Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մեկ պետություն, երկու եկեղեցի․ Մոլդովայի օրինա՞կն է Փաշինյանին ոգեշնչում hraparak.am hraparak.am

time
Մեկ պետություն, երկու եկեղեցի․ Մոլդովայի օրինա՞կն է Փաշինյանին ոգեշնչում

Մոլդովան տարածքով եւ բնակչությամբ Հայաստանին գրեթե հավասար փոքր երկիր է՝ ինքնության մեծ խնդիրներով ու քաղաքական համակրությունների (կամ կողմնորոշման) առումով կիսված հասարակությամբ։ 1806-12թթ․ ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Օսմանյան կայսրությունից Ռուսական կայսրությանն անցած Պրուտի եւ Դնեստրի միջագետքում (կոչվում է Բեսարաբիա) ավելի քան 100 տարի գործել է Ռուս ուղղափառ եկեղեցու (ՌՈՒԵ) Քիշնեւի թեմը։ Այս տարածքները 1918-ին Ռումինիային զիջելուց հետո Քիշնեւի թեմը ենթարկվել է Ռումինիո ուղղափառ եկեղեցու Բեսարաբիայի մետրոպոլիային։ Այդ վիճակը պահպանվել է մինչեւ 1944 թվականը, երբ խորհրդային բանակի ուժերով այդ տարածքները «վերամիավորելուց» հետո տեղի ուղղափառ եկեղեցին դուրս եկավ Բեսարաբիայի մետրոպոլության ենթակայությունից եւ մինչ օրս գործում է ցարական, ապա խորհրդային ժամանակներից եկող կարգավիճակում՝ «ՌՈՒԵ ինքնակառավարվող մաս Մոլդովա-քիշնեւյան մետրոպոլություն» անվամբ (կրճատ՝ ՄՔՄ)։

Արձանագրենք, կիրառելով հայկական եզրաբանությունը, ներկայում Մոլդովայում գործում է երկու ուղղափառ եկեղեցի՝ «ռուսապատկան» եւ «ռումինապատկան»։ Առաջինն ունի մոտ 1200, երկրորդը՝ մոտ 180 եկեղեցի։ ՄՔՄ-ն կրում է «անտառային ուղղափառության» հիշողությունը՝ գեղջկական պատումներով, խորհրդային մղձավանջը քրիստոնեաբար հաղթահարելու ջանքերով։ ԲՄ-ն հատկանշվում է իր «էլիտար» արմատներով, այն ձեւավորվել է մի միջավայրում, որտեղ եկեղեցին ե՛ւ աղոթատեղի է, ե՛ւ դպրոց, գիր, գրական լեզու, ինքնուրույն եւ թարգմանական մատյաններ ստեղծելու ավանդություն, լատիներեն բնագրերի կարգապահություն։ ԲՄ-ն հավատի կենտրոն է, այստեղ խաչը դարձել է գրիչ, աղոթքը՝ լեզու, լեզուն՝ վերջին դերձանը, որով ժողովուրդը պահպանում է կորստյան եզրին կանգնած իր ինքնությունը։

ՄԻԵԴ-ի եզակի վճիռը

1992-ին ԲՄ-ի փաստացի վերականգնմամբ հրապարակ բերվեցին ազգային հիշողության իրավահաջորդի, մոլդովական լեզվի կարգավիճակի հարցերը։ ՄԻԵԴ-ի 2001-ի որոշմամբ Մոլդովայի կառավարությանը պարտադրվեց գրանցել ԲՄ-ն, նրան վերադարձնել եկեղեցիների եւ վանքերի մի մասը կամ փոխհատուցում տալ (ներկայում մոտ 240 վանքի, եկեղեցու, պաշտամունքային շենք-շինության, հողակտորի, գերեզմանատան պատկանելությունը մնում է վիճարկման առարկա)։ ՄԻԵԴ-ի որոշումը ելնում էր այն հայեցակարգից, որ «Ո՞ր եկեղեցին է ճշմարիտ իրավահաջորդը» բանավեճը պետական գործառույթ չէ, դրա պատասխանը պետք է տան իրենք՝ հավատացյալները։ Փաստորեն, Եվրոպայում առաջին անգամ դատական որոշմամբ արձանագրվեց, որ հիշողություն կրողը ոչ թե պետությունն է, այլ՝ Եկեղեցին։

50% երկքաղաքացի ունեցող երկիրը՝ 2 սեպի եւ 3 վեկտորի արանքում

ՄՔՄ-ի հետեւորդները համարվում են ռուսամետ, ԲՄ-ի հետեւորդները՝ արեւմտամետ (ռումինական, հետեւաբար՝ եվրոպական կողմնորոշմանը հակված)։ Քաղաքական առումով խիստ ընդգծված են Տրանսնիստրուի (Մերձդնեստրի) եւ Գագաուզիայի բնակիչների կոնֆեսիոնալ համակրությունները։ Տրանսնիստրուի տարածաշրջանում խոսույթն աներկբա է՝ «Մենք ՄՔՄ-ի հետ ենք եւ ռուս (ռուսալեզու) ենք»։

