«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի Հովհաննավանքի նորանշանակ քահանա, Կարմրավորի և Արուճի հովվության հոգևոր սպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը և Հովհաննավանքի և Ապարանի հովվության հոգևոր սպասավոր Տեր Սարգիս քահանա Սարգսյանն են:
Հարցազրույցի կարևոր թեզերը՝ ստորև:
Տեր Մանուկ քահանա Զեյնալյան.- 2018թ. հեղափոխության ժամանակ ժողովուրդն ավելի լավ կյանքի հույս ուներ, բայց հուսախաբ եղավ: Դեռ նրա վարչապետության առաջին շրջանից եկեղեցու դեմ պայքար սկսեց: Նկատի ունեմ՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը, որն այդպես էլ մարեց: Անձամբ առիթ եմ ունեցել դրանց՝ Վեհարան ներխուժման օրը Վեհարանում լինել, որովհետև այդ օրը Վեհափառ Հայրապետն ինձ նոր նշանակում պիտի աներ: Ժամադրություն էր նշանակված, և ես տեսա՝ այդ ամբոխն ինչպես էր վայրագ կերպով ներխուժում Վեհարան: Դիվանատունը պարզապես պղծվեց: Բայց գնալով մարեց «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» այդ շարժումը, որովհետև Եկեղեցին այն հզոր ժայռն է, որին եկել-հարվածել են ու ջարդվել:
Հիմա կրկին սաստկացավ Եկեղեցու դեմ հարձակումը, որովհետև դրսի միջամտությունն ամեն դեպքում կա, ու մեր իշխանությունները բառացի կրկնում են այն, ինչ նրանք ասում են: Մեր միաբանությունն ամուր է՝ իր հավատքի, եղբայրասիրության ու Վեհափառ Հայրապետին նվիրվածության մեջ: Դրա համար Եկեղեցին երևի միակ կառույցն է, որ խանգարող միջոց է:
Եկեղեցին էր, որ ահազանգեց՝ Արցախում ջնջվում է հայկական հետքը, և հաջորդ օրվանից սկսվեցին ռեպրեսիաները: Սա անձի շուրջ հարձակում չէ, այլ ամբողջ Եկեղեցու, մեր հավատքի դեմ է:
«Եկեղեցու պատմություն» առարկան հանեցին դպրոցներից, հիմա էլ Վարդանանց պատերազմի մասին ընդամենը մի քանի տող են գրել… Բա մենք է՞ս ազգն ենք: Մեր զինվորը պատերազմում չի պարտվել, իսկ Եկեղեցին սրա մասին խոսող միակ կառույցն է: Դրա համար էլ այսօր նման հարվածներ է ստանում:
Տեր Սարգիս քահանա Սարգսյան.- Հովհաննավանքը՝ որպես մեծ սրբավայր, շատ սիրված է, միշտ դեպի իրեն է ձգել բազում հայորդիների: Ցավոք սրտի, նախկին ծառայակիցս, որ մինչև հիմա իրեն ներկայացնում է՝ իբրև ժողովրդի սիրելի, կուլ տվեց իշխանության կողմից նետված խայծը՝ դառնալով ներսից մեկը, որը պետք է օգնի ներսից քանդել Եկեղեցին: Շատ լավ հիշում ենք Նիկոլ Փաշինյանի խոսքն ամուսնացյալ քահանաների մասին: Գտան մեկին, որով փորձելու են ներսից խաթարել այն միությունը, որը մենք ունենք: Բայց փառք Տիրոջը, որ քիչ են այն մարդիկ, ովքեր կուլ գնացին այն խայծին ու միացան այն ուժին, ովքեր Արցախը հանձնեցին, հայոց բանակն ավերեցին, քանդում են հայոց դպրոցը:
Երբևէ մտքովս չի անցել ուշադիր զննել Ստեփան Ասատրյանին: Երբ որպես նորանշանակ քահանա՝ մտա Ապարանի եկեղեցի, Տեր Մուշեն ինձ ծանոթացրեց համայնքին, համայնքի խնդիրներին, ինձ արագ ներգրավեցին ծառայության մեջ, բայց երբ Սրբազան հոր կողմից նշանակվեցի Հովհաննավանքում, հենց 1-ին հայացքից այդ սառնությունը զգացի: Ընդդիմություն անգամ եղավ այդ ժամանակ, հարցադրումներ արվեցին, թե ինչո՞ւ նոր հոգևորական ավելացվեց Հովհաննավանքում… Այդպես էլ մենք՝ որպես ծառայակիցներ, չունեցանք այն մտերմությունը, որը ցանկալի էր, որ լիներ: Ինքը միշտ դիստանցիա է պահել:
Երբ որևէ մեկը հոգևորական էր նշանակվում թեմում, Մկրտիչ սրբազանը թե՛ խորհուրդներով, թե՛ կեցության խնդիրները լուծելու առումով միշտ իր օգնությունն է բերել: Նույն կերպ մինչև վերջ աջակցել է նաև Ստեփան Ասատրյանին: Անգամ, երբ Ստեփան Ասատրյանը սկսել էր իր գրառումները… Մի քանի անգամ ասել է նրան՝ իմ կողմից լարվածություն չկա, այդ լարվածությունը քո մեջ է, հաղթահարիր դա քո մեջ: Անգամ մի փոքր պատիժ ստացանք մի միջադեպի համար, որում երկուսս էլ մեղավորություն ունեինք: Սրբազանի և մեր միջև միշտ հայր ու որդի հարաբերություն էր:
Հիմա, որ նայում եմ, նրա այդ պահվածքը պլանավորված է եղել: Երբ Ստեփան Ասատրյանը վերջերս Վեհափառից հանդիպում խնդրեց ու գնաց, հետ եկավ, հարցրեցի՝ ինչպե՞ս անցավ, ոգևորված պատմեց, հիացմունքով, Վեհափառի մասին ասաց՝ իրեն որ Վեհափառ են կոչում, դեռ քիչ է, բայց դրանից չանցած 10 օր՝ սկսեց իր գրառումները նույն այդ Վեհափառի դեմ… Ընդամենը վերջերս էր, սկսած օգոստոսից… Բայց մինչև օրս Վեհափառի տրամադրած բնակարանում է նա ապրում:
Ցավում եմ նրա համար, որ ինքն օրեցօր ընկնում է՝ ստախոսությամբ, վարկաբեկելով: Երբ հարցը վերաբերում է իր կարգալուծությանը, ասում է՝ ես օծում ունեմ, չի կարելի օծյալի վերաբերյալ նման բաներ անել, բայց օծյալների հանդեպ իր վերաբերմունքով ինքն իրեն շատ վատ է դրսևորում, որով ինքը վիրավորում է ոչ տվյալ հոգևորականին, այլ վնասում է ինքն իրեն, ավելի ցած է ընկնում:
Տեր Մանուկ քահանա Զեյնալյան.- Վազգեն Միրզախանյան սրբազանի նկատմամբ սեր ու հարգանք ունեմ, որովհետև նա 13 տարի իմ առաջնորդն է եղել: Վազգեն սրբազանը ոչ միայն իմ, այլև բոլոր իմ հոգևոր եղբայրների հանդեպ շատ հոգատար է եղել: Մենք՝ քահանաներս, Եկեղեցու նվիրապետական կարգը պահելու ջատագովները պետք է լինենք միշտ, որովհետև Եկեղեցին դրանով է եկեղեցի: Բոլորս ունենք թերություն, բայց երբ որ քահանան իր գլուխը մտցրեց եպիսկոպոսի գործերի մեջ ու սկսեց քննադատել եպիսկոպոսին, դա իր գործը չէ: Վազգեն սրբազանը, այլ հոգևորականներ տարբեր հայացքներ կարող են ունենալ, բայց մենք իրավունք չունենք դա քննադատել:
Վրաց ժողովուրդն այնքան մեծ սեր ունի իր եկեղեցու հանդեպ: Ի՞նչ է, այնտեղ թերություններ չկա՞ն: Բայց թող փորձի մեկը հոգևորականին մի բան ասել, որովհետև իրենք իրենց եկեղեցին ազգային եկեղեցի են համարում: Մենք փափագում ենք, որ այստեղ էլ այդպես լինի. ցավոք, մեր ժողովուրդն այդպես չի վերաբերվում:
Դպրոցը քանդեցին, հայոց պատմությունը կեղծվում է, կրթական ծրագրերը փոխեցին:
Դիմում եմ պաշտոնյաներին՝ չափավորեք ձեր խոսքը, սիրելիներ, դուք, ի վերջո, բարձր ամբիոններից եք ելույթ ունենում: Ինչո՞ւ եք փողոցային բառապաշարով խոսում, այն էլ՝ բարձր ամբիոններից: Ձեր հոգևորականները ձեզ ի՞նչ են արել:
Որքա՞ն կարելի է սուտ և կեղծիք տարածել: Անցյալ օրը մեկն իմ մասին խոսում էր, իբրև թե թմրանյութ եմ օգտագործում… չի էլ ճանաչում ինձ և նման սուտ է տարածում: Ես երբևէ նույնիսկ ծխախոտ չեմ օգտագործել: Ինչպե՞ս կարելի է նման սուտ տարածել…
Ախր այնքան էլ շատ չենք՝ ընդամենը 600-700 հոգևորական ենք: Ախր մենք ձեր ուրախության ու տխրության ուղեկիցներն ենք: Հայ հոգևորականը չի կարող գլուխը կախ պահել. մենք մեր ծառայությունը շարունակելու ենք ու պիտի ծառայենք մինչև մեր կյանքի վերջին շունչը:
Իրենց կողմից հնչող այն թեզին, որ չի կարող որևէ մեկն իր օծումը վերցնել, ուզում եմ պատասխանել «Կանոնագիրք հայոց»-ի հստակ դիրքորոշմամբ: Այն հոգևորականը, ով անհնազանդությամբ, նվիրապետական կարգերը խախտելով՝ հարձակվում է եկեղեցու վրա ամբոխ բերելով՝ կարգալույծ է լինում Մայր Աթոռի կամ Եկեղեցական ժողովի կողմից, թողնվում է ոչ միայն նրա քահանայության կարգը, այլև օծումը: Նրա արած պսակը, թաղման կարգը, մկրտությունը, բոլոր խորհուրդները վավերական չեն, և դրանք կրկին պետք է կատարվեն: Կարգալույծները դուրս պետք է դրվեն եկեղեցուց. ո՛չ խորան կարող են բարձրանալ, ո՛չ հաղորդություն տալ:
Արագածոտնի թեմն այն բացառիկ թեմերից է, որ միահամուռ, միաբերան ու միաշունչ էինք. ստացվեց ջլատել այդ միասնությունը: Ամեն ինչ դրված էր մեր առաջնորդի ուսերին: Ի՞նչ էր արել այդ մարդը: Մեզ տարան, բնակարանները խուզարկեցին, ավերակ սարքեցին… Նույն հաջողությամբ թող Դանիել Իոաննիսյանը հաղորդում ներկայացնի, թե ինչպես են իշխանությունները մարդկանց պարտադրում, տարբեր տեղերից բերում, հասցնում Հովհաննավանք… Մարդը պաշտոնյա է, Տերունական աղոթքը չգիտի:
Համայնքից էլ կային մարդիկ, Օհանավանից էլ, մանավանդ առաջին «պատարագի» ժամանակ: Երկրորդին արդեն քիչ էին: Մարդիկ հասկացան՝ էս ինչ են անում… Բայց մեծ մասը դրսից էին: Որպես գլխաքանակ՝ բերել էին: Մարդն եկել էր, ծխախոտռը բերանին կանգնել, ոչ էլ ներս մտավ, գնաց… Պապոյան Գևորգը ձախ ձեռքով էր աղոթում: Ու ինչ բառապաշարով են խոսում… Սթափվե՛ք, պարոնայք, սթափվե՛ք…
Ասում են՝ Առաջին տիկնոջը ընդունեցի, դրա համար հալածեցին: Է, ո՞վ չի ընդունել նրան: Ես էլ եմ այստեղ՝ Կարմրավորում, ընդունել նրան: Մեր թեմից 3-4 քահանաներ ընդունել են, բա ինչո՞ւ թեմի առաջնորդը մեզ չհալածեց…
(Այստեղ հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը Առաջին տիկին չէ):
Տեր Սարգիս քահանա Սարգսյան.– Հոկտեմբերի 15-ին՝ առավոտյան 07:30-ին, ծրագրված, ոչ միայն իմ, այլև թեմի մյուս հոգևորականների բնակարաններ ներխուժում եղավ: Դիմակներով չէին, մեր տուն 3 հոգով եկան, ներկայացրեցին դատարանի որոշումը, առաջինը վերցրեցին իմ ու տիկնոջս հեռախոսները. մինչև հիմա իրենց մոտ է: 4 երեխաներս քնած էին: Իրենք համաձայնեցին սպասել հյուրասենյակում, մինչև կինս արթնացրեց երեխաներին, հավաքեցինք մի սենյակում, հերթով ստուգեցին սենյակները, տարան նաև երեխաների համակարգիչները…
