ՀԷՑ-ի ղեկավարության այն հայտարարությունը, որ դեռևս մինչև ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ կապված հայտնի իրադարձությունները դիմել էին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը նվազեցնելու առաջարկով, բայց ՀԾԿՀ-ն մերժել է իրենց առաջարկը, հոգեխանգարման մեջ է գցել ՔՊ-ականներին։ Մի իսկական վայնասուն են բարձրացրել։
Հասկացող-չհասկացող՝ երբեմն անհեթեթ հիմնավորումներով, փորձում են արդարացնել հանձնաժողովի կողմից սակագները չնվազեցնելու որոշումը։ Իբր ի՞նչ իմաստ ուներ սակագինը 0.2 դրամով իջեցնելը, ի՞նչ էր դա տալու սպառողներին։ Չնայած ՀԷՑ-ի նախկին ղեկավարության հաշվարկներով՝ խոսքը ամենևին էլ ոչ թե 0.2, այլ 1 դրամից ավելի նվազեցման մասին էր։
Բայց համարենք, որ 0.2 դրամ պիտի լիներ։ Եթե 0.2 դրամն այդքան քիչ էր ու ընդամենը 40-50 դրամի օգուտ կարող էր տալ յուրաքանչյուր ընտանիքի, ինչպես ասում է ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, դուք շատ իջեցնեիք։ Մոռացե՞լ եք, թե ժամանակին ինչեր էիք ասում գազի ու հոսանքի սակագները նվազեցնելու վերաբերյալ, երբ նոր էր սկսվել դրամի արժևորումը։ Ասում էիք՝ դա չի կարող չազդել սակագների նվազեցման վրա։ Բա եթե չէր կարող չազդել, ինչո՞ւ չնվազեցրեցիք։
Հիշո՞ւմ եք 2022թ. հունիսին Ազգային ժողովում Բաբկեն Թունյանի ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հարցուպատասխանը, երբ դրամը, ռուս-ուկրաինական հակամարտության սրման պատճառով, հասցրել էր բավական արժևորվել, բայց դեռևս հեռու էր այն փոխարժեքից, որն ունենք վերջին առնվազն 3 տարիներին։
Արձանագրելով, որ տարվա սկզբի համեմատ դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է մոտ 12-13 տոկոսով, Բաբկեն Թունյանը կառավարությանը հարցրեց՝ եթե պարզվի, որ փոխարժեքը կայունանում է հենց այս միջակայքում, հնարավո՞ր է արդյոք, որ էլեկտրաէներգիայի և գազի սակագների հարցում վերանայման հնարավորություն լինի, որովհետև սակագների հաշվարկների մեջ բավական մեծ դեր ունի հենց փոխարժեքը:
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է, և դրամի արժևորումը, բնականաբար, պետք է հաշվի առնվի:
«Այլ հարց է, թե ինչքանո՛վ է այս իրավիճակը դիսկրետ կամ ֆունդամենտալ երկարատև: Ես հասկանում եմ ձեր հարցը, որովհետև իրոք չի բացառվում, որ սա երկարատև միտում է այլևս և նույնիսկ բյուջեում, բյուջեով նախատեսված փոխարժեքի կամ սակագնային գործառույթներում որոշված կամ հիմք ընդունված փոխարժեքի համեմատությամբ, այո՛, սա արժևորված փոխարժեք է, և եթե այլ բաղադրիչներով հավելյալ ճնշումներ չլինեն, վստահ եմ, որ ՀԾԿՀ-ն այս հարցին կանդրադառնա տարվա կտրվածքով»,- հայտարարեց Մհեր Գրիգորյանը։
Արձագանքելով՝ Բաբկեն Թունյանը նշեց, թե այս պատասխանից կարելի է եզրակացնել, որ որոշակի ժամանակահատված դեռ կհետևեն զարգացումներին, և հետո, երբ փոխարժեքը չփոխվի, սակագնի վերանայման հնարավորությունը կքննարկվի:
«Վստահաբար»,- վստահեցրեց Մհեր Գրիգորյանը։
Չորրորդ տարին է, ինչ դրամն էապես արժևորվել է՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով գազի ու հոսանքի սակագների նվազեցման համար, բայց մինչև հիմա իշխող քաղաքական թիմը, կառավարությունն ու Հանրային ծառայությունները կարգավորող այդքան «անկախ» հանձնաժողովը ոչ մի քայլ չեն արել սակագները նվազեցնելու համար։ Ավելին, շարունակել են բարձր պահել սակագներն ու կողոպտել սպառողներին, պարտադրել, որպեսզի շատ ավելի շատ վճարեն, քան պիտի վճարեին։
