Նոյեմբերի 8-ին Բաքվում տեղի է ունենալու 2020 թվականի 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակի 5-ամյակին նվիրված մեծամասշտաբ զորահանդես: Բնականաբար, Պակիստանի և Թուրքիայի ղեկավարությունը ներկա է գտնվելու այդ միջոցառմանը, առանց այս երկրների և Իսրայելի՝ Ադրբեջանը չէր կարող հաղթել:
Դեռ մի քանի օր կա զորահանդեսին, սակայն ադրբեջանական ռեսուրսներն արդեն որոշակի տեղեկություններ են հայտնում ցուցադրվելիք ռազմական տեխնիկայի և սպառազինության վերաբերյալ:
Օրինակ, ռազմական միջոցառման փորձերից և դրա շրջանակում զինտեխնիկայի տեղաշարժերից հայտնի է դարձել, որ նոյեմբերի 8-ին ցուցադրվում է Tatra զրահամեքենաներ (Չեխիա-Սլովակիա), «Շիլկա» զենիթահրթիռային համալիր (բելառուսական արտադրության), «ՏՈՐ-Մ2Է» զենիթահրթիռային համակարգ (Ռուսաստան), չչինական զենիթահրթիռային հեռահար HQ-9BE համալիրներ:
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, հենց չինական զենիթահրթիռային հեռահար HQ-9BE համալիրներն են առաջին անգամ ցուցադրվելու Բաքվի զորահանդեսին, որոնք, ի դեպ, ստեղծվել են ռուսական Ս-300-ի բազայի հիման վրա:
Հավելենք, որ այս տարվա ապրիլին Ադրբեջանը և Պեկինը ստորագրել էին «Համատեղ հայտարարություն Ադրբեջանի և Չինաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հարաբերությունների հաստատման մասին», այն անդրադառնում է Բաքվի և Պեկինի միջև բազմաթիվ ոլորտներում փոխգործակցության և գործողությունների համակարգման խորացմանը, և այստեղ չեն անտեսվել անվտանգային հարցերը:
Ավելի վաղ հայտնի էրդարձել, որ Ադրբեջանի և Չինաստանի միջև երկխոսություն կա նաև ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցելու շուրջ, ինչն Ալիևը համարել էր հեռանկարային, հատկապես, երբ երկիրը լայն թափով արդիականացնում է զինանոցը:
«Իհարկե, մեզ համար հետաքրքրություն կարող է ներկայացնել ոչ միայն համատեղ արտադրությունը, այլև սպառազինության մատակարարումների աշխարհագրության դիվերսիֆիկացիան»,- այս տարվա ապրիլին Բաքվում կայացած «Դեպի նոր աշխարհակարգ» խորագրով քաղաքական ֆորումի ժամանակ ասել էր Ալիևը:
Իհարկե, Հայաստանը ևս Չինաստանի հետ ռազմավարական հարաբերություններ ունենալու բազա և ներուժ ունի, այդ թվում՝ պաշտպանության համագործակցության առումով: Իսկ Ադրբեջանը, բնական է, պաշտպանական ոլորտում շատ լուրջ աջակցություն և համագործակցություն ունի Թուրքիայի, Իսրայելի հետ, որոշակի՝ նաև Պակիստանի:
Իսկ նոյեմբերի 3-ին Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Իլհամ Ալիևը գիտնականների առաջ, մասնավորապես, խնդիր է դրել՝ աշխատել ի նպաստ երկրի անվտանգության ամրապնդման, միաժամանակ ընդունելով, որ Ադրբեջանն այսօր նոր իրողությունների և աշխարհաքաղաքական նոր զարգացումների պայմաններում է ապրում, երբ փոխվում են խնդիրներն ու մարտահրավերները:
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր զարգացումը, ինչպես նաև ցանկացած երկրի անվտանգությունը որոշվում է տեխնոլոգիական հնարավորություններով։ Ասվածի հաստատումն այսօր մենք տեսնում ենք տնտեսական զարգացման, նոր տեխնոլոգիաների կիրառման մեջ, նաև` նոր պատերազմներում։ Այդ իսկ պատճառով տեխնոլոգիական զարգացումը պետք է մեզ համար առանցքային առաջնահերթություն լինի։ Եվ, իհարկե, մեծ խնդիրներն այստեղ գիտնականների առջև են դրված»,- հայտարարել է Ալիևը՝ շարունակելով, որ ռազմական արդյունաբերությունն Ադրբեջանում զարգանում է, որի ուղղությամբ վերջին տարիներին խոշոր միջոցներ են ուղղվում, և, որ ոլորտը բաց է նաև մասնավոր ընկերությունների համար:
«Կրկնում եմ՝ մենք հրավիրում ենք պետական և մասնավոր ընկերություններին, ինչպես նաև գիտնականներին՝ աշխատել այս ուղղությամբ: Մենք ձեռք ենք բերում ռազմական արտադրանք արտաքին շուկաներից, միաժամանակ մենք ինքներս ենք սկսել անօդաչու թռչող սարքերի որոշ տեսակներ արտադրել և շարունակելու ենք զարգացնել այս ուղղությունը: Այստեղ, իհարկե, գործունեության լայն դաշտ է բացվում Ադրբեջանի գիտական հանրության համար»,- հայտարարել է Ալիևը:
Այս համատեքստում հավելենք, որ վերջին տարիներին թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունները սկսեցին հիմնել դուստր ձեռնարկություններ, օրինակ, Բաքվում, Գյանջայում, նպատակ ունենալով տեղայնացնել արտադրությունը և նվազեցնել արտաքին կախվածությունը։
Ըստ տարբեր աղբյուրների, Թուրքիայում գործող մի շարք խոշոր ընկերություններ՝ ASELSAN, ROKETSAN, HAVELSAN, TAI (Turkish Aerospace Industries) և MKE (Mechanical and Chemical Industry Corporation), հիմնել են դուստր ձեռնարկություններ Ադրբեջանում՝ SOCAR-ի և պետական ռազմարդյունաբերության նախարարության հետ համատեղ ծրագրերի շրջանակում։ Ավելին, թուրքական մասնագետները ներգրավված են Ադրբեջանի ռազմական ուսումնական հաստատություններում, իսկ մի շարք համալսարաններում ստեղծվել են թուրք-ադրբեջանական տեխնոլոգիական լաբորատորիաներ։ Այս ամենը Շուշիի հռչակագրի տրամաբանության մեջ է, որտեղ խոսվում է պաշտպանական արդյունաբերության ոլորտում թուրք-ադրբեջանական համատեղ տեխնոլոգիաների զարգացման, համատեղ հետազոտությունների անցկացման, արտադրությունների կազմակերպման մասին: Եվ, թերևս, կարող ենք ասել, որ Ադրբեջանը բավականին սովորել է թուրք և, ինչո՞ւ չէ, իսրայելացի մասնագետներից, և կարող է նաև ինքնուրույն կազմակերպել ինչ-ինչ տեսակի ռազմական արտադրանք:
Փաստ է՝ Ադրբեջանը 2026 թվականի համար ավելացրել է ռազմական բյուջեն, առաջիկա տարիներին այն աստիճանաբար և չափավոր է նվազելու, իսկ նոյեմբերի 8-ի զորահանդեսն ուժի ցուցադրության հերթական հնարավորությունն է, որը չի կարող բարոյահոգեբանական ազդեցություն չունենալ Հայաստանի վրա:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test