ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խափանման միջոցի հարցով նիստը հետաձգվեց։ Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, որ նիստը հետաձգվել է՝ դատավոր Արամ Գրիգորյանի հետ կապված ինչ-որ խնդրի պատճառով։
Հիշեցնենք, երեկ երեկոյան դատախազությունը հրատապ միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Սերժ Սարգսյանի խափանման միջոցի հարցով։
«Կա մի գրություն, որում արձանագրված է նախադասություն՝ առկա են օպերատիվ տվյալներ, որ նախագահը մտադրված է ոչ իրավաչափ վարքագիծ դրսեւորել։ Դրա համար մեղադրանքի կողմը միջնորդել էր արտահերթ նիստ գումարել եւ խափանման միջոցներից հանրապետությունից բացակայելու արգելքը վերականգնել»,- ասաց Ռուբեն Հակոբյանը ՝ մանրամասներով, որ այս միջնորդության քննությունը դեռ երեկ երեկոյան 22․00-ին էր կայացել, բայց քանի որ Սերժ Սարգսյանին պատշաճ ծանուցում ուղարկված չէր եղել եւ նա ներկա չէր եղել, նիստը հետաձգվել էր եւ նշանակվել այսօր՝ 14․30-ին, որպեսզի դատարանը լսի Սերժ Սարգսյանի կարծիքը դատախազության միջնորդության վերաբերյալ։
Պաշտպանի փոխանցմամբ՝ չորս առանձին քրեական վարույթներ էր դատարան մուտք եղել, չորսով էլ խափանման միջոցի արգելքը վերականգնելու հարցն է։
Դրանցից մեկով դատարանն այսօր որոշում կայացրեց եւ մերժեց դատախազության միջնորդությունը։
Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, պաշտպանն ասաց, որ ինքը տեղեկություն չունի՝ արդյոք Սերժ Սարգսյանը մտադիր էր մեկնել Հայաստանից, բայց վկայակոչեց ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, ըստ որի, մեղադրյալ համարվող անձը եթե անգամ բնակության վայր է փոխում, պարտավոր է իրավասու մարմնին տեղեկացնել։
Մանրամասները՝ տեսանյութում
Հակակոռուպցիոն դատարանում Սերժ Սարգսյանին վերաբերվող երկու՝ միավորված գործեր են քննվում․ մեկը քննում է դատավոր Գիվի Հովհաննիսյանը, մյուսը՝ Արամ Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, երկու գործ էր քննվում. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի եւ Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ՝ Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքներում գտնվող «Տոյոտա» ավտոսրահին պատկանող հողատարածքների գործը։ Այս գործով երրորդ նախագահին մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին․ խոսքը հողերի օտարման մասին է։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր ՀՀ երկրորդ նախագահին պատկանող «Տոյոտա-Երեւան»-ին փոխանցելու համար, էժան գնով է վաճառել: Իշխանությունը շահարկում է հողակտորների՝ Եռաբլուրին մոտ լինելու հանգամանքը, սակայն այդ հողակտորները մեծամասամբ Եռաբլուրի դիմացի մայթին են, դրանց մի մասն էլ Չինաստանի դեսպանատան կառուցմանն է հատկացվել։ Սերժ Սարգսյանի փաստաբանը հայտարարել է, որ իրականության հետ կապ չունեցող մեղադրանք է` քաղաքացիաիրավական գործարքները դատախազությունը քրեականացրել է։ Մյուս գործը գործարար Սիլվա Համբարձումյանի՝ «դարի կաշառքների» գործն է, որով անցնում են բազմաթիվ պետական պաշտոնյաներ։ Այս գործով վաղեմության ժամկետը լրացել է դեռ երկու տարի առաջ: Դատավորը միավորեց գործերը։ Նախագահ Սերժ Սարգսյանին վերաբերող այլ վարույթներ էլ կան, պայմանական ասած՝ «Բաղդասարովի գործը»:
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test