Tebgrinews-ը, վկայակոչելով Ղազախստանի նախագահի աշխատակազմի պաշտոնական հաղորդագրությունը, հայտնում է, որ Կասիմ Ժոմարթ Տոկաևը Վաշինգտոն է ժամանել նոյեմբերի լույս 6-ի գիշերը: Սպիտակ տանն, ինչպես հայտնի է, գումարվում է ԱՄՆ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողով: Ղազախստանի նախագահի աշխատակազմը միաժամանակ հայտնել է, որ նախատեսված է Թրամփ-Տոկաև առանձին հանդիպում: Այս տեղեկությունը չափազանց ուշագրավ է այն ֆոնին, որ ավելի վաղ Վաշինգտոն ժամանած Ուզբեկստանի նախագահ Միրզիևեի համար ամերիկյան կողմը հանդիպումներ է ծրագրեր մեկ սենատորի և Ներկայացուցիչների պալատի մի քանի անդամի մակարդակով, նրան չի ընդունել անգամ պետքարտուղար Ռուբիոն:
Թրամփ- Տոկաև առանձին հանդիպումն, անկասկած, խորհրդանշում է, որ Սպիտակ տունը Կենտրոնական Ասիայի «համակարգաստեղծ պետություն» ճանաչում է Ղազախստանը: Մոտ մեկ շաբաթ առաջ Աստանա են այցելել Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերջիո Գորը և փոխպետքարտուղար Քրիստոֆեր Լանդաուն: Պետքարտուղար Ռուբիոյի գնահատմամբ, նրանք Ղազախստանում «հոյակապ բանակցություններ են վարել»: Ռուբիոն անոնսավորել է, որ եկող տարի ինքը կայցելի Աստանա:
Մեկնաբանները Ղազախստանի և նրա նախագահի հանդեպ Սպիտակ տան առանձնահատուկ մոտեցումը բացատրում են երկու հանգամանքով: Նախ, ամերիկյան նավթային ընկերությունները շուրջ երկու տասնամյակ է, ինչ Ղազախստանում են, ԱՄՆ-ը կարևորում է այդ երկրի հանքային, մասնավորապես՝ ուրանի և հազվագյուտ մետաղների պաշարները, ինչպես նաև այն, որ Տոկաևին կարճ ժամանակամիջոցում հաջողվել է քաղաքական բարեփոխումներ իրականացնել:
Ղազախստանը շուրջ երեք տասնամյակ կառավարել է Նուրսուլթան Նազարբաևը: Ու թեև նա տնտեսական համագործակցության առումով Միացյալ Նահանգների դերը չի անտեսել, քաղաքական-քաղաքակրթական առումով մնացել է Ռուսաստանի ազդեցության ծիրում և, ի դեպ, շարունակում է մնալ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատում:
Թրամփ-Տոկաև առանձին հանդիպումը ղազախա-ամերիկյան հարաբերություններում նախադեպ չունի: Միացյալ Նահանգների նախագահն, ինչ խոսք, քաղաքական դիտորդների կողմից առաջին հերթին ընկալվում է որպես «գործարքի վարպետ»: Այդուհանդերձ, Կենտրոնական Ասիայում ընդգծելով Ղազախստանի առաջնայնությունը, Դոնալդ Թրամփը, կարծես, նախապատվությունը տալիս է ոչ միայն այդ երկրի հանքային հարստություններին և կոմունիկացիոն հնարավորություններին, այլև բարեփոխումներին, որ Տոկաևը հետևողականորեն իրականացնում է:
Այս հանգամանքը կարևոր է նաև նրանով, որ «թուրքական աշխարհի երկրորդության» հարցում Միացյալ Նահանգները Ղազախստանը և նրա նախագահին գերադասում է Ադրբեջանից և Իլհամ Ալիևից: Ըստ երևույթին, դրանում դեր ունի նաև այն, որ ի տարբերություն Ղազախստանի, Ադրբեջանը շարունակում է մնալ փակ և ավտորիտար երկիր, որտեղ ընտրություններ փաստացի չեն անցկացվում, քաղաքական համակարգը ոչնչացված է: Ի՞նչ արդյունք է տալու Թրամփ-Տոկաև առանձին հանդիպումը, պարզ կլինի առաջիկայում: Հայաստանի համար կարևոր է, որ Թրամփն Իլհամ Ալիևին տարածաշրջանային «առաջնորդ» չճանաչեց:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test