Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ուշ, հուսամ` բայց ոչ ուշացած նամակ Արմինե Օհանյանին hraparak.am hraparak.am

time
Ուշ, հուսամ` բայց ոչ ուշացած նամակ Արմինե Օհանյանին

Սիրելի Արմինե, վաղուց քեզ չեմ գրել, չնայած առանց իմ գրի էլ թերթդ հրաշալի է: Շատ էի զբաղված ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀԱՅԻ ճակատագրի փնտրտուքներով, եւ հոգիս խռով էր, ու միտքս՝ թափառ, քանզի դժվար էր Թումանյանից, Դեմիրճյանից, Սարոյանից եւ մյուս մեծերի` հային բնութագրող խոսքից հետո, դժվար էր շատ նոր խոսք ասել…

Հասկացա նաեւ, որ մենք կորցրել ենք ի վերուստ մեզ տրված գաղտնի գիտելիքների բանալին ու փնտրելով շարունակ չենք գտնում: Եվ Հավերժական Հայի անհանգրվան հոգին հորդում է մեր ներսում եւ չի կարողանում տեղավորվել մեր անցողիկ մարմնի մեջ…

Մեր շքամուտքի բաց դռնից անսպասելի ներս խուժեց թափվող տերեւների երամը, եւ ես հասկացա, որ այս տարվա աշունն է հաստատվում իմ մեջ, եւ տրտմություն իջավ հոգուս: Ու այդպես, սիրելի Արմինե, որոշեցի գրել քեզ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀԱՅԻ մասին, ում շարունակ փնտրում եմ:

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀԱՅԸ

Նվիրում եմ Ամենայն Հայոց Հայրապետին` Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին

Հայը անմահության ճանապարհի գերի է, միշտ պատրաստ է զոհվելու, բայց արի ու տես, որ մեռնել, անհետանալ չի ուզում:

Լինելով աշխարհի ամենահին ազգերից մեկը կամ ամենահինը` երբեք արյունակից-ցեղակից ազգություններ չունեցավ, մնաց մենակ: Հիմա էլ է մենակ ու չհասկացված, չճանաչված: Մենակ է ու աշխարհից խռոված, շարունակ արդարություն պահանջող, ումի՞ց է պահանջում, չգիտի, գուցե՝ աշխարհից համայն, բայց չի ձեւակերպում՝ ո՞ր աշխարհից, ա՞յն, որ իրեն թվում է քաղաքակիրթ: Այնինչ ամենահին ու քաղաքակիրթ ազգը ինքն է:

Երբ Եղիշեն 1500 տարի առաջ մարդու` իր հավատով ապրելու իրավունք ու խղճի ազատություն էր պահանջում պարսիկներից, այնինչ քաղաքակիրթ Արեւմուտքն այդ արեց ընդամենը 100 տարի առաջ: Եվ այսօր մոռանալով իր քաղաքակիրթ անցյալը` շարունակ ուրիշից է պահանջում, եւ զարմանալին այն է, որ ինքն իրենից չի պահանջում:

Շատ է սիրում եկեղեցի կառուցել ու կառուցում է մենակ: Ի՞նչ է ուզում, որ իր անունն անմահանա, չէ՞ որ ինքը չի սիրում մեռնել-անհետանալ անհիշատակ: Մտնում է իր կառուցած եկեղեցին` աղոթելու, բայց ո՞ւմ է աղոթում` մեր Տեր Հիսուս Քրիստոսի՞ն, Հայր Աստծո՞ւն, վառվող մոմի՞ն, Սուրբ Հոգո՞ւն, թե՞ Աստծուց այն կողմ գտնվող Անհայտ-Անվախճանին` մտքում զգուշավոր մտածելով՝ իսկ Աստծուն ո՞վ է ստեղծել, ո՞վ ստեղծեց շարժումը ու սկիզբ դրեց ժամանակին:

Հայի միտքը ծանր է, ծանր է խոսքը, ծանր է քարը, որով նա եկեղեցի կամ տուն է կառուցում, ծանր է գերեզմանը, որը նույնպես քարից է կառուցում, քանզի ինչ անում է, բնազդով դա քայլելն է հավերժության եզրով, առնչվել անվախճանականությանը: Նա անմահությունն է երազում` հուսալով, որ քարի մեջ հավերժություն կա:

Հայն իր բնույթով նվաճող չէ, բայց իր ունեցած երկիրն իրեն շարունակ նեղ է թվում: Հավերժության ձգտող հոգին չի տեղավորվում մարմնի մեջ: Եթե ուրիշ ազգերն իրենց կյանքի ճանապարհներն ընտրում են հնարավորությունից դեպի իրականություն, ապա հայն ընտրում է անհնարինից դեպի իրականություն: Ինչու` ինքն էլ չգիտի:

