Օրերս ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը «Շողակաթ» հեռուստաընկերությանը հանրային հեռարձակողի լիցենզիայից զրկելու վերաբերյալ քննարկման ժամանակ ասել էր՝ ինչո՞ւ պետք է Հայ Առաքելական եկեղեցին առանձին հեռուստաալիք ունենա, իսկ մյուս կրոնական կազմակերպությունները՝ ոչ, ինչը հանրության կողմից միանշանակ չի ընդունվել:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանից: Հարցրինք՝ արդյոք ՔՊ-ական պատգամավորի դիտարկումը տեղին է, երբ Հայ Առաքելական եկեղեցու հատուկ կարգավիճակը ամրագրված է ՀՀ Սահմանադրության մեջ:
«Ձեր հարցն ինձ ստիպում է Քաղաքացիական պայմանագիրը ներկայացնող որոշ պատգամավորների համար օրենսդրական լիկբեզ ապահովել։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոչ թե սովորական կրոնական կազմակերպություն է, այլ՝ ազգային եկեղեցի։ Եվ նրա բացառիկությունն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածում, որտեղ մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»:
Պետության և եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են նաեւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, որի մի շարք հոդվածներում եւս տարանջատված են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ որպես ազգային եկեղեցի եւ առհասարակ կրոնական կազմակերպությունները ։
Վերոհիշյալ օրենքով եւս «․․․ հայ ժողովրդի հոգեւոր կյանքում եկեղեցու դարավոր հոգեւոր փորձն ու ավանդույթները, Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին ճանաչվում է որպես հայ ժողովրդի ազգային եկեղեցի, նրա հոգեւոր կյանքի շինության ու ազգապահպանման կարևոր պատվար․․․․»։
Սույն օրենքի հոդված 17-ում ի թիվս մի շարք հաստատումների, նաեւ ամրագրված են՝ եկեղեցու եւ պետության տարանջատումը, ազգային եկեղեցու մենաշնորհությունը, նրա կողմից իրականացվող մի շարք առաքելությունների իրագործման խոչընդոտման արգելքը։ Օրենքով միայն Հայ Առաքելական եկեղեցուն է վերապահված պետական կրթական հաստատություններում հայ ժողովրդի հոգևոր կրթությանն ու նրա բարոյական կատարելագործմանը նպաստող ծրագրերի իրականացումը։
Ի դեպ, օրենքով «Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին որպես ազգային եկեղեցի, որը գործում է նաև հանրապետության տարածքից դուրս, ենթակա է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը` միջազգային իրավական նորմերի սահմաններում»,-նշեց պատգամավորը:
Լիլիթ Գալստյանն ընդգծում է. « Հայ Առաքելական եկեղեցին դասելով այլ կրոնական կազմակերպությունների շարքին՝ դիտավորությամբ, տգիտությամբ կամ գիտակցաբար ու դավադրաբար, նվաստացնում են Հայ առաքելական եկեղեցու դարավոր դերակատարությունն ու հայ ժողովրդի պատմության 1700 տարիների ընթացքում նրա ունեցած բացառիկ դերակատարությունը։ Իշխանական պատգամավորների այս խոսույթը տեղավորվում է Հայ Առաքելական եկեղեցին թիրախավորելու վրեժխնդիր ձեռագրի մեջ, մեզ հայտի 1937 թվի հանգույն․․․Այսպիսի հալածանքներ մեր եկեղեցու պատմական ընթացքում թողել էին թուրք քոչվորները, մոնղոլ-թաթարներն ու բոլշեւիկները ․․․»:
Պատգամավորի ձեւակերպմամբ, Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավն ավելին է, քան Հայ եկեղեցու նկատմամբ ասպատակությունը. «Սա ուղիղ հարված է մեր ժողովրդին, նրա ամենահզոր ազգային ինստիտուտին եւ պարզապես մեր ինքնությանը, միասնականությանը։ Սա թշնամու ձեռագիր է ու թշնամական պատվեր՝ ավելի թուլացնել պատերազմի վերքերը չսպիացրած հայ հասարակությանը։ Իսկ ինչ վերաբերվում է «Շողակաթին», այն այս շղթայի թույլ օղակներից մեկն է։ Ավելի քան ակնհայտ է, որ հանրային հեռարձակողների թիվը՝ այն էլ կոնկրետ կրթամշակութային ուղղության ալիքի փակման թիրախում «Շողակաթն» է եղել։ Նախագծի հեղինակ Թագուհի Ղազարյանն անթաքույց հանրային եթերից հայտարարել է, որ այդ նախագիծն ուղղված է հենց «Շողակաթի» փակմանը։ Այս տեսակետը կիսում է ողջ ՔՊ-ն, սա քաղաքական- արժեհամակարգային որոշում է, ավելի շուտ՝ դատավճիռ ընդդեմ եկեղեցու:
Ընդ որում, «Շողակաթն» ու եկեղեցին Քաղաքացիական պայմանագրի թիրախում էին վաղուց․ տարբեր ՔՊ-ականներ այն փակելու կամ նսեմացնելու կոչեր պարբերաբար հնչեցրել են։ Նրանք այնքան կուրացած են հակաեկեղեցական պայքարով, որ առհասարակ փակեցին հանրային ծածկույթ ունեցող կրթամշակութային ալիքը։ Սա աղետ է, որը պատմական, քաղաքագիտական գնահատական ունի՝ բոլշեւիզմ։ Հավանաբար սրանց պատկերացրած իրական Հայաստանում «հորս արեւ քեֆ ենք անումն» է հոգևոր-մշակութային հավատամքը»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test