՀԵՑ–ը լիցենզիայի պայմանների ինչ խախտում է կատարել, որը թույլ կտա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ՀԷՑ ՓԲԸ–ին լիցենզիայից զրկել։ Մյուս կողմից` ՀԷՑ–ում որոշիչ ձայն ունենալու համար կառավարությունը նախ և առաջ պետք է այդ թույլտվությունը ստանա սեփականատիրոջից, ինչը ես այսօրվա դրությամբ գտնում եմ անհավանական»,– նկատում է փորձագետը։
Ինչ վերաբերում է ՀԷՑ–ում օրենսդրական փոփոխությունների արդյունքում ժամանակավոր կառավարչի` Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից ի վեր ծավալած գործունեությանը, Հայկ Բադալյանի գնահատմամբ` ընկերության աշխատանքն անցած 4 ամիսների ընթացքում ոչ միայն չի բարելավվել, այլև բազմակի անգամ վատթարացել է։
«ՀԷՑ–ի կողմից այս տարվա համար նախատեսված ներդրումները չեն իրականացվել, և հատկապես էլեկտրամատակարարման հուսալիության ու անվտանգության ոլորտներում, ինչը նաև «Էներգետիկայի մասին» օրենքի դրույթների պահանջ է։ Հաջորդը` ձգձգվում են մի շարք ներդրումներ, որոնց արդյունքում պետք է ապահովվեր բազմաթիվ օբյեկտների էլեկտրամատակարարումը։ Այս պահի դրությամբ իմ ունեցած ինֆորմացիայի շրջանակներում` ՀԵՑ–ի մոտ մնացել են 1-2 նախագծող, որոնց հետ իրենք ունեին երկարատև պայմանագիր, մրցույթ էին հայտարարել, և դրա արդյունքները դեռևս պարզ չեն»,– արձանագրում է փորձագետը։
Այդ նշանակումը հնարավոր եղավ ՀՀ օրենքներում հաշված օրերի ընթացքում կատարված փոփոխությունների արդյունքում, որոնք ՀՀ կառավարությանն իրավունք տվեցին ընկերության նախկին խախտումների վերաբերյալ հաղորդում ներկայացնել կարգավորող մարմին, իսկ հանձնաժողովի նախագահին` վարույթ հարուցել ու միաանձնյա որոշում կայացնել ՀԷՑ–ում ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին։