Մոսկվայում նոյեմբերի 5-ին կայացել է ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպում: Այդ մասին հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները: Իր խոսքում ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն անդրադարձել է նաև Հարավային Կովկասին, որտեղ, նրա գնահատմամբ, «ընդհանուր առմամբ իրավիճակը կայունանալու միտումներ ունի»: Շոյգուի կարծիքով, «խաղաղության գործընթացը պետք է առաջին հերթին ունենա տարածաշրջանային չափում»:
Այդ համատեքստում նա կարևորել է «3+3 հարթակի տարածաշրջանային խորհրդատվական խմբի աշխատանքի վերսկսումը»: Շոյգուն ընդգծել է, որ «կարևոր գործոն է տարածաշրջանի տրանսպորտային և կոմունիկացիոն կապերի ապաշրջափակումը, որի մասին ավելի վաղ պայմանավորվածություն ձեռք է բերվել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում»:
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի վերջին դիտարկումն, անկասկած, վերաբերում է քառասունչորսօրյա պատերազմից հետո տարածաշրջանի բոլոր հաղորդակցությունների բացման հարցերով ձևավորված աշխատանքային խմբին, որ ձևավորվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Օվերչուկի, Գրիգորյանի և Մուստաֆաևի մակարդակով և մի քանի հանդիպումներից հետո փաստացի դադարել է գործել:
Ռուսաստանյան մամուլի տեղեկատվությունից պարզ չէ՝ Շոյգուի նախաձեռնած հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԽ քարտուղարները մասնակցո՞ւմ են: Այդ մասին որևէ տեղեկություն առայժմ չի տարածել նաև ոչ Երևանը, ոչ՝ Բաքուն: Բայց անկախ դրանից, Շոյգուի պնդումը, որ ապաշրջափակման մասին «եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ավելի վաղ պայմանավորվածություն է ձեռք բերվել, փաստական առումով իրականությանը չի համապատասխանում այն պարզ պատճառով, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, անգամ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների անունից հայտարարություն չի տարածվել:
Ավելի քան զգաստացնող է Շոյգուի հայտարարության քաղաքական ենթատեքստը: Պնդել, որ Հարավային Կովկասում տրանսպորտային և կոմունիկացիոն կապերը պետք է ապաշրջափակվեն Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով «ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա»,-իսկ ՌԴ ԱԽ քարտուղարն ըստ էության դա է ասում,- նշանակում է ամենաբարձր մակարդակով չճանաչել Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված հռչակագիրը: Իսկ դրանից հետեւում է, որ Մոսկվան սկզբունքորեն չի ճանաչում նաև խաղաղության և հարաբերությունների կարգավորման մասին հայ-ադրբեջանական պայմանագրի նախաստորագրումը:
Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդների և ԱՄՆ նախագահի գագաթաժողովից մեկ օր առաջ նման հայտարարություն անել, միայն մի բան է նշանակում. Վլադիմիր Պուտինը մարտահրավեր է նետում Դոնալդ Թրամփին, փաստացի «խառնում» նրա հավա-կովկասյան «խաղաքարտերը»: Արդյոք դրանով չի՞ պայմանավորված Իլհամ Ալիևի «քարտեզագրական» խոսույթը: Չպետք է, երևի, հաշվեկշռից դուրս թողնել, որ Ադրբեջանում դինաստիական իշխանության երաշխիքները եղել և մնում են Մոսկվայում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test