Այս պահին ռուսական ցորենը երկաթուղով Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքով․ Պապոյան
sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Այս պահին ռուսական ծագման ցորենը ՌԴ-ից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։ Այս մասին իր
ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով դա որպես «ևս մեկ լավ լուր ապաշրջափակումից»։
«Նշեմ նաև, որ ղազախական ծագման ցորենը նույնպես ճանապարհին է և մոտ օրերս կհասնի Հայաստան՝ կրկին Ադրբեջանի տարածքով»,- գրել է Պապոյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո
հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, և առաջին նման տարանցիկ բեռը կլինի ՀՀ տեղափոխվող ղազախական հացահատիկը:
Ավելի ուշ ՀՀ էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ ղազախական ցորենի առաջին խմբաքանակը Հայաստան կմտնի Ակտաու–Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով։
Դրանից հետո վարչապետի մամուլի խոսնակ
Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։ Նա շեշտել էր, որ այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ։
Հոկտեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում հայտարարեց, որ ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան է տեղի ունենում՝ Ղազախստանից Ադրբեջանով և Վրաստանով ՀՀ է ներմուծվում հացահատիկ։