Սկիզբը՝ այստեղ
2014թ․ խորհրդարանական ընտրություններին սոցիալիստ Իգոր Դոդոնը քարոզչությունն անցկացրեց ծայրահեղ ազատականության քննադատության, «Եվրոպան քանդում է ընտանիքը» կարգախոսի ներքո։ Ճիշտ է, եվրոպամետ ուժերը պահպանեցին իշխանությունը, սակայն տնտեսական ճգնաժամի եւ վարչապետ Վլադիմիր Ֆիլատի հետ առնչվող ֆինանսական սկանդալների պատճառով նրանց հեղինակությունը կտրուկ անկում ապրեց։ Ի հակակշիռ դրա՝ ամրացան ԵԱՏՄ կողմնակից եւ հակաարեւմտական Ի․ Դոդոնի դիրքերը, որը ներկայանում էր «ավանդական արժեքների պահապանի» դերում։
Ռուս ուղղափառ եկեղեցու ինքնակառավարվող մաս համարվող «Մոլդովա-քիշնեւյան մետրոպոլությունը» (ՄՔՄ) ընտրություններում բացահայտորեն աջակցեց սոցիալիստներին՝ «Ավանդական ընտանիք, մշակութային ինքնություն», «Արդյունաբերության եւ գյուղատնտեսության պահպանում», «Ո՛չ արեւմտյան բարքերի ներթափանցմանը» կարգախոսներով։ Հակառակ ճամբարում ռումինամետ եկեղեցականներն էին՝ ազգային ինքնության եւ ռումինական եկեղեցու հետ պատմական-մշակութային կապերի վերականգնումը երաշխավորող եվրաինտեգրման գաղափարներով։
Գլխավոր մրցակիցներն էին ռուսամետ Իգոր Դոդոնը եւ արեւմտամետ Մայա Սանդուն։ Դոդոնը՝ արտաքին քաղաքականության մեջ ռուսական կողմնորոշմանը եւ Մոսկվայի պատրիարքությանը ենթակա ՄՔՄ-ի հետ դաշինքի կողմնակից, Սանդուն՝ եվրաինտեգրման, պետական ինստիտուտները կոռուպցիայից մաքրելու, արժեհամակարգային ժողովրդավարության ջատագով։ Հաղթանակը Դոդոնին Եկեղեցու հետ կայուն հարաբերություններ կառուցելու հնարավորություն տվեց, որը շարունակվեց մինչեւ նախագահական լիազորությունների ավարտը։
Եկեղեցին չցանկացավ մնալ կողմնակի դիտորդի դերում, բացահայտ քարոզում էր Դոդոնի օգտին եւ, առհասարակ, ինքնադրսեւորվեց որպես քարոզչական պայքարի գլխավոր գործոն։ Եկեղեցական քարոզիչների հիմնական թիրախը Սանդուն էր, նրան մեղադրում էին ընտանիքի ավանդական գաղափարներն այլասերելու մեջ։ Եկեղեցու ներսում, սակայն, մի փոքր, բայց կարեւոր շրջանակ սկսեց քննարկել Եկեղեցու քաղաքականացման վտանգները։
2019թ․ խորհրդարանական ընտրություններում Մ․ Սանդուն եւ Ի․ Դոդոնը միասին հանդես եկան ընդդեմ ամենաազդեցիկ մեծահարուստ Վլադ Պլահոտնյուկի, որն այդ շրջանում բռի մեջ էր պահում կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը։ Սանդու-Դոդոն անսովոր եւ կարճատեւ դաշինքի հաղթանակը վերացրեց իշխանական համակարգում հաստատված մենաշնորհը, եւ պարտված Պլահոտնյուկը հեռացավ երկրից։
2020թ․ նախագահական ընտրություններում կրկին մրցակցում էին Դոդոնը եւ Սանդուն։ Սակայն այս անգամ քաղաքական, սոցիալական եւ բարոյական մթնոլորտն այլ էր․ Սանդուն արդեն ուներ պետական համակարգի վերաձեւման սեփական ծրագրային կուրսը, իսկ հասարակությունում աճել էր կոռուպցիայի դեմ պայքարի պահանջը։
2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններում մանդատների բացարձակ մեծամասնությունը բաժին հասավ մի քանի ամիս առաջ նախագահ ընտրված Սանդուի հիմնած «Գործողություն եւ համերաշխություն» եվրոպամետ կուսակցությանը (PAS)։ Նախորդ նախագահ Դոդոնի Սոցիալիստների կուսակցությունը կորցրեց վերջին տարիներին երկրի քաղաքական օրակարգում զբաղեցրած կենտրոնական դիրքը, քանի որ հասարակության մի ստվար մասը հոգնել էր իշխանության արագ փոփոխություններից, «հավերժական փոխզիջումներից» եւ, անտարակույս, կոռուպցիայից։
Ռուս ուղղափառ եկեղեցուն ենթակա ՄՔՄ-ն քարոզարշավի ընթացքում քննադատում էր Սանդուի ծրագրերը ընտանիքի, լեզվի, կրթության, մշակույթի հարցերում, կոշտ քննադատության էր ենթարկում նրան՝ որպես արեւմտյան հոռի ազդեցությունների կրողի։ ԲՄ-ն, ընդհակառակը, պաշտպանեց Սանդուի իշխանության քաղաքական ուղեգիծը՝ հանրային երկխոսության շեշտադրումով, մերժեց հայհոյանքի ու վիրավորանքի լեզուն, կոչ արեց լինել չափավոր։ Դրանով ԲՄ-ն թուլացրեց ուղղափառ դաշտի քաղաքականացման միտումները եւ նվաճեց իր հանդեպ հասարակական վստահություն։