Միլիարդներ են կորզել քաղաքացիներից՝ սակագներն արհեստական բարձր պահելով։ Գումարներն էլ ծախսել ու ծախսում են իրենց քմահաճույքներով։
Դրամի ամրապնդումն օբյեկտիվորեն պիտի հանգեցներ էներգակիրների սակագնի նվազեցման, որովհետև փոխարժեքի գործոնը կարևոր դեր ունի սակագների հաշվարկներում։ Այսքան տարի է՝ դրամն առնվազն 20 տոկոսով արժևորված է, դոլարի փոխարժեքն իջել է, բայց չեղավ մի անգամ, որ ընդառաջ գնային սպառողներին, մասնավորապես՝ բնակչությանը, ու նվազեցնեին սակագները։
Նույն գազի սակագները, որոնք այսօր գործում են, հաշվարկված են դոլարի նկատմամբ 480 դրամ փոխարժեքով։ Այնինչ՝ չորրորդ տարին է, Հայաստանում դոլարի նման փոխարժեք չկա։
Դոլարի գինը գրեթե 100 դրամով ցածր է սակագներում դրված փոխարժեքից, ու դա էական գործոն էր բնակչության սակագները նվազեցնելու համար, այդ թվում՝ ոչ միայն գազի, այլև էլեկտրաէներգիայի։ Բայց համառորեն չիջեցրեցին։
Կառավարությունը որոշեց, որ գազի սակագինը բնակչության համար չպիտի իջնի, հանձնաժողովն էլ, լինելով «անկախ» մարմին, լռելյայն համաձայնեց։
Սակագինը բարձր պահելու արդյունքում՝ էներգահամակարգում այս ընթացքում բնակչության վճարած գումարների հաշվին միլիարդներ են կուտակվել։ Խոսքը ոչ թե 1-2, այլ տասնյակ միլիարդների մասին է։ Տարբեր հաշվարկներով, ընդհուպ 35-40 մլրդ դրամի, գրեթե 100 մլն դոլարի մասին է խոսքը։
Փոխարենը բնակչության սակագինը նվազեցնեին, սակագինը բարձր պահեցին ու դրա արդյունքում համակարգում կուտակված գումարներով որոշեցին փոխարինել Երևան մտնող գազաբաշխիչ կայանները, նաև` նոր խողովակաշար կառուցել։ Գիտե՞ք՝ ինչու, որպեսզի իրենց նորակառույցները կարողանան գազով ապահովել։ Սակագներն իջեցնելու փոխարեն՝ բնակչության հաշվին լուծեցին իրենց բնակարանները գազով ապահովելու հարցը։
Գումարների մի մասն էլ հայտնի չէ, թե ինչի վրա են ծախսել։ Այդ մասին գերադասում են չխոսել։
Միլիարդների վնաս են տվել սպառողներին՝ զուտ այն պատճառով, որ չեն նվազեցրել սակագները։ Այսօր էլ ատամներով պաշտպանում են էլեկտրաէներգիայի սակագները չնվազեցնելու ՀԾԿՀ որոշումը։ Մի բան էլ քամահրանքով են խոսում ՀԷՑ-ի նախկին ղեկավարության առաջարկության մասին։
«Պարզվում է՝ ՀԷՑ-ի առաջարկած՝ սակագնի հաշվարկի վերանայումը, որի մասին ամպագոռգոռ հայտարարում էին «Մեր ձևով» շարժման առաջնորդները, ենթադրում էր հոսանքի սակագնի նվազեցում օգոստոսի 1-ից՝ ընդամենը 0.2 դրամով՝ 1 կՎտժ-ի համար: 20 լումայով !!! Այս թիվը վերցված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաղորդագրությունից և արված է մասնագիտական հաշվարկների վրա: Եթե տոկոսային նայենք, ապա սակագնի նվազումը բոլոր սպառողների հաշվարկով կկազմեր ընդամենը 0.5-0.6%: Որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ինչ «տիեզերական» օգուտ էր տալու այս փոփոխությունը մեր ժողովրդին, ասեմ, որ միջին հաշվով, յուրաքանչյուր ընտանիքի ամսական ծախսը կնվազեր …40-50 դրամով: Այո, չեք սխալվում՝ քառասունից հիսուն դրամով»,- գրել է ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Ի դեպ, Բաբկեն Թունյանը 2022թ. հայտարարում էր, թե դրամի արժևորումն ու փոխարժեքի կայունացումը նպաստավոր պայմաններ է ստեղծել գազի ու էլեկտրաէներգիայի սակագները վերանայելու համար, որովհետև փոխարժեքը կարևոր գործոն է սակագների հաշվարկներում։
Դրամի փոխարժեքը վաղուց կայունացել է հնարավորինս ցածր դիրքում, բայց ինչպես տեսնում ենք, մինչև հիմա էլ սակագները չեն նվազել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test