ՀՀ տարածքով նոր երթուղի բացելու դեպքում Վրաստանը կարող է կորցնել բեռնափոխադրումների 20%-ը
sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև նոր երթուղիների բացումից հետո Վրաստանը կարող է կորցնել տարանցիկ բեռների շուրջ 20 տոկոսը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Տրանսպորտային միջանցքների հետազոտման կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին։
Փորձագետը նշեց, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակման դեպքում տարածաշրջանում առաջին հերթին կսկսեն գործել ավտոմոբիլային երթուղիները: Նրա խոսքով՝ հաշվի առնելով երկաթուղու հայկական հատվածի անորոշ վիճակը՝ երկաթուղային հաղորդակցության գործարկման փուլը կտևի մոտ 5-6 տարի:
«Տարածաշրջանի երկրներն այդ ժամանակը կօգտագործեն լոգիստիկ երթուղիների վերլուծության և վերակազմակերպման համար։ Հայաստանի և Ադրբեջանի միջև բացվելիք ուղղություններն անխուսափելիորեն կկրճատեն Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների հոսքերը. կորուստները կարող են մոտ 1,5-2 մլն տոննա կազմել», - նշեց Ցագարեիշվիլին։
Նրա հաշվարկներով՝ կորուստները համարժեք են Միջին միջանցքի տարանցիկ հոսքի 15-20 տոկոսին։ Այժմ Վրաստանի տարածքով տարեկան մոտ 18-20 միլիոն տոննա բեռ է փոխադրվում։
Փորձագետն ընդգծեց՝ նման ծավալը չափազանց մեծ կորուստ է։ Նրա խոսքով՝ մրցունակությունը պահպանելու համար Վրաստանն արդեն այսօր պետք է քայլեր ձեռնարկի՝ վերանայի սակագնային քաղաքականությունը, զարգացնի ենթակառուցվածքները և խթանի բեռնափոխադրողներին:
Ցագարեիշվիլին ուշադրություն հրավիրեց նաև Կենտրոնական Ասիայի ներուժի վրա։ Միայն Ղազախստանում 2023 թվականին գեներացվել է 132 միլիոն տոննա բեռ, սակայն Վրաստան է մուտք գործել այդ ծավալի միայն 2 տոկոսը։ Փորձագետի կարծիքով՝ և՛ Վրաստանը, և՛
Հայաստանը պետք է ավելի ակտիվ պայքարեն այդ հոսքերի ներգրավման համար։
Նոր երթուղիների բացմամբ տարածաշրջանում մրցակցությունը կտրուկ կաճի։ Ընդ որում` Թբիլիսիի և Երևանի հիմնական խնդիրն է հնարավորինս շատ բեռներ ներգրավել Կենտրոնական Ասիայից և դրանք ուղղել դեպի սեփական տրանսպորտային միջանցքներ։
Բացի այդ, Վրաստանը կարող է զրկվել բեռնափոխադրումների հոսքի մի մասից, որն այժմ իր տարածքով Թուրքիայից Հայաստան է անցնում։ Այժմ բեռները տեղափոխվում են Վրաստան, վերաբեռնվում Թբիլիսիի տերմինալում, այնուհետև ուղևորվում
Հայաստան: Հայ-թուրքական սահմանի բացումից հետո այդ հոսքն ուղիղ կիրականացվի՝ շրջանցելով Վրաստանը։
Նշենք, որ Երևանը կարող է միանալ Միջին միջանցքին Կայան–Հրազդան երկաթգծի միջոցով։ Այդ դեպքում բեռները Չինաստանից Կասպից ծովով կհասնեն Ադրբեջան, այնտեղից երկաթուղային ճյուղով՝ Հայաստան, այնուհետև՝ Թուրքիա (Ախուրիկով)։ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի առանձին ճյուղավորում էլ կարող է լինել դեպի Վրաստան և Իրան (Սյունիքի մարզում երկաթուղու վերականգնման դեպքում): Տեսականորեն նույն Չինաստանից, Պարսից ծոցի ավազանի երկրներից, Հնդկաստանից ապրանքները կարող են կոնտեյներներով հասնել իրանական «Չաբահար» նավահանգիստ, այնուհետև Իրանից Հայաստան և այստեղից Եվրոպա՝ Սևծովյան ավազանի նավահանգիստներով։ Այս դեպքում Հայաստանը կապող օղակ կդառնա ոչ միայն մի քանի երկրի, այլև մի քանի տրանսպորտային միջանցքների համար։