Չգիտեմ՝ ինչ էին փնտրում. ավելի շատ գրառումներ, թղթեր էին փնտրում, տարան նույնիսկ իմ ձեռքով գրված աղոթքների ժողովածուն, անգամ երեխայի նոտաների տետրերը նայեցին, տարան… Ձեռքով գրված բան էին փնտրում: Վերջում ասացին՝ Դուք էլ պիտի գաք, մի փոքր հարց կա: Ասացի՝ պայմանավորվածություն ունեմ, հոգևոր սպասավորություն պետք է անեմ, բայց իրենք իրավասու չէին որոշում կայացնել: Իրենց զանգով ասում էին՝ ինչ անել, խոսեցին, ասացին՝ չէ, պիտի գնանք: Առաջարկեցի իմ մեքենայով գնալ: Դա էլ պարզեցին, ասացին՝ դա էլ չի լինելու, եթե չգաս, ուրիշները կգան, ուրիշ ձև կտանեն: Երեխաները սկզբնական շրջանում վախեցած, շփոթված, հուզված էին… Դուռը որ թակում էին, վախենում էին, հիմա անցնում է այդ վախը:
Տեր Մանուկ քահանա Զեյնալյան.– Իմ պարագայում էլ գրեթե նույն ձև էր: Մեր տուն 4 հոգի էին եկել, խուզարկեցին ամբողջ տունը, ոչինչ չգտան: 5 բջջային հեռախոս տարան, որից 3-ը՝ երեխաներինը: Դեռ հետ չեն տվել: Գրառումներ էին փնտրում, փող, ոսկի, ոչինչ չգտան… Կնոջս օղերը գտան, զանգեցին ինչ-որ մեկին, այնտեղից ասացին՝ մի վերցրեք, թողեք: Ամոթ էին զգում…
Չափազանց ամոթալի էր Քննչական կոմիտեի հաջորդ ծանուցումը, երբ կիրակի օրով 09:30 կանչել էին. ո՞վ էր գնալու, թեմը մնար առանց պատարագների: Կարծում եմ՝ հասկացան: Մեր առօրյան, հոգևոր կյանքը խախտվեց…
Ստեփան Ասատրյանը ինչքան էլ հերքի, ինքը գնացել է, բազմաթիվ ցուցմունքներ է տվել բոլորիս դեմ… Ծանուցագրի մեջ գրված էր, որ նրա ցուցմունքների հիման վրա են մեզ կանչել Քննչական կոմիտե:
Քննչական կոմիտեում հարգալից էին, շատերը հոգևորականների մեջ ընկերներ ունեն, միշտ եկեղեցի են գնում:
Տեր Սարգիս քահանա Սարգսյան.- Ես պիտի ճանաչեմ այն մարդուն, ում հետ խորան եմ բարձրանում: Հայտնի պիտի լինի իր վարքը, կերպարը, հայ եկեղեցու հանդեպ դիրքորոշումը: Ես խորանի ծառայող գիտեմ՝ իրավաբան է, բժիշկ, բայց մարդիկ ամեն կիրակի պարտաճանաչ եկեղեցում են: Այստեղ էականը ոչ թե մասնակցությունն է, այլ տվյալ մարդու վերաբերմունքը: Երբ Ստեփան Ասատրյանին հարցրեցին՝ ովքեր են իր հետ խորան բարձրացել, ասաց՝ չեմ ճանաչում: Բա եթե չես ճանաչում, ինչպե՞ս ես թույլ տվել՝ խորան բարձրանան:
Պիտի նկատի ունենանք՝ պատարագ, պսակ, մկրտություն, որևէ խորհուրդ անելը, սոսկ արարողություն անելը, դա նվիրապետական կարգով ձեռնադրությամբ ստացած շնորհն է, որն իշխանություն է: Երբ եկեղեցին ինձ այդ իշխանությունից զրկում է, զրկում է ամեն ինչից, և ես դառնում եմ սովորական աշխարհական մարդ:
Եթե ես կարգալույծ հոգևորականի կողմից եմ մկրտվել, օծյալ հոգևորականն ինձ հաղորդություն չի տա:
