Այս տարվա սեպտեմբերին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 3 մանկապարտեզ չվերաբացվեց։ Դրանք արդեն մի քանի տարի է փակ են վերանորոգման պատրվակով։ Սակայն, վերանորոգվում է միայն մեկը՝ թիվ 41 մանկապարտեզը։ Դրա հետևանքով Աջափնյակում և հարակից վարչական շրջաններում ծանրաբեռվել են մյուս մանկապարտեզները։
Երևանի N 41 մանկապարտեզը Լենինգրադյան 38ա հասցեում է գտնվում։ Այս մանկապարտեզում երեխաների առցանց գրանցումը բաց է, արդեն կան հերթագրված երեխաներ։ Սակայն, հերթագրող ծնողները տարակուսանքի մեջ են և ուզում են տեղափոխել երեխաներին, որոշներն արդեն տեղափոխել են։
«Մեր տարածքին հարմար միակ մանկապարտեզն է, որտեղ գրանցել եմ երեխայիս։ Երկու անգամ զանգահարել եմ, որ ճշտեմ, թե արդյոք գործելու է այս տարի, անորոշ պատասխաններ են տվել։ Նախ՝ ասացին, հայտնի չէ, հետո միացրին շինբարեկարգման բաժնի հետ, որտեղից էլ ասացին, որ ինչ-որ տեխնիկական խնդիրներ կան, և չեն կարող ասել, թե երբ կվերաբացվի»,- պատմում է Արևը։
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 41 մանկապարտեզը 2023 թվականից վերանորոգվում է, սակայն առայժմ չի վերաբացվել։ Համաձայն մանկապարտեզների կառավարման համակարգի տեղեկատվության՝ այն պետք է վերանորոգվեր 2023-թ․ հունիսից և ավարտվել 2024թ․ դեկտեմբերին։ Բոլորովին վերջերս այս տեղեկատվությունը թարմացվել է, և վերանորոգման սկիզբը նշվել է 2023թ․ ապրիլից, իսկ ավարտը նախատեսված է 2025թ․ նոյեմբերին։
«Հետքը» այդ մանկապարտեզում երեխաներ գրանցած ծնողներից ահազանգ է ստացել, որ տևական ժամանակ է՝ այն չի վերաբացվում, և քաղաքապետարանի թեժ գիծն էլ հստակ պատասխան չէր տալիս, թե երբ է այն կրկին գործելու։
«Ես իմ երեխային գրանցեցի 41-ում, հետո զանգեցի քաղաքապետարան՝ ճշտելու, թե կոնկրետ երբ կբացվի, որովհետև մանկապարտեզը փակ էր և ոչ մի վերանորոգման աշխատանք չէր իրականացվում, և խոսակցություններ կային, որ այն խնդիրներ ունի։ Քաղաքապետարանից ոչ մի կոնկրետ ժամկետ չէին ասում, միայն ասում էին, որ ինչ-որ տեխնիկական խնդիրներ կան, դրանք պետք է լուծվեն նոր։ Որոշեցի հանել և գրանցել մեր տարածքին համեմատաբար մոտ մեկ այլ՝ 40 մանկապարտեզում, բայց նա էլ, պարզվեց, փակվել էր նորոգման համար արդեն 2022-ից։ Հետո փորձեցի 42-ում գրանցել, դա էլ է նորոգման համար փակ։ Զավեշտալի իրավիճակում էի, որովհետև նույն համայնքում մեզ հարմար երեք մանկապարտեզ անորոշ վիճակում կանգնած են և ոչ մեկի դա կարծես չի հուզում»,- շարունակում է Նատալին։
Վերջինս ստիպված այլ վարչական շրջանի մանկապարտեզում է վերագրանցել երեխային և տրանսպորտով ամեն օր մանկապարտեզ և տուն է տեղափոխում։
Երևանի քաղաքապետարանի թեժ գծից մենք էլ փորձեցինք ճշտել, թե ինչ խնդիրներ ունի այս մանկապարտեզը և երբ է այն վերաբացվելու։ Այնտեղից հայտնեցին, որ մանկապարտեզում այս պահին աշխատանքներ են ընթանում, աշխատանքները կընթանան մինչ տարվա վերջ։
Մանկապարտեզի շինարարությունն իրականացնում է «Էլդոգար» ՍՊԸ-ն, որի միանձնյա բաժնետերը Էդգար Էլյազյանն է։ Ընկերությունը գործում է 2005 թվականից և բազմիցս քաղաքապետարանի գնումներին մասնակցել և իրականացրել է տարբեր շինաշխատանքներ։
