Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Եվրոպան մեծ ներդրումներ է կատարում պաշտպանական ոլորտում, և ժողովրդավարությունը փխրուն է թվում»․ Ալեն Բերսե aravot.am aravot.am

time
«Եվրոպան մեծ ներդրումներ է կատարում պաշտպանական ոլորտում, և ժողովրդավարությունը փխրուն է թվում»․ Ալեն Բերսե

«Եվրոպայի խորհրդի յոթանասունհինգ տարվա պատմությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածների մեջ է ամփոփված։ Կոնվենցիա, որը ծնվել է ավերակների միջից, որ կանխի մթության վերադարձը, կոնվենցիա, որն ամեն օր հարստանում է Ստրասբուրգի դատարանի նախադեպերով»,-Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 75-ամյակին նվիրված արարողության ժամանակ հայտարարեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։

Նա փաստեց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան կենդանի, շնչող փաստաթուղթ է, որը զարգանում է մեզ հետ միասին․ «Փաստաթուղթ է, որը պաշտպանում է թույլերին, պարտավորեցնում է հզորներին և աջակցում է մայրացամաքի դատարանների աշխատանքին։ Քանի դեռ այն մեր կյանքի մի մասն է, Եվրոպան ևս մեզ հետ կլինի»։

Խոսելով փոփոխվող աշխարհի մասին՝ Ալեն Բերսեն ասաց․ «Հայտնվում են նոր սահմաններ՝ թվային, էկոլոգիական և աշխարհաքաղաքական։ Արհեստական բանականությունն արդեն ձևավորում է մեր որոշումները։ Կլիմայի փոփոխությունը փորձության է ենթարկում մեր ամենահիմնական իրավունքները։ Կոնվենցիան պետք է ընդունի այս դարը ևս, ինչպես ընդունեց նախորդը՝ ոչ թե փակվելով, այլ բացվելով ապագայի առաջ»։

ԵԽ գլխավոր քարտուղարը փաստեց՝ ԵԽ բոլոր անդամները, որոնք ստորագրել են կոնվենցիան, ունեն նույն պարտավորությունը՝ պաշտպանել մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը։ Եվ պետք է դա անեն Եվրոպական դատարանի հսկողության ներքո, որն ապահովում է Կոնվենցիայի կիրարկումը։ Դատարանի վճիռների կատարումը բոլորիս համատեղ պարտականությունն է։ Դա պարտավորություն է՝ վերականգնելու արդարության և իրավունքի գերակայության նկատմամբ վստահությունը։ Սա նաև անհրաժեշտություն է՝ պահպանելու Կոնվենցիայի համակարգի և ազգային ինստիտուտների վստահելիությունը՝ Եվրոպայում և դրա սահմաններից դուրս։ Ահա թե ինչու է պետությունների հետ շարունակական երկխոսությունը կենսական՝ համակարգի ճիշտ գործարկման համար։ Յուրաքանչյուր դեպքի պարագայում Դատարանը պաշտպանում է իրավունքի գերակայությունը և անձնական իրավունքները։ Այդպիսով պահպանվում է վերահսկողությունների և հավասարակշռությունների այն համակարգը, որը մեր պետությունները համատեղ կառուցել են։ Սակայն մենք պետք է ապահովենք, որ համակարգի ներսում գործող մարմիններն ունենան գործելու հնարավորություն։ Ազգային իշխանությունները պետք է ունենան անկախություն և կարողություն՝ կիրառելու Կոնվենցիան։ Իսկ Դատարանը և Կոնվենցիայի մարմինները պետք է ունենան բավարար ռեսուրսներ՝ իրենց առաքելությունն իրականացնելու համար»։

ԵԽ գլխավոր քարտուղարի հավաստմամբ՝ Կոնվենցիայի պահպանումը նշանակում է վերաարտահայտել այն ժողովրդավարական արժեքները, որոնք այն ներկայացնում է․ «Մարդու իրավունքներ չեն կարող լինել առանց ժողովրդավարության։ Եվ ժողովրդավարություն չի կարող լինել առանց իրավունքի գերակայության։ Այս սկզբունքներից ցանկացած շեղում երբևէ աներևակայելի էր թվում։ Սակայն այսօր դրանք կրկին սպառնալիքի տակ են։ Եվրոպան մեծ ներդրումներ է կատարում պաշտպանական ոլորտում, և ժողովրդավարությունը թվում է այնքան փխրուն։ Եվրոպան վերազինվում է, բայց հասարակությունը մնում է անպաշտպան։ Ահա սա է հակասությունը և, առավել ևս, վտանգը։ Հետևաբար ժողովրդավարական անկման հետևանքով ծայրահեղական խմբերը կարող են իշխանության գալ սպառազինված պետությունում։ Իսկ ո՞ւմ վրա կուղղվեն այդ զենքերը, ո՞ր արժեքների անունից։ Մենք պետք է ունենանք Եվրոպայի համար նոր Ժողովրդավարական դաշնագիր՝ ժողովրդավարությունը կրկին մեր անվտանգության սրտում դնելու համար։ Մեր աշխատանքը այս դաշնագրի շուրջ արտահայտում է մեր ընդհանուր կամքը։ Այն հիմնված է Կոնվենցիայի վրա։ Եվ Դատարանի հետ երկխոսությունը շարունակում է մնալ դրա հիմնական շարժիչ ուժերից մեկը»։

Հիշեցնելով BBC-ի լրագրողի՝ իրեն ուղղված հարցը, Ալեն Բերսեն ասաց․ «Հարցին՝ ի՞նչ կլինի Կոնվենցիայի հետ յոթանասունհինգ տարի անց։ Այն կշարունակի՞ գոյություն կունենալ։ Ես պատասխանեցի՝ փաստացի, մենք պետք է հարցնենք՝ արդյոք մենք դեռ արժանի՞ ենք դրան։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան այն հազվագյուտ փաստաթղթերից է, որը չի նկարագրում, թե ինչպիսին է աշխարհը, այլ՝ ինչպիսին կարող է դառնալ։ Մեր ժամանակների ցնցումների պայմաններում մենք պետք է այն պահենք կենդանի և ուժեղ։ Այն երաշխիքն է ազատության և անվտանգության, արդարության և պատասխանատվության միջև հավասարակշռության»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ստրասբուրգ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test