Տեր Մանուկ քահանա Զեյնալյան.- ՀՀ վարչապետը վերջերս Վատիկանում, կաթոլիկ եկեղեցում հաղորդություն ստացավ: Ըստ կանոնի՝ եթե ինքը մոտենա մեր եկեղեցում հաղորդություն ստանալու, քահանան իրեն պիտի հաղորդություն չտա: Առիթից օգտվելով՝ պիտի խնդրեմ, որ մեր վարդապետները շատ խիստ արձագանքեն սրան, որովհետև սա շատ լուրջ մեղք է:
Նա հայտարարեց, որ այս անգամ լինելու է Թալինում, Տեր Թադեից պիտի հաղորդություն ստանա: Այստեղ տարաձայնություն է առաջանում, ավելի մանրամասն, կետ առ կետ թող մեր վարդապետները դրա բացատրությունը տան: Եթե նույնիսկ անգիտությամբ է Նիկոլ Փաշինյանը կաթոլիկ եկեղեցում ստացել այդ հաղորդությունը, ինքը չի կարող մեր եկեղեցում հաղորդություն ստանալ: Գուցեև չգիտեր, որ չի կարելի, բա խորհրդականները, պրոտոկոլն ո՞ւր էին, թող ասեին: Հայ Առաքելական եկեղեցու զավակը չի կարող կաթոլիկ եկեղեցում հաղորդություն ստանալ: Մենք քույր եկեղեցիներ ունենք, օրինակ, ասորի եկեղեցին, կարող է մեր եկեղեցում հաղորդություն ստանալ:
Նույն խորհրդականները թող նաև խորհուրդ տան, որ մյուս անգամ եկեղեցի ավելի կիրթ, խոսքի մշակույթ ունեցող մարդիկ բերեն: Դա ի՞նչ մակարդակ էր, ովքե՞ր էին այնտեղ հավաքվածները:
Քահանայական շնորհից զրկվելն արդեն իսկ մեծ կորուստ է: Ես Ստեփան Ասատրյանին եղբայրաբար խնդրել եմ, ասել եմ՝ ետ արի, քարը փեշիցդ թափիր, կզրկվես քահանայությունից, բայց ինքն այլ ճանապարհ ընտրեց, ասաց՝ ոչ, ես նույնիսկ Մամոնայից եմ բարեկամներ փնտրելու:
Բանադրանքն ավելի սարսափելի բան է: Եթե հաղորդության հարց կա, մարդը կարող է զրկվել որևէ խորհուրդների մասնակցելուց, կարող է զրկվել եկեղեցի մտնելուց: Դա պատիժ է: Բանադրվածներին անգամ հիմնական գերեզմանների մեջ չեն թաղել, պարիսպներից դուրս են թաղել:
Բանադրանքը խիստ միջոց է, պետք է սպառել բոլոր միջոցները, հնարավորություն տալ մարդուն ուղղվել: Մայր Աթոռը միշտ ձեռք է մեկնել:
Ի՞նչ չի արել Մայր Աթոռը, որքան գործեր է արել: Որքա՜ն երեխաներ են կրթություն ստանում, ինչքան քահանաներ են ձեռնադրվել ու ծառայում մեր ժողովրդին, պատերազմից հետո որքան զինվորներ են ուղարկվել բուժման Ավստրիա, Հնդկաստան, այլ երկրներ… Թեմակալ առաջնորդներն ահռելի գումարներ հավաքեցին ու պրոթեզավորեցին տղաներին… Նայե՛ք՝ Մայր Աթոռն ինչպես է բարեզարդվել: Սրա մասին ինչո՞ւ չի խոսվում: Լռությամբ ու խաղաղությամբ Մայր Աթոռն իր գործն անում է ու միշտ էլ այդպես է անելու:
Ապրիլյան պատերազմի, 44-օրյա պատերազմի ժամանակ Սփյուռքի մեր համայնքների մեջ այդքան օգնությունն ո՞ւմ միջոցներով է հավաքվել, ովքե՞ր են եղել միջնորդները. Այո՛, եկեղեցին և հոգևորականները եղան միջնորդները…
