ՄԻԵԴ Մեծ պալատը մերժել է Թուրքիայի արդարադատության նախարարության առարկությունը՝ կապված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սալահեթին Դեմիրթաշին ազատ արձակելու ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Երկրորդ պալատի կայացրած վճռի հետ: Քրդամետ կուսակցության համանախագահը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել և «ահաբեկչություն քարոզելու, ահաբեկչությանն օժանդակելու, ահաբեկչական զիված խմբավորումներին աջակցելու» մեղադրանքով քրեական պատասխանատվության է ենթարկվել 2016 թվականին և պատիժը կրում է Էդիրնեի ուժեղացված ռեժիմի բանտում:
Turkiye պարբերականը հրապարակել է Դեմիրթեշի արձագանքը, որ նա տարածել է ՄԻԵԴ Մեծ պալատի վճռի մասին տեղեկանալուց հետո: Քրդամետ կուսակցության համանախագահը համարում է, որ իր համար կարևորը «եղբայրության որոշումն է», այն, որ Թուրքիայի 86 միլիոն քաղաքացիները «պետք է ապրեն ոչ թե մեկը մյուսին հաղթելու, այլ միասնաբար ապագա կերտելու նպատակադրվածությամբ»:
Պարզորոշ հասկացվում է, որ Դեմիրթաշը բանտարկությունից ազատվելուց հետո վերստին քաղաքականությամբ զբաղվելու մտադրություն ունի: Գուցե պատահական զուգադիպություն է, բայց Դեմիրթեշի վերաբերյալ ՄԻԵԴ բարձրագույն ատյանի վճիռը հրապարակվել է Թուրքիայի նախագահ Էրդողանի և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչների հետ հանիպումից ոչ լրիվ մեկ շաբաթ հետո:
Թուրքիայի նախագահը ԺԴԿ խորհրդարանական խմբակցության հետ պարբերական հանդիպումներ է ունենում: Ըստ տեղեկությունների, այդ ձևաչափը «վաղուց փաստացի վերածվել է Էրդողան-Օջալան միջնորդավորված բանակցությունների»: Երկու շաբաթ առաջ Քրդական բանվորական կուսակցությունը հայտարարել է Թուրքիայից բոլոր զինված կազմավորումները դուրս բերելու մասին, ինչի դիմաց քրդերն ակնկալում են «քաղաքական ինքնություն և ազատ գործունեության երաշխիքներ»:
Բացառված չէ, որ Սալահեթին Դեմիրթեշը բանտից ազատ արձակվի և քաղաքական գործունեություն սկսի: Դա Թուրքիայի նախագահին հնարավորություն կտա հայտարարելու, որ «սկսվել է առանց ահաբեկչության դարաշրջանը»: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն, ըստ այդմ, կարող է ներկայանալ որպես «ազատ Թուրքիայում քրդերի օրինական ներկայացուցիչ», քանի որ Քրդական բանվորական կուսակցությունն իրավաբանորեն լուծարված է:
Տպավորություն է, որ Էրդողանը քրդերի հետ բազմաքայլ խաղ է սկսում, որի բուն նպատակը իրավունքների համար ձգտումներում քրդական ինքնության մասնատումն է: Եթե բանտից ազատ արձակվելու դեպքում Դեմիրթեշը մնա այն գծի վրա, ինչ հրապարակայնացրել է «թուրքական եղբայրության» ուղերձի տեսքով, ապա Թուրքիայի քուրդ բնակչության զգալի հատվածը նրան չի վստահելու: Բանն այն է, որ Էրդողանը և իշխող կուսակցությունը ոչ մի կերպ չեն ընդունում ՔԲԿ առաջնորդ Օջալանի ցմահ պատիժը վերացնելու առաջարկությունը:
Թուրքիայի ներքաղաքական կյանքի ինտրիգ պիտի համարել «Ազգայնական շարժում» կուսակցության Բահչելիի կոչը, որ Դեմիրթեշը «գործել է օրենքի շրջանակներում և պետք է բանտից ազատ արձակվի»: Ըստ երևույթին, «առանց ահաբեկչության Թուրքիա» նախագիծը մտնում է սկզբունքային որոշումներ կայացնելու փուլ: Թուրքիայի ներքին ժողովրդավարացումը և քաղաքական համակարգի ազատականացումը խիստ խնդրահարույց է, բայց նույնիսկ մեկ՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության և նրա համանախագահի հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը կարող է ազդել տարածաշրջանի զարգացումների, այդ թվում՝ հայ-թուրքական բանակցային գործընթացի վրա:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test