ԱՄՆ-ը պատրաստվում է Դամասկոսի ավիահենակայանում զորակազմ տեղաբաշխել, որպեսզի աջակցի Սիրիայի և Իսրայելի միջև անվտանգության համաձայնագրի ստորագրմանը: Այս տեղեկությունը Reuters-ին հայտնի է դարձել ամերիկյան և սիրական վեց աղբյուրներից,-գրում է ռուսաստանյան «Կոմերսանտի» մերձավորարևելյան թղթակիցը: Ըստ այդմ, ամերիկյան զորակազմը «պետք է ապագայում վերահսկի այդ համաձայնագրի կատարման ընթացքը»: Սիրիայի և Իսրայելի միջև անվտանգային համաձայնագրի շուրջ բանակցություններ ավելի վաղ ընթացել են Բաքվում և Եվրոպայում: Ներկայումս որպես միջնորդ հանդես է գալիս Միացյալ Նահանգները:
Reuters-ի տեղեկություններով, վերջին երկու ամիսներին Պենտագոնն արագացրել է Սիրիայում զորակազմ տեղավաշխելու նախապատրաստական աշխատանքները: Մասնավորապես, ամերիկացի ռազմական մասնագետները մի քանի հետախուզական առաքելություն են իրականացրել և համոզվել, որ Դամասկոսի ռազմա-օդային հենակայանի թռիչքուղին «անհապաղ օգտագործման համար լիովին պիտանի է»:
Սիրիական երկու աղբյուր հայտնել է, որ Սիրիայի հարավային շրջաններ ելքի մոտ գտնվող ռազմաօդային հենակայանը պետք է օգտագործվի «լոգիստիկայի, դիտարկման, վերալիցքավորման և մարդասիրական առաքելության նպատակներով»: Ընդ որում, «Սիրիական այդ հենակայանի նկատմամբ կպահպանի կատարյալ ինքնիշխանությունը»: Պետքարտուղարության մի պաշտոնյա ասել է, որ Վաշինգտոնը «սիրիացիների նկատմամբ ճնշում է գործադրում, որպեսզի մինչև տարեվերջ Իսրայելի հետ անվտանգության համաձայնագիրն ստորագրվի»:
Սիրիայի հյուսիս-արևելքում ամերիկյան սահմանափակ զորախումբ տեղաբաշխված է վաղուց: Ֆորմալ առումով դա արվել է ԻԼԻՊ-ի դեմ պայքարի նպատակով, փաստացի ամերիկյան զինվորականները եղել և շարունակում են մնալ տեղաշրջանի քրդական «ինքնավարության» երաշխավորը, հանգամանք, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում փորձաքար է: Եթե Reuters-ի տեղեկությունը համապատասխանում է իրականությանը կամ առնվազն մոտ է դրան, պետք է եզրակացնել, որ ԱՄՆ-ը փորձում է ռազմավարական նշանակության երկու խնդիր լուծել՝ հասնել իսրայելա-սիրիական անվտանգային համաձայնության և հակակշռել Սիրիայում Թուրքիայի ռազմական հավակնությունները:
Մեծ հաշվով իրավիճակի կարգավորումը կնշանակի Իսրայելին անվտանգության երաշխիքների տրամադրում կամ թուրք-իսրայելական առճակատման և Սիրիայում Իրանի վերահաստատման հնարավորության կանխարգելում: Խնդիր է, թե Վաշինգտոնն ի՞նչ գործիքակազմ է կիրառելու, որպեսզի հակազդի Մերձավոր Արևելքում «Թուրքիայի դար» հաստատելու Էրդողանի ծրագրին, որ նա արդեն հռչակել է իբրև առաջիկա տարիների և տասնամյակների պետական դոկտրին:
Հայաստանի համար այս զգայուն խնդիրը կարևոր է: Իշխանամետ Turkiye պարբերականը Թուրքիայի արտատարածքային ազդեցության սահմանները գծում է Գազայում, Սիրիայում, Կիպրոսի հյուսիսում, Էգեյան ծովում, Միջերկրականի արևելյան հատվածում և Կենտրոնական Ասիայում, որի հետ «կապ կստեղծվի «Զանգեզուրի միջանցքի» գործարկմամբ»: Այս շղթայի մեկ օղակի կորուստը կնշանակի «Թուրքիայի դար» աշխարհաքաղաքական նախագծի փլուզում: Սիրիայում Ասադի վարչակազմի տապալմանը Դոնալդ Թրամփի առաջին արձագանքն էր, որ «գլխավոր բենեֆիցիարը Թուրքիան է, նախագահ Էրդողանը»: Մոտ մեկ տարի անց նա վերանայե՞լ է մոտեցումը, Թրամփին կհաջողվի՞ Սիրիան խաղաղ ճանապարհով «խլել» Էրդողանից:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test