Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Եթե հայը Հայաստանի համար չկռվի, ուրիշներն են կռվելու մեր հողերի համար hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Եթե հայը Հայաստանի համար չկռվի, ուրիշներն են կռվելու մեր հողերի համար

Գնդապետ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, մասնակցել է արցախյան պատերազմներին, վնասվածքներ է ստացել: Նա «Հրապարակին» պատմում է, որ, լինելով արցախցի, այժմ իր կյանքն ու ժամանակը նվիրել է բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնելու գործին: Նա նշում է, որ արցախցիներին օգնում է բնակարաններ կառուցելու եւ բարեկեցիկ կյանք ստեղծելու հարցերում: Ալեքսանյանի խոսքով` այժմ արցախցիներն ունեն մեր աջակցության կարիքը, խոսքը ոչ միայն նյութական օգնության մասին է, այլեւ` հոգեբանական:

- Ի՞նչ օգնության մասին է խոսքը:

- Ղարաբաղցիների համար բարեգործական ծրագիր եմ իրականացնում: Տներ եմ կառուցում նրանց համար, այս պահին` Ապարանում, Ծաղկահովիտում, հետո այլ շրջաններ ենք գնալու:

- Ի՞նչ բարեգործություն է դա, ո՞վ է ֆինանսավորում:

- Ղարաբաղցիներին հատ­կաց­ված միջոցներով օգնում ենք մարդկանց, որպեսզի կարողանան մի բան կառուցել: Ես` ինքս, էստեղից-էնտեղից փողեր եմ հայթայթում, գումարներ եմ խնդրում, եւ տարբեր աշխատանքներ ենք իրականացնում: Մարդկանց ուղղորդում ենք, թե որտեղ ինչ կարելի է կառուցել, ինչպես նաեւ՝ մարդկանց աշխատանքով ենք ապահովում: Մարդկանց հավաքագրում ենք, շուտով շինարարական աշխատանքներ պետք է սկսենք:

- Իսկ ի՞նչ ֆինանսական միջոցներով:

- Ֆինանսական հիմնական միջոցները սերտիֆիկատներն են, որոնք հատկացրել են մարդկանց, խոսքը չորս միլիոնանոց, հինգ միլիոնանոց, երեք միլիոնանոց սերտիֆիկատների մասին է, մնացած կազմակերպչական ծառայությունները մենք ենք հոգում, մեր սեփական միջոցներով, որպեսզի կարողանանք ամեն ինչ կազմակերպել:

- Կազմակերպչական ի՞նչ հարցեր կան:

- Հողերի չափագրում, հավաքագրումներ: Պատվերներ ենք տալիս, օֆիսային ծախսեր ենք հոգում, ինտերնետ կապեր եւ այլն:

- Քանի՞ արցախցու եք օգնել:

- Մոտ 150 ընտանիքի: Պատրաստ ենք արդեն շինարարություն սկսել Ապարանում:

- Ինչպե՞ս որոշեցիք արցախցիների հարցերով զբաղվել: Պետությունն ասում է` մենք ամեն ինչ անում ենք Արցախի ժողովրդի համար:

- Ես ղարաբաղցի եմ, սաղ գերդաստանս տեղափոխվել է այստեղ: Ինձ դիմել են օգնության համար, միտքս եկավ, որ եթե մերոնց համար անում եմ, պիտի բոլորի համար անեմ: Ինչ մի հոգու համար արած, ինչ` տասը հոգու, տարբերություն չկա: Ամենածանր գործերը, ծավալուն գործերն արել ենք, վերջացրել, տեղական իշխանություններից թույլտվություններ ենք ստացել, պրոյեկտներ ենք պատվիրել: Չորս շենքի պրոյեկտ եմ պատվիրել, արդեն պատրաստ է:

- Արցախցիները դժգոհում են սոցիալական ծրագրերից, որոնք պետությունն է տրամադրում: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Իրոք՝ դժգոհելու տեղ շատ կա, որովհետեւ գումարը քիչ է: Մի շնչի համար չորս միլիոնը շատ քիչ գումար է: Էդ փողով ի՞նչ կարող են գնել` ո՛չ կահույք, ո՛չ պետքական այլ իրեր: Ամենավատն այն է, որ այդ չորս միլիոնն էլ հեռու տեղերում ապրողներին են տրամադրում: Երեւանի եւ հարակից տարածքների բնակիչներին տրամադրում են ընդամենը երեք միլիոն: Մարդիկ մտածում են` գնան շրջաններ, ինչո՞վ զբաղվեն: Հո բոլորը մասնագիտությամբ գյուղատնտես չե՞ն: Բայց ամեն դեպքում ես իմ խնդիրը կոնկրետացրել եմ, ինձ էդ քաղաքականությունը չի հետաքրքրում, զբաղվում եմ կոնկրետ խնդիրներով:

