PanARMENIAN.Net - ՀՕՖ ղեկավար Միրա Անտոնյանը, անդրադառնալով սպանված հայտնաբերված Տիգրանի քրոջ ու եղբայրներին, որոնց իրենց կենտրոն են տեղափոխել, ասել է, որ պետք է հասկանան՝ երեխաների շահերի տեսակետից ինչքանով նպաստավոր կլինի նրանց վերամիավորումը մոր հետ:
«Եթե պարզվի, որ մայրն իմացել է երեխաների հոր վարքի մասին ու լռել, սա շատ լուրջ հիմք է, որ երեխաներն այլևս չվերադառնան մոր մոտ»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Միրա Անտոնյանն ընդգծել է՝ եթե պարզվի, որ մայրն անընդունակ է եղել երեխաներին պաշտպանել, ապա ևս անհարկի կլինի նրանց վերադարձը մայրական խնամքի տակ։
«Եթե գործ ունենք մի մայրիկի հետ, որը ոչ միայն իր ամուսնուց չի կարողացել իր երեխաներին պաշտպանել, այլև անընդունակ է իր երեխաներին պաշտպանել այլ հարձակումներից, էլի նշանակում է՝ ճիշտ չէ, որ երեխաները վերադառնան: Իսկ եթե պարզվի, որ այս մայրիկը ինքն էլ է բռնության զոհ եղել, այսինքն՝ ամուսինը և՛ իրեն էր բռնության ենթարկում, և՛ երեխաներին, դա պատճառ չէ, որ երեխաները ընտանիքից զրկվեն»,-ասել է Անտոնյանը։
Նրա խոսքով՝ Տիգրանի մահը պետք է դառնա ազդանշան հասարակության համար, որ չհանդուրժենք հաջորդ «Տիգրանի» նկատմամբ բռնությունը.
«Մեր երկրում կա հնարավորություն՝ օգնելու, որ նման դեպքեր քիչ լինեն, երեխաները նորմալ միջավայրում մեծանան: Յուրաքանչյուր ընտանիք մեր հասարակության մեջ կարող է իր մասնակցությունը բերել: Եթե կան ընտանիքներ, որոնք պատրաստ են որևէ երեխայի խնամքը հանձն առնել, պետությունը այդ ընտանիքին պատրաստ է ամսական վճարել 135,000 դրամ: Այս պահին ունենք այդպիսի 140 ընտանիք, որոնք պահում են 192 երեխայի: Մեզ ավելին է պետք, ավելի շատ ընտանիքներ են պետք»,–ասել է նա։
Ծափաթաղ գյուղում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո՝ երբ ընտանիքի հայրը՝ Արմեն Օվանեսովը, ըստ նախնական տվյալների, դաժանաբար սպանել է իր երեքամյա որդուն՝ Տիգրանին, նրա մյուս չորս երեխաները ժամանակավորապես տեղափոխվել են խնամքի հաստատություն։
Վարդանուշ Օվանեսովան և նրա եղբայրները՝ Ավագ, Ավետ և Արամայիս Օվանեսովները, պատկան մարմինների միջամտությամբ, նոյեմբերի 4-ի երեկոյան իրենց մշտական բնակությունից տեղափոխվել են «Մադրիգյան» երեխաների պաշտպանության կենտրոն, որն ավելի վաղ գործել է որպես Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test