Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Երևանի և Թբիլիսիի միջև խնդիրներն ակնհայտ են դարձել. Միքայելյանը երկու կետ մատնանշեց sputnik sputnik

time
Երևանի և Թբիլիսիի միջև խնդիրներն ակնհայտ են դարձել. Միքայելյանը երկու կետ մատնանշեց
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում միշտ եղել են բազմաթիվ խնդիրներ, որոնք հաճախ անտեսանելի են եղել գեղեցիկ հայտարարությունների քողի տակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Վստահ է՝ այժմ դրանք ավելի ակնհայտ կդառնան Վրաստանի վարած ազգային քաղաքականության ֆոնին:
Նրա կարծիքով՝ հաշվի առնելով վերջին ամիսներին ձեռք բերված պայմանավորվածությունները` մասնավորապես «Թրամփի ուղու» հետ կապված, Թբիլիսին մտահոգություն ունի։ Այն շրջանառությունը, որը հիմա իրականացվում է Վրաստանի տարածքով, կարող է արվել այդ նոր երթուղով՝ Հայաստանի տարածքով, և այստեղ իրենց երկիրը տնտեսական կորուստներ կունենա։ Միքայելյանը չի բացառում, որ ի նշան դժգոհության՝ Վրաստանը, օրինակ, կարող է իր տարածքային լծակն օգտագործել Հայաստանի դեմ, ինչպես այս տարի մի քանի անգամ տեսել ենք, երբ սահմանափակել է իր տարածքով այս կամ այն ապրանքի տեղափոխումը։
Նա հավելեց՝ տնտեսական մտահոգությունից բացի քաղաքական գործոն էլ կա։ Հիշեցրեց՝ Երևանում անցկացված «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովը հոկտեմբերի 31-ին հրապարակել է բանաձև, որում անդրադարձ է արվում Վրաստանում ստեղծված իրավիճակին և նշվում՝ Վրաստանում վերջին իրադարձությունները ցույց են տվել ժողովրդավարության անկումը։ Բանաձևին կողմ էին քվեարկել իշխող խմբակցության պատգամավորները։
«Հայաստանը քվեարկեց այնպես, ինչպես ուզում էր Եվրամիությունը, տվյալ դեպքում զուտ հակավրացական քայլ չկա, բայց պարզ է, որ դա Վրաստանի վրա բացասական ազդեցություն ունեցավ, որովհետև այդ բանաձևով Վրաստանի իշխանությունները ինքնակոչ են հայտարարվում»,- նշեց Միքայելյանը։
Քաղաքագետի կարծիքով, սակայն, այս ամենը դժվար թե խիստ բացասական ազդեցություն թողնի, քանի որ պաշտոնական Թբիլիսին հասկանում է, որ սա ավելի շուտ Բրյուսելից թելադրված որոշում է։
«Եթե կենացները մի կողմ դնենք, Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների միջև միշտ բազմաթիվ խնդիրներ եղել են, որոնք հիմա ուղղակի ավելի ու ավելի շատ են ի հայտ գալու, քանի որ Վրաստանում ազգայնական քաղաքականությունը ավելի ու ավելի է դառնում արտաքին քաղաքականության հիմնական սյունը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Թեհրանին՝ այստեղ մտահոգությունն այլ է՝ երրորդ երկրի ռազմական ներկայությունը։ Թեպետ Իրանի քաղաքական վերնախավում վերաբերմունքի հարցում որոշակի հակասություններ կան, բայց ըստ Միքայելյանի՝ ներկայում կարելի է ասել, որ հաղթել է այն գիծը, որ դեմ է միջանցքին։ Քաղաքագետը հավելեց՝ Հայաստանի կայացրած որոշումների վերաբերյալ որոշակի անորոշություն կա նաև այլ երկրների, այդ թվում՝ Հնդկաստանի մոտ։
ՀՀ տարածքով նոր երթուղի բացելու դեպքում Վրաստանը կարող է կորցնել բեռնափոխադրումների 20%-ը
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում Օրբելի վերլուծական կենտրոնի ամենամյա միջազգային համաժողովի շրջանակներում հայտարարել էր, որ Մոսկվան և Թեհրանը մտահոգություն չեն հայտնել TRIPP նախագծի շրջանակներում ամերիկյան ընկերության հնարավոր ներկայության վերաբերյալ:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test