«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ Եվրոպական Միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում քաղաքականությամբ հետաքրքրված, տարբեր քաղաքական հայացքներ ունեցող 16-25 տարեկան ակտիվ երիտասարդների մասնակցությամբ կազմակերպել էր «Առաջնորդության լաբ» ինտենսիվ ճամբար-դասընթացը։
30 ճամբարականները հանրապետության տարբեր մարզերից էին, որոնք Գյումրի էին եկել զարգացնելու առաջնորդին հատուկ հմտությունները։
«Առաջնորդության լաբ» ճամբար-դասընթացի համակարգող Ջուլիետա Սարգսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ճամբարի նպատակը երիտասարդների ոչ միայն քաղաքական, այլ քաղաքացիական կարողությունները զարգացնելն է, որոնք կօգնեն նրանց իրենց համայնքներում դրական փոփոխություններ կատարելու։
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ սիմուլյացիոն խաղերի միջոցով կարողացել են այնպես անել, որ երիտասարդները մեկ իրենց պատկերացնեն համայնքի բնակչի դերում, ով բարձրաձայնում է համայնքային խնդիրները, մեկ էլ լուծողի՝ ավագանու անդամի դերում։
Ըստ մեր զրուցակցի, ճամբար-դասընթացը հնարավորություն է տվել մասնակիցներին ուսումնասիրել ընտրական գործընթացը, հաղորդակցման հմտությունները, քաղաքականության մեջ մեդիայի, կանանց դերը, «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը, հանդիպել փորձառու քաղաքական գործիչների ու մասնագետների հետ, բանավեճի մեջ մտնել քաղաքական տարբեր հայացքներ ունեցող հասակակիցների հետ։
Aravot.am-ը զրուցեց մասնակից երիտասարդներից մի քանիսի հետ, որոնք իրենց ապագան պատկերացնում էին քաղաքականության կամ դիվանագիտության ոլորտում։
Թե ինչ հատկանիշներ պիտի ունենա առաջնորդը, երիտասարդներից մի քանիսի շեշտադրմամբ՝ առաջնահերթը սկզբունքայնությունն է, ինքն իրեն չդավաճանելը, համեստությունն ու հավասարակշռվածությունն են։
Անի խոշորացված համայնքի Սառնաղբյուր գյուղի դպրոցի 11-րդ դասարանում սովորող Ռազմիկ Մելքոնյանի համար էլ մեծագույն առաջնորդը Ուինսթոն Չերչիլն է, որի կերպարով ոգեշնչվել է դեռ մանկությունից։
«Չերչիլը լավ խոսք ունի, ասում է՝ հանձնվելու ժամանակ չկա, այս սկզբունքով էլ նա Մեծ Բրիտանիան դուրս բերեց ճգնաժամից ու հենց պատերազմի տարիներին», -ասում է Ռազմիկ Մելքոնյանը։
Դպրոցահասակ երիտասարդը, որը պատրաստվում է միջազգային հարաբերություններ բաժնում սովորելու ու դիվանագետ դառնալու, նշում է՝ Հայաստանում չկա որևէ տեղանք, որտեղ մարդիկ չզբաղվեն քաղաքականությամբ, այն դարձել է բոլորի զբաղմունքը։
Իր ծննդավայր Սառնաղբյուրն այս առումով ամենաակտիվ տեղանքներից է․ գյուղամիջյան թեժ զրույցները հաճախ քաղաքական քննարկումներ են՝ երկրում տեղի ունեցող անցուդարձի շուրջ։
Թե ի՞նչ կփոխի հայկական իրականության մեջ, երիտասարդն ասում է․ «Իմ գործը տեսնում եմ արտերկրում՝ իմ երկրի շահերը ներկայացնելով, օգնելով իմ երկրին ճգնաժամերից դուրս գալու։
Պատերազմներին վերջ է դրվելու դիվանագիտության միջոցով, անլուծելի բան չկա»։
Երիտասարդին «Առաջնորդության լաբում» անչափ դուր է եկել առաջնորդության ու հաղորդակցման հմտություններին ծանոթանալը, տարբեր բնագավառների ազդեցիկ մարդկանց հետ շփվելը։
Դպրոցական երիտասարդի համար առաջնորդն այն անձն է, որը հրամաններ չի տալիս, այլ ոգեշնչում է թիմի անդամներին՝ տանելով ճիշտ ուղղությամբ։
Նշենք, որ վեցօրյա ճամբարի ավարտին ակտիվ երիտասարդները համատեղ թիմերով մշակել են «զրո» բյուջեով համայնքային նախաձեռնությունների նախագծեր, որոնք իրականացնելու են առաջիկա 3 ամսվա ընթացքում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test