Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Նիկոլ Փաշինյանի լուսանկարը չկա իմ նոր աշխատասենյակում»․ Կարեն Անդրեասյան aravot.am aravot.am

time
«Նիկոլ Փաշինյանի լուսանկարը չկա իմ նոր աշխատասենյակում»․ Կարեն Անդրեասյան

«SMS-ով դուրս չեմ եկել, իմ դիմումով եմ դուրս եկել, իմ դիմումով էլ նորից մտել եմ պետական համակարգ»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը։

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի կողմից լուրջ վերաբերմո՞ւնք է պետական համակարգի աշխատողի նկատմամբ, որ անկախ կառույցի ղեկավարին անձամբ է հրահանգում դուրս գալ աշխատանքից, Կարեն Անդրեասյանը վստահեցրեց, որ վարչապետն իրեն՝ որպես Բարձրագույն խորհրդի նախագահի, երբեք հրահանգներ չի տվել։

«Ինչ վերաբերում է SMS հաղորդագրությանը, ես նախկինում էլ առիթ ունեցել եմ ասել, որ առաջինը ես եմ վարչապետին դեռևս 2024 թվականի գարնանը SMS հաղորդագրություն ուղարկել իմ ցանկությունների՝ աշխատանքից հեռանալու մասին,և դրանից հետո Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ հայտնել եմ, թե քանի անգամ եմ ուզեցել հրաժարական տալ։ 2024 թվականի նոյեմբերին նույն կապի միջոցով եղել է խնդրանք, ես հարգել եմ»,- ասաց Կարեն Անդրեասյանը։

Դիտարկմանը, թե պարտադիր չէր գործադիր իշխանության ներկայացուցչին տեղյակ պահել, որ հեռանում եք, ինչո՞ւ էիք տեղյակ պահում, Կարեն Անդրեասյաննն ասաց․ «Նախ գործադիր իշխանության ներկայացուցչին չեմ տեղյակ պահել, տեղյակ եմ պահել 4–րդ իշխանության ներկայացուցչին՝ Պետրոս Ղազարյանին իմ ցանկությունների մասին, տեղյակ եմ պահել օրենսդիր մարմնի բազմաթիվ ներկայացուցիչների։ Հանդիպել եմ «Հայաստան» խմբակցության դաշինքի հետ, հանդիպել եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, և բոլոր խմբակցությունների հետ իմ քննարկումները եղել են ոչ թե իմ հրաժարականի, այլ այն բարդությունների, խնդիրների մասին, որ ես եմ առաջին հերթին տեսել դատական իշխանությունում։ Անկեղծ ասեմ՝ ինչ-որ մի պահի հասունացել է նաև այն համոզումը, որ ես չեմ կարող արդյունավետ շարունակել այն բարեփոխումները, որոնց մասին երազել եմ տարիներ շարունակ»։

Հարցին՝ ինչո՞վ եք զբաղվելու, եթե Նիկոլ Փաշինյանը հետ է վերցնում միջազգային հայցերը, հենց այդ պատճառով Եղիշե Կիրակոսյանը հեռացավ, Կարեն Անդրեասյանը վստահեցրեց, որ որևէ հայց հետ չի վերցվել, և իր համար մեծ պատիվ է պաշտպանել Հայաստանի շահերը Ադրբեջանի հետ միջպետական վեճերում, արբիտրաժային գործերով և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

«Եթե երբևէ Հայաստանի կառավարությունը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, Սահմանադրական դատարանը կորոշի վավերացնել որևէ համաձայնագիր, որով կորոշի որևէ իրավական գործընթաց դադարեցնել, դուք այդ մասին ինձանից ավելի շուտ կծանուցվեք, դրանից հետո արդեն միասին կհասկանանք, թե որը ինչ իրավական գործընթաց է պահանջում»։

Թե ինչ է արվում ռազմագերիների վերադարձի առումով, Կարեն Անդրեասյանն ասաց, որ իր նախորդները հսկայածավալ աշխատանք են կատարել․ միջազգային ատյաններում ներկայացվել են բոլոր բողոքները, դիմումները։

Ըստ նրա, արդեն պիտի սպասեն խաղաղության գործընթացի զարգացումներին, դիվանագիտական մեծ աշխատանքին, որն այսօր կատարում է ԱԳՆ-ն ու հատուկ ծառայությունները։ Ըստ նրա, ընթացիկ բանակցությունները այս կառույցների տիրույթում են, իր տիրույթում հետևելն է, որ միջազգային վեճերը, որոնցով բարձրաձայնել են գերիների և անհետ կորածների ցավոտ հարցը, ի վերջո ստանան դատական ճիշտ արձագանք։

