Աշխատանքային գրքույկը հերիք է․ ինչ փոփոխություն է արվել կենսաթոշակի նշանակման կարգում
sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. ՀՀ-ում կենսաթոշակների նշանակման ընթացակարգերը հեշտացվել են, և փոփոխություններն ազդելու են նաև Արցախից բռնի տեղահանված անձանց վրա։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը։
Նշենք, որ կառավարության
նոյեմբերի 6-ի որոշմամբ պարզեցվել են կենսաթոշակների նշանակման ընթացակարգերը, էականորեն արագանալու է կենսաթոշակների նշանակման գործընթացը, կրճատվելու է քաղաքացիների կողմից ներկայացվող փաստաթղթերի քանակը։
«Հայաստանի տարածքում աշխատած անձանց դեպքում խոսքը հիմնականում 1992-2004 թվականներին է վերաբերում։ Փորձել ենք հատկապես այդ ժամանակահատվածում ստաժ գրանցած անձանց համար կանոնները հեշտացնել։ Այդ տարիները, կարելի է ասել, մեր «աքիլլեսյան գարշապարն են»։ Այդ տարիների արխիվային փաստաթղթերի մեծ մասը չի պահպանվել, դրանց հետ կապված խնդիր կա՝ մարդիկ աշխատել են, բայց արխիվում դա չի երևում։ Մինչ այս, բացի աշխատանքային գրքույկից, նաև սոցիալական վճար կատարելու կամ աշխատավարձ ստանալու փաստաթղթերը պետք է ներկայացվեին, իսկ հիմա բավական է միայն աշխատանքային գրքույկը»,- նշեց Գալստյանը։
Ըստ նրա՝ ընթացակարգը փոխվել է նաև այն քաղաքացիների համար, որոնք կենսաթոշակի են անցել 1992-2004 թվականներին, բայց համապատասխան փաստաթղթեր հնարավոր չի եղել ներկայացնել։ Այժմ այդ անձինք կարող են դիմել, որպեսզի նրանց ստաժը վերանայվի ու վերահաշվարկ արվի։
Աշխատանքային գրքույկ չունենալու դեպքում էլ նախարարությունը որոշ հարցումներ է անելու տվյալ անձանց գործատուներին կամ իրավահաջորդ գործատուներին։
Անահիտ Գալստյանի խոսքով` այս ամենի արդյունքում զգալի կրճատվելու է արխիվին ուղղվող հարցումների քանակը, ինչը կպարզեցնի վարչարարությունը, կկրճատի ժամանակը։
Որոշվել է նաև քաղաքացիներին զերծ պահել քաշքշուկից, եթե, օրինակ, աշխատանքային գրքույկը պատշաճ լրացված չէ, անվան որևէ տառի վրիպում կա կամ դրված կնիքը լավ տեսանելի չէ։