Ընդունե՞լ, որ մեր վարքը պայմանավորված է նաեւ անցյալով, թե՞ ձեւ անել, որ նոր ենք ծնվել
Մի հարց եմ ինձ տալիս, որը միայն առաջին հայացքից է վերացական կամ զուտ տեսական, «փիլիսոփայական» թվում: Իրականում անմիջական կապ ունի մեր այսօրվա իրականության հետ: Արդյոք ես այս մոլորակում ներկայացնում եմ միայն ինքս ի՞նձ, թե՞ նաեւ, օրինակ, իմ ծնողներին, իմ նախնիներին: Կամ գուցե ինձ նման մտածող (հավանաբար, փոքրաթիվ) մարդկանց:
Հարցն արդիական է հետեւյալ պատճառով: Եթե ես միայն ինձ եմ ներկայացնում, ուրեմն ամեն ինչ ես եմ ընտրել, եւ իմ ազգությունը, կրոնը, սեռը, մարմինը ես ազատ եմ փոխել, ընդ որում, դա անել պարբերաբար, մի քանի անգամ: Այսօր ես քրիստոնյա եմ, վաղը բուդդիստ, մյուս օրը՝ մահմեդական: Կամ՝ այսօր ես տղամարդ եմ, վաղը՝ կին եմ, իսկ այնուհետեւ՝ «որոշ մասերով»՝ կին, «այլ մասերով»՝ տղամարդ: Կամ՝ շուն: Ի՞նչն է ինձ այս մոտեցման դեպքում խանգարում ընդհանրապես մարդ չլինել:
Այդ մոտեցման համաձայն՝ իմ հետեւում, ինձնից առաջ ոչինչ չկա: Ինձ ոչինչ չի պարտադրում լինել տղամարդ, հայ կամ, եթե թույլ տաք «փիս բառ» օգտագործել՝ մտավորական: Ըստ այդ տրամաբանության՝ իմ անձնական պատմությունը սկսվել է «զրոյական կետից»՝ 1960 թվականից: Դրանից առաջ ոչինչ չի եղել՝ օրինակ, գոյություն չունեն այն գրքերը, որոնք գրվել են ինձնից առաջ: Չէ, կրթվելն, իհարկե, կարեւոր է: Բայց՝ միայն «փող շինելու» համար: Որքան կրթվում ես, այնքան քո նյութական բարիքները շատանում են, եթե չկրթվես՝ աղքատ կմնաս: Բայց մնացած իմաստներով, համաձայն «նորաձեւ կրթության», գիտելիքը, մշակույթը բեռ է, որը սահմանափակում է իմ ազատությունը:
Ես անձամբ այդ «նորաձեւ» եղանակով չեմ կարող ապրել: Անընդհատ հետադարձ հայացք եմ գցում այն չափանիշների վրա, որոնք գոյություն են ունեցել ինձնից առաջ: Ես կարող եմ դրանցից որոշներից հրաժարվել, կարող եմ նաեւ դրանց մի մասը վերանայել՝ բացատրելով, թե ինչու: Բայց վերցնել բոլորը եւ միանգամից, չարությամբ եւ ագրեսիայով գցել աղբարկղը՝ ոչ, ես չեմ կարող:
Եթե ես չեմ սկսվել «զրոյական կետից», ապա իմ երկիրը՝ առավել եւս: Անձի դեպքում զուտ ձեւականորեն նշվում է ինչ-որ տարեթիվ: Իսկ ո՞րն է Հայաստանի «զրոյական կետը»՝ 1918՞, 1920՞, 1991՞: Եթե որեւէ թիվ ընդունենք, ապա թերեւս կարող ենք համաձայնել այսօրվա բոլշեւիկների հետ, եւ ասենք, որ 2018-ից առաջ ոչինչ չի եղել: Բայց իրականում 5 հազար տարվա ընթացքում նման «կետեր» շատ են եղել: Եվ դարձյալ՝ արդյո՞ք պետք է մեր վարքի մեջ հաշվի առնենք այդ կետերը, թե՞ ամեն օր ձեւ անենք, թե նոր ենք ծնվել:
Դեռեւս նախորդ դարի 50-ական թվականներին գերմանացի փիլիսոփա Մարտին Հայդեգերը գրում էր ներկայի, առկայի բացարձականացման մասին: Սուբյեկտը մերժում է անցյալը՝ հանուն առկայի: Նրան այլեւս ոչինչ չի կանխորոշում:
Սուբյեկտն ինքն է ամեն ինչ ընտրում եւ հենց ա՛յս պահին է կերտում իր հոգին ու նույնիսկ, ինչպես գիտենք, մարմինը:
Եվ այստեղ փիլիսոփան առաջ է բերում «վրեժխնդրություն» հասկացությունը: Սուբյեկտը վրեժ է լուծում անցյալից, ոչնչացնում է անցյալը, այն ամենը, ինչը խանգարում է նրան լինել ինքն իր պատճառը: Եթե անցյալը մոռացվում է, ապա չկա ընտրություն նաեւ ներկայում, եւ դու շարժվում ես որոշակի արահետով, չկա նաեւ ապագա, կա միայն ներկայի շարունակությունը:
Ահա թե որտեղից է, իմ կարծիքով, գալիս այն ագրեսիան, մերժողականությունը անցյալի նկատմամբ, եթե կուզեք՝ անհավատությունը, ցինիզմը, որը հատուկ է բոլշեւիկյան «բռնկումների» ժամանակաշրջաններին: Ընդ որում, կարեւոր չէ, թե որ բոլշեւիկներն են գլուխ բարձրացրել՝ «սոցիալիստական», թե «ազատական», ինչպես հիմա: Կարեւորը «զրոյական կետից» սկսելու մոլուցքն է:
Ինչպես է այդ ամենն ավարտվում: Իհարկե՝ աղետով: Աղետ, որ, ցավոք, հնարավոր չէ կանգնեցնել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ 05.11.2025
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test