Երևանի քաղաքապետարանը 2023թ․ մարտին «Էլդոգար» ՍՊԸ-ի հետ կնքել է 452 մլն դրամի պետգնման պայմանագիր, որի շրջանակներում ընկերությունը պարտավորվել է հիմնանորոգել և բակի բարեկարգման աշխատանքներ իրականացնել Աջափնյակի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 41 մանկապարտեզում։ Մանկապարտեզի հարևանությամբ ապրող բնակիչները պատմեցին, որ այն փակ էր ավելի քան 1 տարի, և բակում որևէ բարեկարգում չէր իրականացվում։
Մեր այցելության ժամանակ բակային աշխատանքներ էին իրականացվում, նաև դեռևս պետք է դահլիճի նորոգումն իրականացվեր։ Աշխղեկը նոր էր, ասաց, որ նախորդ գործողություններին կամ խնդիրներին տեղյակ չէ, սակայն մանկապարտեզը 1,5 տարի է՝ փակ է եղել, այս տարի վերսկսվել են բարեկարգման աշխատանքները։
Շինարարական աշխատանքների հսկողությունն իրականացրել է «Վահրամ Կնյազյան» ԱՁ-ն։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021թ․ հրամանից տեղեկանում ենք, որ քաղաքաշինության բնագավառում տեխնիկական որակի հսկողություն իրականացնող այս ԱՁ-ի լիազորված անձինք և պատասխանատու ներկայացուցիչներ են եղել Սերգեյ Էդգարի Էլյազյանն ու Ալիսա Կոլյայի Էլյազյանը։ Սերգեյ Էլյազյանը «Էլդոգար» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Էդգար Էլյազյանի որդին է, իսկ Ալիսա Էլյազյանը՝ վերջինիս կինը։
Վահրամ Կնյազյանը մեր հարցերին չափազանց բորբոքված էր պատասխանում։ Ավելին, շինարարին վերաբերող հարցերին ևս ինքն էր պատասխանում, չնայած ինքը միայն վերահսկող է։ Այդուհանդերձ, տեղեկացրեց, որ բակի բարեկարգման աշխատանքներն են իրականացվում, նաև մնացել է սպորտդահլիճի բարեկարգումը։
Ինչ վերաբերում է շինարար-վերահսկող փոխկապակվածությանն ու շահերի բախմանը, ապա Վահրամ Կնյազյանը նշեց, որ Սերգեյ և Ալիսա Էլզազյաններն այս նախագծի վերահսկողություն չեն իրականացնում, և այստեղ ոչ մի փոխկապակցվածություն կամ շահերի բախում չի կարող լինել։ Նրանք եղել են 2021 թվականին, իսկ այժմ տեխնիկական վերահսկողություն իրականացնող այլ փորձագետներ են ներգրավված։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին հարցմամբ խնդրել էինք հայտնել, թե ի՞նչ խնդիրներ են ծագել թիվ 41 մանկապարտեզի վերանորոգման ժամանակ, քանզի դրա նորոգումը տևական ժամանակ դադարեցված էր և պետգնման պայմանագրով սահմանված ժամկետն այլ էր:
«Առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով շինարարական աշխատանքները պայմանագրով սահմանված ժամկետում (17.07.2025թ.) չեն ավարտվել, սակայն ձեռնարկվել են համապատասխան միջոցներ խնդիրների կարգավորման նպատակով: Ներկայում մանկապարտեզի շինարարական աշխատանքներն ընթանում են մեծ թափով և նախատեսվում է ավարտել սույն թվականի վերջին»,- հայտնել է քաղաքապետարանի լրատվական վարչությունը՝ նորից չհստակեցնելով, թե ինչ խնդիրների հետևանքով են նման ձգձգումներ եղել։
Աջափնյակ վարչական շրջանում գտնվող, Հալաբյան 33 հասցեում գտնվող թիվ 40 մանկապարտեզն ավելի քան 2 տարի փակ է, սակայն վերանորոգման աշխատանքներ մինչ օրս չեն իրականացվում։ Հարևանությամբ ապրող բնակիչները պատմեցին, որ մինչ օրս ոչ մի քար տեղից չի շարժվել։ Մինչդեռ եթե վստահենք մանկապարտեզների կառավարման համակարգին, ապա այստեղ նորոգման աշխատանքներ սկսվել են դեռևս 2023թ․ սեպտեմբերից, իսկ վերաբացումը նախատեսվում է 2029թ․ դեկտեմբերին։