- Ոմանք կարծում են, որ արցախցիները մի օր կարող են վերադառնալ իրենց երկիր եւ խաղաղ ապրել ադրբեջանցիների հետ: Ի՞նչ եք կարծում` կարո՞ղ է նման բան լինել:

- Աստված մեծ է, ինչո՞ւ ոչ, ամեն ինչ էլ հնարավոր է:

- Բայց կարո՞ղ են ադրբեջանցիների հետ ապրել:

- 70 տարի ապրել ենք, որ պետք լինի, էլի կապրենք: Բայց նայած թե ինչ պայմաններում: Առաջնահերթ պահանջն անվտանգությունն է: Եթե այն ապահովվի, ինչո՞ւ չէ: Մեր լեզուն, մեր մշակույթը, մեր կրոնը եթե լինեն ազատ, ինչո՞ւ չէ: Ամեն ինչ էլ կարելի է, հո մինչեւ վերջ պատերազմ չի՞ լինելու:

- Իլհամ Ալիեւը ժամեր առաջ է հայտարարել, որ Սեւանա լիճ գոյություն չունի, այն իրենց լիճն է` Գյոկչա անվանումով:

- Մենք պիտի ավելի վեհ մեզ պահենք: Ալիեւ-մալիեւ՝ ինչ ուզում են, թող խոսեն: Մենք ոչ թե Ալիեւին պետք է քննադատենք, այլ` մեզ: Ալիեւը խնդիր է դրել իր առաջ եւ ամեն գնով փորձում է հասնել դրան: Այդ մենք պիտի ուժեղանանք, բարգավաճենք, հզորանանք, որ կարողանանք դիմադրել: Մեր երկրին ամեն ձեւի պետք է անկախություն ապահովենք:

- Փաշինյանի իշխանությունը զինվորական ծառայությունը դարձրեց 1,5 տարի՝ նախկին 2 տարվա փոխարեն: Այդպես հնարավո՞ր է հզորանալ եւ առաջ անցնել թշնամուց:

- Ես զինվորական եմ, բանակը շատացնեն, թե պակասեցնեն, բան չի փոխվելու, պիտի բանակի որակը փոխեն: Կրճատումը կարեւոր չէ, ես որակի կողմնակից եմ, թող քիչ լինենք, բայց՝ որակյալ, ուժեղ, մարտական: Տեխնիկան զարգացել է, ամեն ինչ զարգացել է աշխարհում, բայց մենք հետ ենք գնացել: Ես մարտական հատուկ նշանակության զորքի հիմնադիր-հրամանատար եմ, բայց իմ խնդիրները լուծել եմ փոքր քանակությամբ մարդկանց հետ: Քանակին երբեք ուշադրություն չեմ դարձրել: Թուրքերն են միշտ քանակին ուշադրություն դարձրել:

- Եթե քանակն էական չէ, ինչո՞ւ են մարդկանց պարտադրում՝ տուն-տեղ, աշխատանք թողնել եւ մասնակցել վարչական հավաքներին:

- Երկու տարի է՝ ես ամեն ինչից հեռացել եմ: Եթե մի բան փոխում են, պետք է անպայման լրացնել այն:

- Բոլորն ուզում են, որ բանակն ուժեղանա, բայց ինչպե՞ս:

- Մարտական պատրաստակամությունը, մարտական ոգին: Զինանոցում պետք է լինեն ամենաարդիական զենքերը, այդ քոսոտ, էժան զենքերը չպետք է հավաքենք, բերենք Հայաստան: Ամեն ինչ պետք է լինի որակյալ: Հայ ազգը միշտ էլ հայրենիքի համար ոտքի է կանգնել: Ով էլ որ իշխանության գլխին լինի, մեկ է` մեր ազգը ծանր պահերին ոտքի է կանգնում: Միշտ էլ կռվողներ լինելու են: Եթե հայը Հայաստանի համար չկռվի, վստահ եղեք, որ ուրիշներն են կռվելու մեր հողերի համար:

- Արցախի համար էլ կռվեցին, բայց մեկ է` հանձնվեց:

- Այո, Արցախում լավ էլ կռվել են, կռվել է ողջ հայ ազգը, ոչ միայն ղարաբաղցիները: Պարզապես մենք շատ թույլ էինք տեխնիկապես: Մենք մի հատ դրոն չունեինք: Մեզ վերեւից էին խփում: Մենք թուրքի հետ այս անգամ չենք կռվել, մեզ խոցել են օդից:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test