Վաղը, Աստված մի արասցե, կրկին պատերազմ լինի, էլի գնալու եմ, մեր հոգևորականների մեծ մասը, վստահ եմ, գնալու է: Խենթանում ես, երբ մտածում ես՝ ինչ կորցրեցինք՝ հայրենիք, սրբություններ, բայց, ինչպես ասում են, հուսահատությունը մեղք է, և մենք մեր հոգևոր ու ազգային քաջությամբ պետք է գնանք առաջ: Ես դասալիք զինվոր չեմ տեսել. Ով էլ ասում է՝ ստում է: Ես նահանջի հրամաններ եմ տեսել բազմաթիվ. Ցավում եմ դրա համար: Պատկերացրեք՝ պատերազմն այդքան ինձ վրա չազդեց, որքան դրանից հետո Եռաբլուրի ծառայությունը: Պատերազմ ենք գնացել, զենք ենք վերցրել ձեռքներս, քաջալերել ենք մեր զինվորներին: Նահատակված եղբայրներ ունենք, կորած հոգևորական ունենք:
Սա պատարագ չէր, այդտեղ խորհուրդ չէր կատարվում, ու իրենք լավ գիտեն դրա մասին: Թող գնան օծյալ հոգևորականների մոտ, ծնկեն Աստծո առաջ, դարձի գան: Սրա պատիժը հետո է լինելու: Չխրատվեցինք, Աստված մեզ մեր անհավատության համար մի քանի ապտակ արդեն տվել է՝ Արցախ ենք կորցրել, այդքան զինվոր, այդքան հաշմանդամներ ունենք, հողային կորուստներ ունեցանք:
Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդն իրապես իմանա՝ մեր հույսն Աստվածն է ու մեր քաջաբազուկ զինվորը: Աստված է ազգին, ժողովրդին հաղթանակ տվողը: Աստված մեր ժողովրդին խելքը տվել է, մենք չենք վերցնում:
Մենք տեղ չունենք այստեղից գնալու. Սա մեր բնօրրանն է: Ժողովուրդ, դարձի եկեք, շատ գնացեք եկեղեցիներ, իրական պատարագների մասնակցեք, Աստծո խոսքը լսեք: Ճանապարհին կլինեք, աշխատանքի վայրում թե տանը, օրվա մեջ մի ժամ գտեք, աղոթեք մեր հայրենիքի համար:
Տեր Սարգիս քահանա Սարգսյան.– Հովհաննավանքը պիտի սրբագործվի. այնտեղ կնունք, պատարագ, պսակ չի կարող լինել: Բայց եկեղեցի մտնել, իհարկե, կարող եք: Լիահույս ենք, որ այս հարցը կլուծվի, մեր իրավունքները կվերականգնվեն: Քանի օր է՝ ես արդեն այնտեղ չեմ եղել: Վանքը 24-ժամյա հսկողության տակ է ոստիկանների կողմից, բանալիները նախկին քահանայի մոտ են, բայց ժողովուրդն արդեն շատ չի գնում:
Այս փորձությունը բոլորիս է վերաբերում: Ապաշխարության գանք, դառնանք ճշմարիտ աղոթքի, թողնենք ամեն տեսակ սուտն ու հերյուրանքը, մեզնից սկսենք փոփոխությունը:
Տեր Մանուկ քահանա Զեյնալյան.- Թալինում կլինի նույնը, ինչ Հովհաննավանքում երկու շաբաթ: Տեր Թադեին խորհուրդ եմ տալիս՝ հեռո՛ւ մնա, կընկնես նույն օրը, ինչ Տեր Արամը: Դու էլ ես մեղք, երեցկինդ էլ, երեխեքդ էլ: Հեռո՛ւ մնա, որ չզրկվես քահանայական խորհրդից: Դա պատարագ չէ: Ինչո՞ւ ես ձեռքերդ շաղախում կեղտի մեջ, ինչո՞ւ գնացիր մասնակցեցիր դրան:
Վեհափառ Հայրապետն ասել է՝ ամեն ինչ պետք է անել, որ կարգաթող չլինեն, ու այդպես էլ անում է: Բայց բոլոր սահմանները հատվեցին: Նույնը սպասվում է բոլոր հոգևորականներին, ովքեր կհատեն այդ սահմանները:
Իրենք ուզում են սադրանքի գնալ:
Սիրելի ժողովուրդ, շատ սիրեք ձեր եկեղեցին, որովհետև այն դարերի ընթացքում բզկտվել է, բայց մնացել է հաստատ, քանի որ այն առաքելահաստատ եկեղեցի է, Տիրոջ եկեղեցին է: Մի՛ հայհոյեք, մի՛ չարախնդացեք, սիրեք ձեր հոգևորականներին. Չէ՞ որ մենք Աստծո օծյալներն ենք: Լցրեք եկեղեցիները: Խոտորներին էլ թող Աստված ուղիղ ճանապարհի բերի: Սիրեք հայրենիքը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test