2024 թ․ հերթական նախագահական ընտրությունները ընթացան հիրավի արժեհամակարգերի բախման միջավայրում։ Բայց կշեռքի նժարը թեքվել էր Սանդուի կողմը․ Մոլդովան արդեն ԵՄ անդամակցության բանակցություններ վարող երկիր էր, մայրաքաղաքը` երիտասարդացած, կրթված, աշխարհականացած` միջին խավն ընտրեց եվրոպական ընթացքի շարունակման ճանապարհը։ Անշուշտ, մարզերում դեռ ուժեղ է ավանդույթին ու սահմանված կարգին հավատարիմ «հող պահող մարդու» արժեքային գիծը, որտեղ Եկեղեցին շարունակում է լինել ինքնության հիմնասյունը, եւ ընտրություններում Եկեղեցին ոչ այնքան քարոզում էր, որքան հիշեցնում՝ «Որտեղ լեզուն է, այնտեղ էլ՝ ժողովրդի հիշողությունը»։ Սանդուի եվրաուղին բախվեց ՄՔՄ-ի հսկայական հակաքարոզչությանը։ Քաղաքական դաշտում բաժանարար գիծն անցնում էր ոչ թե կուսակցությունների միջեւ, այլ այնտեղ, թե «ո՞ր եկեղեցում ես մկրտվել»։ Սա ինքնության պատերազմ էր։
Մրցակցության առանցքը տեղափոխվեց ճշմարիտ ինքնության, եվրոպական արդիականացման եւ հոգեւոր անվտանգության միջեւ հավասարակշռության որոնումների դաշտ, ուստի Եկեղեցին փորձեց վերադառնալ հասարակության բարոյական մերանի դերին՝ քաղաքական հայտարարությունների փոխարեն կարդալով ավանդական ընտանիքի եւ սոցիալական այլ արժեքների պաշտպանության քարոզներ։
2025 թ. հերթական խորհրդարանական ընտրություններին երկիրը մոտեցավ բեւեռացված եւ հոգնած։ Սանդուի PAS-ն իշխանության ղեկին էր, իսկ սոցիալիստների ճամբարը փորձում էր ազգային պետության գաղափարով վերագտնել ընտրողների ձայները։ Քվեարկությունը վերածվեց երկընտրանքի՝ շարունակել եվրոպական ուղի՞ն, թե՞ վերածնել ավանդական օրակարգը։ Սանդուն հաղթեց նաեւ շնորհիվ եվրոպական ուղու հավասարակշռված ջատագովության, նախորդ շրջանի ռոմանտիկ շեշտադրումներից զերծ իրատեսական հռետորաբանության, մինչդեռ սոցիալիստները մնացին ընդդիմադիր հին հռետորաբանության թակարդում՝ չառաջարկելով կառուցողական որեւէ հստակ ծրագիր։
Վերջաբան
Մոլդովայի անկախության շրջանի պատմությունը պտտվում է նույն առանցքի շուրջ՝ ինքնության որոնում եւ պետականության վերաիմաստավորում։ Ընտրական պարբերաշրջաններին համընթաց փոփոխվող քաղաքական դաշինքները, Մոսկվայի եւ Եվրոպայի միջեւ խարխափումներն այնպես են փոխկապակցվել ներքին սոցալական ու հոգեբանական հորիզոններին, որ քաղաքական պայքարը մշտապես ուղեկցվում է արժեքային ընտրության հարցադրումներով՝ «Ո՞վ ենք մենք», «Ո՞ւմ հետ ենք մենք», «Ինչպիսի՞ն պետք է լինի մեր պետությունը»։
Այս ճանապարհին Մոլդովայի ուղղափառ եկեղեցին շարունակ փորձել է պահպանել միասնական մշակութային դաշտի, ավանդական ինքնության եւ հանրային դիմադրողականության բանալին։ Երբեմն նա եղել է ազդեցիկ դերակատար, երբեմն՝ զուսպ եւ երկմտող, սակայն միշտ մնացել է հասարակական զգայուն մթնոլորտի անբաժանելի մասը։ Եկեղեցու հեղինակությունը դեռ պահպանվում է հատկապես գյուղական վայրերում եւ ավագ սերնդի շրջանում, ներգործում նրանց քաղաքական նախընտրությունների վրա։
Մոլդովան այսօր կանգնած է նույն հարթության վրա՝ պետական ինքնության ամրապնդում, արդյունավետ կառավարում, պառակտման վերացում։ Բայց եւ ակնհայտ է, որ հասարակությունը հասունացել է, կուտակել բավականաչափ փորձառություն, եւ հուսով ենք, որ ապագա անխուսափելի ճգնաժամերին հանրային դիսկուրսը կլինի հասուն եւ արդյունավետ, ու մարդիկ կգտնեն ոչ միայն «Ո՞ւմ ընտրել»-ու, այլեւ «Ինչպե՞ս միասին ապրել»-ու պատասխանը։
Արա Սահակյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test