Միացյալ Նահանգները, որը միջնորդեց օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման մասին հռչակագրի ստորագրումը, իսկ մոտ մեկ ամիս առաջ կարողացավ հասնել Գազայում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև խաղաղության հաստատման ծրագրի առաջին փուլի համաձայնագրի ստորագրմանը, բազմաթիվ գործիքներ ունի կողմերի վրա ազդելու և համաձայնագրերի խախտումը թույլ չտալու համար։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոն վարիչ, դոցենտ Հայկ Քոչարյանը՝ զուգահեռներ անցկացնելով Վաշինգտոնի հռչակագրի և Գազայի համաձայնագրի միջև և խոսելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրն «Աբրահամյան համաձայնագրերի» համակարգի մեջ ընդգրկելու հնարավորության մասին։
«Գործիքները շատ են Միացյալ Նահանգների համար։ Գազայի պարագայում մի պահ եղավ, որ վտանգի տակ էր այդ համաձայնությունը, շատ կոշտ եղավ արձագանքն անձամբ Թրամփի կողմից, որ՝ «եթե մինչև վաղն այս հարցը չլուծեք, արդեն մենք ենք ձեզ ռմբակոծելու»։ Մոտավորապես այսպիսի մի միտք արտահայտեց։ Այնպես որ, մեխանիզմները շատ են, կա տնտեսական հազար ու մի գործիք, որը կարող է կիրառվել նաև մեր պարագայում։ Այլ խոսքերով՝ Ադրբեջանի համար շատ կարևոր է խոսել Միացյալ Նահանգների հետ, և դա Իլհամ Ալիևի համար ավելի մեծ արժեք ունի, քան մնացածը, որովհետև դա նաև լեգիտիմացման ձև է միջազգային հանրության և միջազգային գործընկերների աչքում։ Ուստի այստեղ հազար ու մի գործիքներ կան, որոնք այդ զանգելուն կարող են հետևել»,- մեկնաբանեց Հայկ Քոչարյանը։
Խոսելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների, մասնավորապես՝ Գազայում Իսրայել-ՀԱՄԱՍ, Իսրայել-«Հըզբոլլահ», Իսրայել-Իրան հակամարտությունների, Սիրիայում Ասադի վարչակարգի տապալումից հետո ստեղծված իրավիճակի և Պաղեստինի հարցի մասին՝ մասնագետն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ փոխվել է Մերձավոր Արևելքի անվտանգային միջավայրը և կտրուկ աճել է Իսրայելի դերը։
«Այն, ինչը պայմանականորեն անվանում ենք Մերձավոր Արևելք և նշում ենք հարևանությամբ գործող մեր տարածաշրջանը, բայց դրա մի մաս ենք։ Պետք է հասկանալ՝ ինչն է միավորում այս տարածաշրջանը։ Այս տարածաշրջանն այն տեսքով, որ այսօր երևակվում է և կարելի է տեսնել, կոմունիկացիաների խնդիրն է, որն ամբողջ տարածաշրջանը միացնում է՝ դարձնելով շատ միասնական մի ընդհանուր, ընդգրկուն տարածք, որը մենք անվանում ենք «Երեք ծովերի համակարգ», այսինքն՝ Կասպից, Սև և Միջերկրական ծովերի ավազանում գտնվող ամբողջ տարածքը, որը բնականոն իրար հետ կապված է, և բոլոր խնդիրները կարելի է հասկանալ նաև այս համատեքստում՝ այս պարադիգմայի (հարացույցի) մեջ դիտարկելով։
Ի՞նչ է տեղի ունենում՝ փոխվել է վերջին տարիներին անվտանգային միջավայրը, կտրուկ աճել է Իսրայելի դերն այս ամբողջում և դրանից բխող ձևափոխումներ են տեղի ունենում Մերձավոր Արևելքում, հատկապես՝ մեզ ծանոթ ավանդական խաղացողները՝ Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, սկսում են դերերի որոշակի վերաբաշխում այս տարածաշրջանում, և հետընթաց, որոշ դեպքերում՝ կարելի է նաև առաջընթաց դիտարկել։ Բայց հիմնական խնդիրն այն է, որ Իսրայելը սկսեց և վարում է հարևանությամբ ավելի ուժեղ բանակ, ավելի ուժեղ անվտանգության համակարգ ունեցող այլ պետություն չհանդուրժելու քաղաքականությունը, և դրանից են բխում բոլոր գործողությունները, և այն, ինչ արեցին և շարունակում են անել Լիբանանում, այն, ինչ արեցին Սիրիայում, ինչպես նաև՝ իրանա-իսրայելյան վերջին բախումներն ավելի ուժեղացրեցին տարածաշրջանում Իսրայելի դիրքերը»,- այսպես է Մերձավոր Արևելքի ընդհանուր իրավիճակը մեկնաբանում Հայկ Քոչարյանը։
Արաբագետի խոսքով՝ մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Իսրայելի և ՀԱՄԱՍ («Իսլամական դիմադրության շարժում») խմբավորման միջև Գազայի համաձայնագրի ստորագրումը փորձ էր արվում մեկուսացնել Իսրայելին ընդհանուր համաշխարհային քաղաքականության գործընթացներից, բայց համաձայնագրի ստորագրումը Թրամփի հովանավորության ներքո վերադարձրեց Իսրայելին «ձեռքսեղմումների» շրջանակ միջազգային թատերաբեմում։ Իսկ այս պահի դրությամբ ամենախնդրահարույց հարցը Գազայում մնում է ՀԱՄԱՍ-ի զինաթափման հարցը։ Զուգահեռաբար՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգ է մտցվում Գազայում միջազգային խաղաղապահ ուժերի ներգրավման հարցը։
Արևելագետի խոսքով՝ Թրամփի միջնորդությամբ Կահիրեում ստորագրված Գազայի համաձայնագրի առնչությամբ կա երկու կարևոր կողմ՝ Միացյալ Նահանգները, որը երաշխավորում է Իսրայելի կողմից պարտավորությունների կատարումը, և արաբական մի քանի երկիր, որոնք երաշխավորում են ՀԱՄԱՍ-ի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի ունեցած արարողության ժամանակ, ԱՄՆ նախագահը երկու կողմերին՝ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին ասել էր, թե՝ «եթե խնդիր լինի, կզանգեք ինձ»։
Ընդ որում, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված Վաշինգտոնի հռչակագրի պարագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է գալիս որպես վկա, և չեն նշվում հստակ մեխանիզմներ՝ ինչպես է Միացյալ Նահանգները երաշխավորելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը և ինչպես է կանխելու Ադրբեջանի կողմից հնարավոր նոր ագրեսիան։
Իսկ Գազայի համաձայնագրի պարագայում Միացյալ Նահանգները հանդես է գալիս որպես խաղաղության հստակ երաշխավոր, և ինչպես արդեն նշվեց վերևում՝ քննարկվում է նաև միջազգային խաղաղապահ ուժերի ներգրավման հարցը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test