2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմում շատ հայորդիներ ոտքի կանգնեցին ու մեկնեցին մարտի դաշտ՝ իրենց հայրենիքի ու հողի նկատմամբ պարտավորված զգալով։ Նրանցից մեկն էլ «Արցախի հերոս», գեներալ-մայոր Արայիկ Գրիգորյանն էր:
Նա, զբաղեցրած պաշտոնի համաձայն, կարող էր նաև դիրքեր չբարձրանալ, բայց տեսնելով իր հայրենիքի համար օրհասական պահը, որոշել էր՝ պետք է երիտասարդների կողքին կանգնի և իր պայքարով նրանց օրինակ ծառայի։
44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում նա վստահ է եղել, որ Արցախը կանգուն է մնալու, Ադրբեջանը չի կարողանալու հասնել իր նպատակին ու բռնազավթել այն…
Արայիկ Գրիգորյանը զոհվեց 2020 թվականի նոյեմբերի 5-ին՝ Ասկերանի շրջանի Սղնախ-Շոշ գյուղերի պաշտպանական գծում, և այդպես էլ չիմանալով, որ 4 օր անց Հայաստանն Ադրբեջանի ու Ռուսաստանի հետ եռակողմ հայտարարություն է ստորագրելու, որով Արցախի մեծ մասն անցնելու է Ադրբեջանի հսկողության տակ, իսկ մոտ երկու շաբաթ անց՝ նոյեմբերի 25-ին՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, պետք է հանձնվեր նաև Մոնթեի ազատագրած Քարվաճառը։
Արայիկ Գրիգորյանի դստեր՝ Մարիամ Գրիգորյանի խոսքով՝ հայրը 2 տասնամյակից ավելի Ազգային անվտանգությունում բավականին պատասխանատու աշխատանք էր իրականացնում, սակայն, երբ սկսվել էր 44-օրյա պատերազմը, նա ամեն ինչ մի կողմ էր թողել և մեկնել էր ռազմաճակատ։
«Հայրս ռազմաճակատ մեկնեց, որպեսզի առաջնագծում իր ծառայակիցների հետ լուծեր կարևորագույն խնդիրներ, նաև լիներ երիտասարդների կողքին, նրանց օգներ։ Իր այդ քայլով նա ցույց տվեց, որ սպայի պատիվը, հայրենիքի նկատմամբ սերը, արժանապատվությունը շատ ավելի գերակա են, քան ցանկացած պաշտոն ու կոչում։ Նրա կարգախոսներից մեկն այն էր, որ պաշտոններն ու կոչումները երկրորդական են, իսկ հայրենիքի նկատմամբ սերն ու պարտավորությունն առաջին տեղում պետք է լինի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մարիամ Գրիգորյանը։
Հայրենիքի անվտանգության ոլորտի ամրապնդման գործում Արայիկ Գրիգորյանն ունեցել է մեծ ներդրում. Ստեփանակերտում ծնված և մեծացած գեներալ-մայորը շատ լավ գիտեր խաղաղության գինը և ճանապարհը, հենց դրան էլ նվիրել էր իր ամբողջ կյանքը։
Մարտակերտի, Հադրութի, Ասկերանի, Շուշիի և Արցախի այլ վայրերի պաշտպանության համար Արայիկ Գրիգորյանը մշտապես կանգնած էր առաջին շարքերում, իսկ այսօր, երբ Արցախն ամբողջովին կորսված է, մեծ ցավ է պատճառում գեներալ-մայորի դստերը, չէ՞ որ հայրը հենց այդ հողի համար մարտիրոսվեց։
«Չկա որևէ չափման միավոր, որով ես կարող եմ իմ անսահման սերն ու երախտիքը հայտնեմ հայրիկիս նկատմամբ։ Չնայած հայրս ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց հետաքրքիրն այն է, որ իմ և հայրիկիս միջև այսօր էլ այդ անքակտելի կապը կա, որովհետև ինքս ամեն օր նրա ներկայությունն իմ կյանքում զգում եմ։
Շատ կուզեի, որ նրա կատարած սխրանքները, որոնց մասին միայն այսօր են պատմում, քանի որ նրա գործն իր բնույթով գաղտնի էր, հայրիկիս շուրթերից լսեի, և նա իր ձեռքով ստանար իրեն շնորհված բոլոր պարգևները։ Հաղթահարելով մասնագիտական բազմաթիվ բարդություններ, հայրս կարողացել էր պահպանել իր մարդկային որակները, մարդասիրությունը»,- հավելեց Մարիամ Գրիգորյանը։
Գեներալ-մայորը կառչած լինելով իր հողին ու իր արմատներին, փորձել էր 2 դուստրերի մեջ ևս սերմանել հայրենասիրություն, մարդասիրություն, հայրենիքը, ընտանիքը նրա համար բացարձակ արժեքներ էին։ Երկու դուստրերի համար իրենց հայրը մշտապես եղել է այն ուղենիշը, որի տված խորհուրդներով ու թողած գաղափարներով են ապրել։