Հարցին՝ հա՞շտ է այն մտքի հետո, որ հայցերը հետ կանչելու քաղաքական որոշում կա, և եթե պետությունը որոշի իրագործել, ի՞նչ դիրքորոշում կունենա՝ նա պատասխանեց՝ հաշտ է այն ամենի հետ, ինչը կլինի ի շահ Հայաստանի Հանրապետության։

Դիտարկմանը՝ եթե իրենից բարձր կառույցները՝ օրինակ՝ ԱԺ-ն քաղաքական որոշում կայացնի, կկատարի՞, Կարեն Անդրեասյանը պատասխանեց․ «Եթե որոշում կայացվի, որը ես պարտավոր եմ կատարել՝ ըստ օրենքի, ըստ խղճի և բարոյական բոլոր հնարավորությունների, եթե պաշտոն ես զբաղեցնում և էդ պաշտոնի համար հստակ գրված է, որ քո գործողությունը որևէ միջազգային ատյանում որոշում է վերադաս մարմինը՝ օրինակ՝ Ազգային ժողովը կամ կառավարությունը, դու կանես ապօրինություն, եթե չկատարես, բայց երբ որ ես կկարդամ որոշում, որն իմ խղճի հետ համահունչ չի լինի, դուք կտեսնեք իմ հերթական դիմումը։Միգուցե սկանդալով կհեռանամ էդ անգամ։

Եթե լինի այնպիսի բան, որ ես անհանգստանամ իմ պետության շահերի համար, իհարկե, կհեռանամ սկանդալով»։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն այս անգամ չկա իր նոր աշխատասենյակում։ Պատճառն այն է, որ 2022 թվականից՝ նախարար պաշտոնից հետո զբաղեցնում է ապաքաղաքական պաշտոններ։

Հարցին էլ՝ մտավախություն չունի՞, որ ՔՊ-ի վերընտրվելու դեպքում «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի շրջանակում ադրբեջանցիները կգան, կտեղավորվեն Հայաստանում, բանախոսը նշեց, որ բարձրաձայնված հարցի աղբյուրն իր համար արժանահավատ չէ, դրանք վախեր են։

Ըստ նրա, ինքը ի պաշտոնե որևէ անելիք չունի այստեղ, բայց որպես քաղաքացի և որպես մարդ՝ վերջին 10 տարում այնքան սարսափելի սցենարներ է լսել, որոնք չեն իրականացել, չարժե նստել ու ողբալ մի բանի համար, որը ընդամենը խոսույթի կամ քաղաքական շահարկումների մակարդակում են։

Դիտարկմանը, թե Ալիևը ինքն է հայտարարել, որ պիտի ապահովեն «Արևմտյան Ադրբեջանի» բնակիչների վերադարձի ծրագիրը, Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Եկեք ամեն մեկը մեկնաբանի իր կալիբրի գործչի, ես երկրի ղեկավարը չեմ, որ մեկնաբանեմ այլ երկրների ղեկավարների հայտարարությունները։

Եթե Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի միջազգային հարցերով ներկայացուցիչը որևէ բան կհայտարարի, ես հաճույքով կմեկնաբանեմ, սա իմ տիրույթում չէ, բայց ես չեմ հավատում բոլոր այն սարսափելի զարգացումներին, որոնք դուք նկարագրեցիք»։

Հարցին էլ, թե դուք Հայ Առաքելական եկեղեցու հետևո՞րդ եք, պատասխանեց․ «Այո, ես ամեն կիրակի գնում եմ իմ շատ սիրելի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցի, այլ տեղեկություն իմ կրոնական, անձնական հավատքի հետ կապված պատշաճ չեմ համարում այս պահին քննարկել։ Թույլ տվեք չզբաղվել նաև քաղաքականությամբ կրոնական հարցերով»։

Ճշտող հարցին՝ թե Նիկոլ Փաշինյանն իր լիազորությունները չի անցնո՞ւմ Հայ Առաքելական եկեղեցու դեմ գործելիս, պատասխանեց․ «Վարչապետի լիազորությունների անցման-չանցման հետ կապված մեկնաբանողը չեմ, միջազգային իրավական վեճի չի հասել որևէ գործողություն, որպեսզի ես կարողանամ ասեմ, իսկ միջազգային իրավունքի տեսանկյունից, նաև իմ համեստ իրավական գիտելիքներով որևէ խախտում կառավարության կողմից ես չեմ տեսնում»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test