Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Սուտ 18. «Մենք վերահսկում էինք համավարակը» aravot.am aravot.am

time
Սուտ 18. «Մենք վերահսկում էինք համավարակը»

Սկիզբը՝ այստեղ:

«Կորոնավիրուսն ո՞ւմ շուննա, մենք չենք վախենում դրանից, պինցետով կհանենք՝ տնական արաղով դեզինֆեկցիա կանենք»։ Հիշում եք, չէ,՞ այս արտահայտությունը, իսկ հիշո՞ւմ եք, որ այս բարձրակոչ արտահայտությունից ընդամենը ամիսներ անց պաշտոնապես հայտարարվեց, որ ՀՀ-ում Քովիդ 19-ի պատճառով մահացել է ավելի քան 8000 մարդ։

Համավարակի առաջին օրերին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ո՛չ թե աշխատանքներ էին կատարում վիրուսից խուսափելու համար, այլ լծված էին իրենց քարոզարշավի գործերին։ Ու հենց այդ անտարբերությունն էլ մեր երկրին կանգնեցրեց նոր աղետի առջեւ։

2020 թվականը շրջադարձային էր ամբողջ աշխարհի համար։ Համավարակը եկավ ոչ թե որպես սովորական ճգնաժամ, այլ որպես մարդկային հարաբերությունների, պետական կառավարման եւ հասարակական վստահության փորձություն։ Հայաստանում այդ ժամանակաշրջանը դարձավ նաեւ բացահայտման պահ. պարզ դարձավ, թե որքան պատրաստ էինք մենք՝ ոչ միայն բժշկական, այլեւ հոգեբանական իմաստով։

Պաշտոնական հայտարարությունները վստահեցնում էին, թե իրավիճակը վերահսկելի է։ Ասվում էր՝ «ամեն ինչ արվում է», «համակարգը գործում է», «անհանգստանալու կարիք չկա»։ Բայց փողոցներում մարդիկ տեսնում էին այլ պատկեր. հիվանդանոցներում տեղ չկար, դեղերը պակասում էին, իսկ բժիշկներն աշխատում էին հաճախ պարզապես ուռճացված ծանրաբեռնվածությամբ։ Մինչ այդ պետական կառույցները շարունակում էին խոսել «արդյունավետ կառավարման» մասին՝ անտեսելով իրականությունը։

Համավարակը ցույց տվեց ոչ միայն առողջապահական համակարգի խոցելիությունը, այլեւ պետական մտածողության բացը։ Փոխանակ միավորելու հասարակությանը, մարդիկ բաժանվեցին՝ «հավատացողների» եւ «չհավատացողների»։ Քաղաքական իշխանությունը չկարողացավ ձեւավորել վստահելի հաղորդակցություն։ Երբ ղեկավարները հակասական հայտարարություններ էին անում՝ մի օր ասում էին, թե «դիմակն անհրաժեշտ չէ», հաջորդ օրը պարտադիր էին դարձնում այն՝ առանց բացատրության, հանրային վստահությունը փլուզվեց։ Դիմակների հարցը մեկ այլ խնդիր դարձավ։ Սկզբում դիմակների դեֆիցիտ սկսվեց, հետո ասացին, որ անհրաժեշտություն չկա դիմակներ կրելու, ապա դիմակ չկրելու համար սկսեցին տուգանել քաղաքացիներին։ Այս շրջանում դիմակների գինը մեկ հատի համար հասավ մինչեւ 1000 դրամ։ Մարդիկ ստիպված ինքնաշեն դիմակներ էին կարում, որպեսզի կարողանան խուսափել համաճարակից։ Նույնիսկ նույն ընտանիքի անդամները գտնվելով նույն մեքենայի մեջ, պարտավոր էին դիմակ կրել։

Համավարակի օրերին պետությունը նախապատվությունը տալիս էր մասնավոր հիվանդանոցներից մեկին՝ «Medline»-ին։ Հաճախ այս հիվանդանոցին տրամադրվում էր ոչ միայն հասանելիք օգնությունը, այլ չափից ավելի շատ օգնություն, ինչի արդյունքում մյուս հիվանդանոցները պարզապես կանգնում էին սարքավորումների ճգնաժամի առաջ։ Գրեթե բոլոր հիվանդանոցներում կար թթվածնային սարքի գերխնդիր։

Մարդիկ կորցրին աշխատանքը, ընտանիքները կանգնեցին տնտեսական ճգնաժամի առաջ, իսկ օգնության ծրագրերը հաճախ մնացին թղթի վրա։ Դրան զուգահեռ, համավարակը եւս մեկ առիթ դարձավ, որ պարզապես մի քանի անհատներ կարողանան նոր հարստություն դիզել։

Շատերը չէին հասկանում՝ ում հավատալ։ Պաշտոնական թվերն ու իրական մահվան դեպքերը հաճախ չէին համընկնում, իսկ տեղեկատվությունը դառնում էր քաղաքական պայքարի գործիք։ Քովիդի տարիներին քաղաքացին առաջին անգամ զգաց, որ իր առողջությունը ոչ թե պետության առաջնահերթություն է, այլ վիճակագրական տվյալ։

Ամենացավալին այն էր, որ համավարակի ընթացքում անգամ ազգային ողբերգությունը դարձավ ներքին քաղաքական գործիք։ Թվերը ներկայացվում էին այնպես, որ մեղքը տեղափոխվի մարդկանց վրա՝ «ժողովուրդն է մեղավոր, որ չի պահպանում կանոնները»։ Բայց երբ պետությունը չի կարողանում օրինակ ծառայել, երբ վստահություն չկա կառավարման նկատմամբ, քաղաքացին չի կարող հավատալ։

Համավարակից հետո շատ բան փոխվեց. մարդիկ սկսեցին հասկանալ, որ առողջապահությունը միայն հիվանդանոցները չեն, այն վստահության համակարգ է։ Երբ այդ վստահությունը կոտրվում է, նույնիսկ ամենաարդյունավետ բուժական միջոցները չեն գործում։ Համավարակը մերկացրեց պետության խոցելի կողմերը՝ համակարգային անպատրաստությունը, կազմակերպչական անջատվածությունը եւ տեղեկատվական անկեղծության պակասը։

Այն, ինչ պետք է դառնար համազգային միասնության փորձություն, վերածվեց դժգոհության եւ անվստահության շրջանի։ Իսկ երբ պետությունը կորցնում է վստահությունը, ոչ մի թվային «վերահսկում» չի կարող փրկել իրականությունը։

Այսօր, հետ նայելով, պարզ է դառնում մի բան՝ համավարակը բացեց այն վերքերը, որոնք վաղուց էին առկա, պարզապես քողարկված էին «վերահսկման» խոսքերով։ Իսկ վստահությունը, երբ մի անգամ կոտրվում է, շատ ավելի դժվար է վերականգնել, քան ցանկացած առողջապահական համակարգ։

Շարունակելի

Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՀՀԿ խորհրդի անդամ

«Առավոտ» օրաթերթ 07.11.2025

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test