Հայը զգայուն աշխարհում չի ապրում, այլ ապրում է գերզգայուն աշխարհում, որը հավերժական է ու չի փոփոխվում: Հայը գերզգայուն աշխարհի ճամփորդ է, որի ավարտը չի երեւում: Եվ հայը գնում է այնտեղ ոչ թե հասկանալու Աստծո ստեղծած աշխարհը, այլ` թե ով ստեղծեց, ծնեց Աստծուն: Չէ՞ որ ինքը Աստծո հետ առնչվում է առանց միջնորդի: Հավերժական Հայը մարգարե չի ընդունում, ոչ էլ Աստծո փոխանորդ` երկրի վրա: Եվ քրիստոսազգյաց իր Սուրբ եկեղեցու Հայրապետին հավատավոր հոտի Հովիվ է համարում եւ չվախենալով սրբապղծությունից` հաճախ դժգոհում է նրանից, դա կենցաղային հայն է …

Հավերժական հայը իր ներսում ապրող կենցաղային հայի հետ հաշտ չէ: Կենցաղային հայը թշնամիներ ունի եւ ատում է իր թշնամուն, հավերժական հայը վեր է ատելությունից, որովհետեւ ենթագիտակցական կյանքով է ապրում:

Հավերժական հայը քաջ է, չի վախենում զոհվելուց, չի մոռանում իր պատմության պանծալի էջերը, կենցաղային հայը պահանջատեր է եւ հավաքված հավերժական հայի դեմ` սուրճ խմելով բամբասում է քաջերին` թե ինչու, երբ ավելին կարող էին անել, բայց չարեցին:

Իսկ այդ ընթացքում հավերժական հայը Նարեկացի է ծնում իր միջից, ով ոչ թե վիճում է եկեղեցու, այլ վիճում է Աստծո հետ: Ու դժգոհում է, թե ինչու մարդուն կատարյալ չի ստեղծել եւ ինչու չի թողնում մոտենալ Իրեն ու շարունակ ուզում է Աստծուն մարդեղացնել եւ մարդուն աստվածացնել: Հավերժական հայը ստեղծում է Վահագնի Ծնունդը էպոսը, ուր պատմվում է աշխարհի արարումը, իսկ կենցաղային հայը ուրիշ ազգերի մեջ է փնտրում հնագույն իմաստնությունները:

Ժամանակների մեջ այնպես եղավ, որ Արեւելքի մեծ զինվոր Լենկ Թեմուրը գրավեց նաեւ Հայաստանը, ավերեց, թալանեց պալատներն ու շեները, բայց իր բարբարոս զինվորներին արգելեց մտնել Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար, ինքն էլ չմտավ: Հավերժական հայը հիշում է այս պատմությունը, իսկ կենցաղային հայը չգիտի եւ նույնիսկ պատրաստ է ինքը ներխուժել Մայր Տաճար` չվախենալով սրբապղծությունից, ու վիրավորել Աստծո ծառայողներին…

Ե՞րբ եւ ինչպե՞ս եղավ այս ողբերգական պառակտումը մեր հնագույն ազգի մեջ: Ազգ, որի ենթագիտակցության մեջ իր կորցրած մեծ Երկրի պատկերն է` Ավետյաց Երկրի պատկերը, Երկիր, որտեղ առաջինը ձուլեցին երկաթը, պղինձն ու բրոնզը, առաջինը ստեղծեցին գինին ու գարեջուրը, առաջինը վարժեցրին վայրի ձիերին ու լծեցին մարտակառքին:

Հետգրություն՝ աղոթքի փոխարեն

Տե՛ր Աստված, ձեռքդ հովհանի արա Հային ու Հային: Փարատիր նրանց աչքերին իջած մլարը, որ իրենք, ինչպես իրենց ստեղծարար նախնիները, առնչվեն հավերժությանը, չմնան գետնաքար, ոտաց կոխան ամենքի, շտկեն իրենց ողնաշարը եւ այլոց դեմ կանգնեն արժանապատիվ եւ ճանաչեն իրար: Արա այնպես, որ չմոռանանք մեր հնագույն աշխարհաստեղծ նախակերպը, եւ զրկիր չարափառներին Քո Սուրբ անունը տալու իրավունքից եւ ներիր կենցաղային հայի մեղքերը, որպեսզի չլինի այնպես, որ օրվա ուտելիքն ավելի թանկ համարվի, քան հայրենիքը` ինչպես այսօր, ու արթնացրու նրա մեջ հավերժական հային, որ պիտի հզորացնի իր չարչրկված, բայց աստվածընծա հայրենիքը` Մարդու հայրենիքը…

Ներիր, Տե՛ր, անմեղներին ու մեղավորներին, եւ խնդրում եմ՝ մի՛ մոռացիր նաեւ իմ մասին:

Մերուժան Տեր-Գուլանյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test