Համաձայն մանկապարտեզների կառավարման համակարգի՝ Հալաբյան 55 հասցեում գտնվող թիվ 42 մանկապարտեզի նորոգումը սկսվել է դեռևս 2024թ․-ին ապրիլից, իսկ վերաբացումը նախատեսված է 2029թ․-ին։
Երևանի քաղաքապետարանին ամիսներ առաջ հարցում էինք ուղարկել նորոգման ենթակա մանկապարտեզների մասին, քաղաքապետարնաը, սակայն, մեզ հորդորել էր առաջնորդվել գնումների պայմանագրերով և չէր պատասխանել մյուս հարցադրումներին։ Գնումների կայքում թիվ 40 և թիվ 42 մանկապարտեզների մասին տեղեկատվություն չկար։
Եվս մեկ անգամ հարցմամբ դիմել ենք Երևանի քաղաքապետին՝ հայտնելով, որ գնումների կայքում բացակայում է երկու մանկապարտեզի մրցույթների վերաբերյալ տեղեկատվությունը։ Տիգրան Ավինյանին հարցրել էինք, թե ինչո՞ւ չեն մեկնարկել վերանորոգման աշխատանքներ նշված երկու մանկապարտեզում (N 40 և 42 փակ են 2023 թվականից, և դեռևս նորոգման աշխատանքներ չեն սկսվել)։
Երևանի քաղաքապետրանի լրատվության վարչությունը հայտնել է, որ թիվ 40 մանկապարտեզի վերակառուցումը նախապես ընդգրկված էր Երևանի էներգաարդյունավետության ծրագրի II փուլի (YEE II) աշխատանքներում։ Այս ծրագիրն իրականացնում է Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ը՝ ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի, Եվրոպական ներդրումային բանկի և Հարևանության ներդրումային պլատֆորմի ֆինանսավորմամբ։
Սեյսմիկ ուսումնասիրության եզրակացությամբ մանկապարտեզի շենքը ենթակա է քանդման։ Քանի որ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի II փուլով կարող են իրականացվել միայն վերակառուցման աշխատանքներ, թիվ 40 մանկապարտեզը դուրս է մնացել ծրագրում ընդգրկված մանկապարտեզների ցանկից։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության աշխատանքային ծրագրով 2025թ․ կազմակերպվել է թիվ 40 մանկապարտեզի հին մասնաշենքի քանդման և նոր մսուր-մանկապարտեզի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների գնման գործընթաց: Նախագծի ձեռքբերման մրցույթը երկու անգամ չի կայացել: Հաջորդ մրցույթը նախատեսվում է հայտարարել մինչև այս տարվա վերջ:
Թիվ 42 մանկապարտեզի վերակառուցման նպատակով կատարվել են սեյսմիկ և էներգետիկ ուսումնասիրություններ, որոնց հիման վրա մշակվել է տեխնիկական առաջադրանք։ Մանկապարտեզի վերակառուցման նախագծի ձեռքբերման մրցույթը կհայտարարվի ս/թ․ հոկտեմբերին (հոկետմեբերն արդեն անցել է, քաղաքապետարանը մեր հարցման պատասխանն ուղարկել է նոյեմբերի 3-ին, հեղ․)։ Մրցույթի հաջող ընթացքի դեպքում և նախագծի անհրաժեշտ փորձաքննությունների դրական եզրակացությունից հետո, շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2027թ․ մայիսին։
Տեղեկացնենք, որ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի II փուլի բոլոր մանկապարտեզների վերակառուցման աշխատանքները ներառում են․
Թիվ 42 մանկապարտեզի վերակառուցման շինարարական աշխատանքների մրցույթ դեռևս հայտարարված չէ, քանի որ այս պահին մեկնարկում է մանկապարտեզի վերակառուցման նախագծի ձեռքբերման մրցութային փուլը։
Հրապարակմանն աջակցել է Սյունե Կիրակոսյանը
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test