Ֆլամանդա-ֆրանսիացի թանկարժեք քարերի վաճառական Ժան Բատիստ Տավերնյեն շարունակում է հետաքրքրել ուսումնասիրողներին եւ պատմության սիրահարներին նույնիսկ այսօր՝ մահվանից մի քանի դար անց։ Տավերնյեն ապրել է 17-րդ դարում՝ 1905-1689 թթ։ Հայտնի վաճառականը նաեւ հայտնի էր որպես ճանապարհորդ, նա Եվրոպա էր մատակարարում թանկարժեք ու էկզոտիկ իրեր, ու նաեւ՝ իր ճամփորդությունների ընթացքում հավաքած տեղեկություններով ծանոթացնում այն երկրների ու շրջանների հետ, որոնցում եղել էր։ Արդեն այսօր՝ այդ տեղեկությունները պարունակող աշխատությունները կարեւոր սկզբնաղբյուր են նրա այցելած երկրների ու շրջանների մշակույթի, մարդկանց կենցաղի ու սովորույթների, այն ժամանակներում ծավալվող առեւտրի մասին։
Ծնվելով 1605 թվականին Փարիզում՝ Անտվերպենից այնտեղ տեղափոխված բողոքական վաճառականների ընտանիքում, Տավերնյեն տասնվեց տարեկանում արդեն հասցնում է լինել Ֆրանսիայի գրեթե բոլոր անկյուններում, ինչպես նաեւ՝ Ֆրանսիային հարեւան երկրներում։ Հասկանալի է՝ ճամփորդությունների հիմքում հոր առեւտրական գործերն էին։ Ծառայության է անցել Հունգարիայի կայսերական փոխարքայի մոտ, ստացել մարտական առաջին փորձառությունը՝ թուրքերի դեմ կռիվներում։ Հետո արդեն ծառայել է Գոնզագաների դինաստիայի ներկայացուցիչ Մանթուանի դքսի մոտ։ 1630 թվականին որոշում է անպայման ճամփորդել դեպի Արեւելք։ Նրա առաջին ճամփորդությունները դեպի Արեւելք սկսվել են երեք քարոզիչների ընկերակցությամբ։ Հասնում է մինչեւ Ստամբուլ, որտեղից մինչեւ Էրզրում է հասնում, ապա Բաքու եւ ուղեւորվում Սպահան։ Հետադարձի ճանապարհն արդեն Բաղդադով ու Հալեպով էր անցնում։ 1633 թվականին նա նորից Փարիզում էր։ Դրանից հետո նա եւս հինգ անգամ ճամփորդում է Արեւելքում՝ մինչեւ 1668 թվականը։
Այդ ճամփորդությունների արդյունքում նա կոփվում է, դառնում հայտնի վաճառական, ում բարեկամությունը խիստ ցանկալի են համարել ժամանակի արեւելքի տիրակալներն ու կառավարիչները։ Առեւտրի հիմնական ուղղությունը թանկարժեք քարերն էին։ Նա դրանք գնում էր արեւելցի իշխաններից ու տանում Եվրոպա։ Նրան է պատկանել հայտնի «անիծյալ երկնագույն ադամանդը», որի մասին մինչեւ այսօր շարունակվում են լեգենդներ պտտվել։ Իր վեց ճամփորդությունների արդյունքում նա մեծածավալ նյութեր է հավաքում, եւ հրատարակում իր հայտնի աշխատությունները։ 1675 թվականին՝ իր հովանավոր, Ֆրանսիայի այն ժամանակվա թագավոր Լուի 14-րդի հանձնարարությամբ սկսում է այդ նյութերի համակարգումն ու շարադրումը։Արդեն 1676 թվականին հրատարակում է «Ժան Բատիստ Տավերնյեի վեց ճամփորդությունները» խորագրով աշխատությունները։ 4 տասնամյակ տեւած ճամփորդությունների արդյունքում նա անցնում է 240 հազար կիլոմետր։ Նա խորապես տիրապետում էր իր այցելած երկրների եւ երկարամասերում ապրող մարդկանց սովորույթներին, կրոնին կենցաղին, կառավարման համակարգին, առեւտրին եւ բազմաթիվ այլ նրբությունների, ինչպիսիք են դրանցում շրջանառվող դրամական միավորները կամ դրանցում տիրապետող չափ ու կշռի միավորները։ Նրա գրառումները անգնահատելի աղբյուր են ազգագրագետների, պատմաբանների համար։
Տավերնյեն նաեւ եղել է Հայաստանում, այցելել այն ժամանակվա Երեւան, Ս․ Էջմիածնի վանք եւ թողել գրառումներ։ «Թոքատից մինչեւ Թավրիզ ընկած երկիրն ամբողջովին բնակեցված էր քրիստոնյաներով։ Ու քանի որ այդ ընդարձակ տարածքը ժամանակին հայտնի է եղել Հայաստանի նահանգ անունով, պատահական չէ, որ գյուղերում եւ քաղաքներում հայերին հիսուն անգամ ավելի հաճախ կարելի էր հանդիպել, քան մահմեդականների»։ «Երեւանից Թավրիզ սովորաբար անցնում են տասն օրում։ Նախիջեւանը երկուսից էլ գտնվում է հավասար հեռավորության վրա՝ գտնվելով նույն ճանապարհին։ Նախիջեւանը, համաձայն հայերի, աշխարհի ամենահին քաղաքն է, որը կառուցվել է մոտավորապես երեք լյո հեռավորության վրա այն լեռան վրայից, որտեղ կանգ էր առել Նոյան Տապանը»։ Հայաստանին նվիրված գլուխներում նա խոսում է Ս․ Հաղորդության խորհրդի, հայկական պսակադրությունների եւ հարսանիքների, հուղարկավորությունների եւ այլ սովորույթների ու կրոնական արարողությունների մասին։ Տավերնյեն մահանում է 1689 թվականին՝ Մոսկվայում։ Թե ինչու էր նա որոշել 84 տարեկանում նորից ճամփորդել, մնում է անհայտ։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test