Վաղարշապատ խոշորացված համայնքում նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրությունների նախընտրական քարոզարշավի ամենաբուռն փուլն է այժմ: Ընտրություններին մնաց ուղիղ տասն օր, Վաղարշապատի ընտրությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ իշխանության հայտարարած պատերազմում, ըստ տարբեր գնահատականների, վճռորոշ են լինելու: Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ, որոնցից 6-ն ընդդիմադիր են, երկուսը` իշխանական: Մասնակիցներից մեկը «Հայրենիք» կուսակցությունն է, որի քաղաքապետի թեկնածուն բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն է: Քարոզարշավին ակտիվ մասնակցում է նաեւ «Հայրենիք» կուսակցության անդամ Տաթեւիկ Վիրաբյանը, որը պարբերաբար իր ֆեյսբուքյան էջում հրապարակումներ է անում Վաղարշապատում տեղի ունեցող ապօրինությունների մասին: «Հրապարակը» զրուցել է Տաթեւ Արցախի հետ:
- Երբ շրջում եք Վաղարշապատի փողոցներով, զրուցում եք տեղի բնակիչների հետ, ի՞նչ տրամադրությունների եք ականատես լինում: Կան տեսակետներ, որ ընդդիմությունը Վաղարշապատում այնքան էլ ակտիվ չէ, եւ իշխանությունը կարող է հաղթանակ արձանագրել, հատկապես, եթե ինչ-որ ծպտյալ իշխանականներ անցնեն ավագանի եւ միավորվեն ՔՊ-ի հետ:
- Իրականում, ընդդիմությունը բավականին ակտիվ է Վաղարշապատում, բավականին լուրջ քարոզարշավ է իրականացվում, լինում ենք տարբեր թաղամասերում, գրեթե բոլոր համայնքներում, որոնք ներառված են Վաղարշապատի տարածքի մեջ։ Եղել ենք, շփվել ենք բնակչության հետ, որոշ համայնքներում շատ ջերմ վերաբերմունքի ենք արժանացել, ջերմ ընդունելության են մարդիկ մեզ արժանացնում, դե, բնականաբար, դա կախված է մեր թեկնածուից` Խաչիկ Մանուկյանից․ նրան մարդիկ ճանաչում են, ճանաչում են նաեւ նրա բարի համբավը, կարդում են նրա ստեղծագործությունները։ Բայց ասեմ, որ ժողովրդի մեջ քիչ չեն նաեւ հիասթափվածները, անտարբերները, ովքեր մեզ հետ զրույցներում ասում են, որ անիմաստ են համարում ընտրություններին մասնակցելը: Շատերն ասում են, որ հոգնել են սպասելուց, որ ամեն անգամ գալիս են, խոստանում են, հույս են տալիս, սակայն ընտրվելուց հետո ոչինչ չեն անում: Մարդկանց մի զանգված մտածում է, որ բոլորը խաբում են իրենց, սակայն Խաչիկ Մանուկյանի հետ ունեցած զրույցներից հետո հայտնում են, որ գնալու են ընտրության, գիտակցում են, որ անտարբերությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի…. ասեմ, որ բոլորն էլ ակտիվ քարոզարշավ են անում, կան բազմաթիվ խախտումներ` իշխող թիմի ներկայացուցչի կողմից:
- Ի՞նչ խախտումների մասին է խոսքը:
- Օրինակ` պաստառներ են պոկում: Երբ մտնում եք Էջմիածին քաղաք, գովազդային վահանակների վրա բացառապես Մեխակյանի պաստառներն են, բայց պարզ է, որ բոլոր թեկնածուներն էլ ունեն հնարավորություններ եւ կարող էին իրենց պաստառները փակցնել, սակայն ընդդիմության համար տեղ չկա, շարքով Արգիշտի Մեխակյանի պաստառներն են: Տպավորություն է, թե նրանից բացի այլ թեկնածու չկա: Արգիշտի Մեխակյանին թվում է, թե պաստառները կշտանալիք են, բայց ես կասեմ հակառակը` վահանակով չեն կշտանում, ամոթ է, մի քիչ էլ ընդդիմադիր թեկնածուների համար տեղ թողեք: Թեպետ մարդիկ այդ վահանակներին ուշադրություն չեն էլ դարձնում, գրեթե բոլորն իրենց խաբված են զգում եւ չեն ուզում ՔՊ-ի անունն անգամ լսել: Հիասթափված մարդկանց աչքի առաջ որքան ուզում ես՝ վահանակ փակցրու, դրանից քո ձայները չեն ավելանալու: Ի դեպ ասեմ, որ մի ամբողջ համայնքում մեր բոլոր պաստառները պատռել են: Վստահ եմ, որ իրենք են կազմակերպել, որովհետեւ բոլորի պաստառները պոկել էին, թողել էին միայն Արգիշտի Մեխակյանի պաստառները: Ես կարծում եմ, որ Գյումրիում տեղի ունեցածը Վաղարշապատում է լինելու, ոչ մի վարչական ռեսուրս չի փրկելու նրանց: Վստահաբար կարող եմ ասել, որ, ըստ իմ շփումների, ՔՊ-ն Էջմիածնում որեւէ շանս չունի:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test