«Հայրս բավականին խիստ էր մասնագիտության մեջ, միևնույն ժամանակ՝ ջերմ, և այդ ջերմությունը նա տարածում էր ոչ միայն մեր ընտանիքում, այլև հարազատների ու գործընկերների շրջանում։ Երբեք չէր զլանում իր մասնագիտական ունակությունները փոխանցել երիտասարդներին, հավանաբար ինքս դասավանդելու ձիրքը հայրիկիցս եմ ժառանգել:
Հայրս աշխատանքային հստակ ժամանակացույց չուներ։ Բայց մենք ունեինք շատ լավ ընտանեկան սովորություն՝ Արցախում ապրելու տարիներին, եթե նույնիսկ 1 ժամ ազատ էր լինում, անպայման պետք է Ստեփանակերտում զբոսնեինք։ Այս զբոսանքի ընթացքում էլ քննարկում էինք մեր օրերը, իմ մասնագիտական կամ անձնական հարցերն էի քննարկում հայրիկի հետ։ Չնայած խիտ գրաֆիկին, նա կարողանում էր մեզ հետ ժամանակ անցկացնել, նա 2 թոռնիկ ունի, ես ուրախ եմ, որ թոռնիկներին տեսավ, այդ բերկրանքն ապրեց։
Հայրիկիս նախասիրություններից մեկն այգու մշակումն էր՝ մենք նռան այգի ունեինք, եթե հայրս ազատ ժամանակ ուներ, այդ այգին էր մշակում։ Վաղ առավոտյան կարող էր գնալ այգի, հետո վերադառնար տուն, հագներ իր համազգեստը և գնար աշխատանքի և երբևէ իր աշխատանքից չէր ուշանում։
Նաև ֆուտբոլ էր շատ խաղում՝ հիմնականում կիրակի օրերին 1-1,5 ժամ տրամադրում էր ֆուտբոլ խաղալուն։
Հայրիկիս զոհվելուց 3 տարի անց արդեն Արցախի ամբողջական կորուստը եղավ, չեմ կարող ասել, եթե նա ողջ լիներ՝ ինչ կլիներ, քանի որ իրադարձություններն այլ հունով էին ընթանում։ Բայց վստահ եմ՝ նրա ապրումները շատ ծանր ու բարդ կլինեին, այս կորուստը նա դժվար թե կարողանար հաղթահարել…
Երբ հայրս զոհվեց, Շուշին դեռևս չէր գրավվել, իսկ պատերազմի օրերին, երբ մեր հետ խոսում էր, երբևէ նման վերջաբանի մասին չէր խոսում, թեպետ անվտանգության նկատառումներից ելնելով՝ շատ բաներ հեռախոսով չէինք խոսում»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Արայիկ Գրիգորյանն Արցախի հետ կապված շատ մեծ ծրագրեր ուներ։ Դստեր խոսքով՝ Արցախում տուն էր կառուցում, քանի որ իր կյանքը երբեք չէր պատկերացնում Արցախից դուրս։
Նա շեշտում է՝ հայրն Արցախը, հատկապես՝ Ստեփանակերտ քաղաքը շատ էր սիրում։ Եթե այսօր հնարավոր լիներ գեթ 1 ժամով վերադարձնել անցյալը, ապա իր հայրիկի հետ միասին կրկին կհավաքվեին իրենց տանը՝ հարազատներով շրջապատված, հայրիկին կպատմեր, թե այսօր առանց նրա ինչպես է փորձում ապրել, կպատմեր այն մարդկանց մասին, որոնց վերաբերյալ կենդանության օրոք ավելի լավ պատկերացում ուներ։
«Այսօր մենք պարտավոր ենք հիշել մեր հերոսներին, յուրաքանչյուրի հիշատակի առջև հարգանք տածենք։ Կարծում եմ՝ այսօր առաջնահերթ է, որպեսզի մենք պահենք հայրենասիրությունը, արժանապատվությունը և միասնությունը։ Այս 3 հատկանիշները պահելու դեպքում հնարավոր կլինի պահել Հայաստանի անառիկությունն ու հայի արժանապատվությունը»,- ընդգծեց Մարիամ Գրիգորյանը։
Արայիկ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության Մարտական Խաչ 1-ին աստիճանի շքանշանով, 2021 թվականի նոյեմբերի 1-ին Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած անձնական արիության համար Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն Արայիկ Գրիգորյանին հետմահու շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում` շնորհելով «Ոսկե արծիվ» շքանշան: 2021 թվականի նոյեմբերի 5-ին հետմահու պարգևատրվել է «Սողոմոն Թեհլերյան» մեդալով:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test