Գագաուզիան, իր փոքրաթիվ բնակչությամբ, հանդես է գալիս որպես ինքնուրույն կրոնական-մշակութային տարածք։ Գագաուզիան թեեւ պաշտոնապես պատկանում է ԲՄ-ին, բայց նրա կրոնական-լեզվական կյանքը չի տարրալուծվում ԲՄ-ի հոգեւոր-մշակութային միջավայրի մեջ։ Պատճառը գագաուզներին բնորոշ առանձնահատուկ լեզվամշակութային միջավայրն է, հոգեւոր կուռ ավանդույթները, համայնքային ինքնավարության զգացումը։ Գագաուզի համար խաչը նաեւ դրոշ է եւ ինքնության խրամատ։

Քաղաքական առումով արդի Մոլդովայում մրցակցում են երեք կենտրոններ՝ Բրյուսել, Բուխարեստ, Մոսկվա։ Բրյուսելը Մոլդովայի ոչ միայն ապագան, այլեւ հենց ներկան տեսնում է պետության արդիականացման մեջ եւ օգնում է դատական համակարգի, էներգետիկ անվտանգության, կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառներում ինստիտուցիոնալ բարեփոխումների շարունակմանը, ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը։ 2022 թվականին Մոլդովան ստացավ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, Բուխարեստը, օգտագործելով իր պատմական ու լեզվական կապերը, հանդես է գալիս ռումինական մշակութային ինքնության հովանավորի եւ գիրը լատինականացնելու «փափուկ» դիրքերից, սակայն դա չի խանգարում նրան՝ իրականացնելու նախահարձակ մի ուղեգիծ, որի արդյունքում երկրի գրեթե 2.3 մլն չափահաս բնակչության կեսը վերջին 15 տարում ստացել է Ռումինիայի, դրանով իսկ՝ ԵՄ քաղաքացիություն։

Եկեղեցին՝ ընտրապայքարի մշտական մասնակից

Մոլդովայի քաղաքական կյանքում ուղղափառ եկեղեցու դերը պարզորոշ երեւում է հատկապես վերջին 10-15 տարիներին անցկացված համապետական ընտրությունների համապատկերում, ուստի ընդհանուր գծերով դիտարկենք խորհրդարանական (2009 - 2 անգամ, 2010, 2014, 2019, 2021, 2025 թթ․) ու նախագահական (2016, 2020, 2024 թթ.) ընտրությունները եւ ուղղափառ երկու եկեղեցիների «ընտրական ակտիվությունը»։

2009 թվականի ապրիլի հերթական խորհրդարանական ընտրություններում հաղթողը Կոմկուսն էր՝ Վլադիմիր Վորոնինի առաջնորդությամբ։ Սակայն խորհրդարանը չկարողացավ ընտրել նախագահ, քանի որ փոքրամասնությանը հաջողվեց արգելափակել իշխանության թեկնածուի ընտրությունը։ Ազատականների (Միխայ Գիմպու), Ազատ ժողովրդավարների (Վլադիմիր Ֆիլատ), Ժողովրդավարների (Մարին Լուպու) ստեղծած ընդդիմադիր դաշինքը («Ալյանս հանուն եվրաինտեգրման»՝ ԱՀԵ) բողոքի փողոցային ճնշումների միջոցով սրեց քաղաքական ճգնաժամը։ Իշխանությունը հարկադրված էր նահանջել։ Նույն տարվա հուլիսին անցկացված նոր ընտրություններում Կոմկուսը պարտվեց։ ԱՀԵ-ն խորհրդարանում ստացավ հարաբերական մեծամասնություն եւ կազմեց կառավարություն։

Ռուսամետ ՄՔՄ-ի բարձրագույն հոգեւորականությունը հանդես եկավ երկխոսության, խաղաղ հանգուցալուծման կոչերով, որոնք փաստացի համընկնում էին իշխանության շահերին։ Իսկ ռումինամետ ԲՄ-ն՝ իր փոքրաթիվ հետեւորդներով, բացահայտ աջակցություն ցուցաբերեց եվրոպամետ թեւին։ Այս շրջանում ՄՔՄ-ն դեռ ամբողջությամբ նույնացվում էր խորհրդային ժամանակներից եկող պահպանողականության հետ եւ ակնհայտ համակրում էր կոմունիստներին։ Նախընտրական քարոզչության ժամանակ ՄՔՄ-ի մի շարք քահանաներ հորդոր էին կարդում՝ «չմերժել իշխանությունը, որ պահպանել է կայունությունը»։ Իսկ նոր իշխանության եվրոպամետ ուղեգծին ՄՔՄ-ն արձագանքեց զգուշավոր թերահավատությամբ։ Սկսվեց եվրոպամետ իշխանություն-ՄՔՄ երկարատեւ դիմակայությունը։ Երկու եկեղեցին էլ չմնացին չեզոք եւ մտան իշխանության համար պայքարի հորձանուտ։

2010 թվականը կրկին ի հայտ բերեց, որ Եկեղեցին քաղաքական ինստիտուցիա լինելու ներուժ չունի, սակայն ազդեցության արդյունավետ գործիքներ ունի գյուղական համայնքներում եւ ինտելեկտուալ բանավեճերում, որոնց ընթացքում բարձրաստիճան շատ հոգեւորականներ բացահայտ քարոզեցին ընդդեմ արեւմտյան արժեքների, եւ միայն իրենց հայտնի պատճառով հատկապես երկրի նախագահ ընտրելու կարգի շուրջ վեճերը Եկեղեցին դարձրեց իր համար բարոյական կռվի դաշտ։

Շարունակելի

Արա Սահակյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test