Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Դատախազությունում կարդացել են՝ լիցենզիա են ստացել ՀԷԿ-ի կառուցման եւ շահագործման, ենթադրել են, որ ՀԷԿ-ը կառուցված է եւ շահագործվում է»․ Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի գործով զավեշտները aravot.am aravot.am

time
«Դատախազությունում կարդացել են՝ լիցենզիա են ստացել ՀԷԿ-ի կառուցման եւ շահագործման, ենթադրել են, որ ՀԷԿ-ը կառուցված է եւ շահագործվում է»․ Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի գործով զավեշտները

«Զավեշտն այն է, որ հաշվարկները նայելով՝ բավականին լուրջ հակասություններ ենք տեսնում՝ սկսած Վարուժան Ներսիսյանի՝ նախկինում՝ պետական մարմնում աշխատած ժամանակահատվածում աշխատավարձի մասով, որ դատախազությունը պատշաճ ուսումնասիրություն չի արել, այլ պետական ծառայողի միջինացված աշխատավարձ են գրել։ Նույնիսկ ջանք չեն գործադրել արխիվից կամ որեւէ այլ պետական մարմնից տեղեկատվություն ստանան։ Կամ՝ մի հայտնի ընկերությունից Վարուժան Ներսիսյանը վերջերս գումար է ստացել։ Դատախազությունը գրում է՝ քանի որ աղբյուրը չենք հասկանում՝ դիտում ենք ապօրինի։ Չեք կարողանո՞ւմ մի հատ գրություն գրեք՝ հարցրեք՝ ինչո՞ւ եք այս գումարը փոխանցել։ Ինչ պիտի անեք՝ հա՞յց հարուցեք, պատասխանողը գա ու ստիպված ինքը սկսի ապացուցել, թե ոչ քաղաքապետ ժամանակ ինչո՞ւ է այդ գումարը նստել իր հաշվին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եւ նրա որդու՝ Նաիրի Ներսիսյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ քննվում է Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եւ նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի գործը։

Վարույթը հարուցվել էր ԱԱԾ-ից ստացած գրության հիման վրա, ըստ որի Վարուժան Ներսիսյանի կողմից իբրեւ տիրապետվում է ապօրինի գույք․ 6-7 անուն անշարժ գույքի մասին է խոսքը, այլ անձանց պատկանող 3-4 ընկերությունների բաժնետոմսերի, մոտ 181 միլիոն դրամ գումարի եւ մոտ 100 միլիոն դրամի, որը, ըստ դատախազության ունեցել է Վարուժան Ներսիսյանը ու որի ծախսերը չեն կարողանում նույնականացնել։ Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը եւ նրա որդին՝ Նաիրի Ներսիսյանը ձերբակալվել էին հոկտեմբերի 17-ին՝ փողերի լվացման եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Վարուժան Ներսիսյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, սակայն դատարանն այն չի բավարարել։ Վարուժան Ներսիսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

Այս գործով, ըստ Ներսիսյանների շահերի մյուս ներկայացուցիչ՝ Արամ Օրբելյանի, ըստ էության դատախազությունն իրեն տարանջատում է պետությունից եւ, որպես սուբյեկտ անձնավորվում է․ «Իրականում շատ կարեւոր է ֆիքսել՝ հայցվորը ոչ թե կոնկրետ դատախազ է, որն անձնական հայց է ներկայացնում, այլ ՀՀ-ն է ներկայացնում։ Հետեւաբար, եթե այդ փաստաթղթերը՝ աշխատավարձի մասին տեղեկանքը, այլ եկամուտները, այդ թվում նաեւ գործուղման ծախսերը, որը պետությունն է տվել, դատախազությունը, եթե նույնիսկ ընդունենք, որ ինչ-որ տեղ հարցում է արել ու պատասխան չի ստացել, բավարար չի, որպեսզի համարենք՝ պետությունը բավարար-ջանասիրաբար իր ֆունկցիան իրականացրել է։ Սա կարեւոր հանգամանք է, որովհետեւ որոշ դեպքերում տեսնում ենք, որ դատախազն ինչ-որ հարցումներ է արել, բայց պատասխաններ չի ստացել։ Բայց երբ մենք հետեւողական փորձում ենք այդ հարցումներն անել, գնալ ուրիշ արխիվներ, այլ ստորաբաժանումներ նայել՝ պատասխանները ստացվում են»։

Պաշտպաններն ուշադրություն են հրավիրում Վարուժան ներսիսյանի հատկապես պետական պաշտոն զբաղեցրած ժամանակահատվածին, երբ աշխատավարձի չափը իրավական ակտով է որոշվում, կամայական չէ, մինչդեռ անգամ այդ պարագայում միջինացված թվերով են հաշվարկներ արվել։

«Իսկ ԱԱԾ-ի տված տեղեկատվությունը մենք հստակ հերքում ենք։ Իրենք ասում են՝ «Այգեվազ ՍՊԸ» տաքսի ծառայությունը Վարուժան Ներսիսյանինն է, որովհետեւ մեքենաներ է ձեռք բերել, մենք հստակ ասում ենք, որ ոչ թե Վարուժան Վերսիսյանն այլ իր որդին՝ Նաիրի Ներսիսյանն ունեցել է տաքսի-ծառայություն, բայց դա «Իջեւան սերվիս» տաքսի ծառայությունն է եւ մեքենաներն այնտեղ աշխատել են»,- գործի մանրամասներին անդրադարձավ Արամ Օրբելյանը՝ նկատելով, որ իրենց պաշտպանյալներին ավել գույքեր են վերագրվել․ «Ուղղակի, որովհետեւ իր ընկերն է եւ գույք է գնել՝ ընդ որում, այդ մարդը հստակ ցույց է տալիս, որտեղի՞ց է գնել, ինչպե՞ս է գնել»։

Զավեշտներից մեկն էլ այն էր, որ նախորդ դատական նիստում կոնկրետ տաքսի-ծառայության մասով դատախազն ասաց, որ «Առլիս» համակարգում որոնելով փորձել են գտնել ծառայության լիցենզիան՝ չի գտնվել ։ Մինչդեռ, ըստ պաշտպանների, հարցման արդյունքում դա բավական արագ կարելի էր պարզել։

«Կամ՝ ասում է՝ այստեղ ՀԷԿ եք կառուցել, չեմ տեսնում ինչ փող եք ծախսել այն կառուցելու համար, ուրեմն՝ ապօրինի գումարներով եք ՀԷԿ-ը կառուցում։ Այնինչ, ՀԷԿ առհասարակ կառուցված չէր։ Որեւիցե շինարարություն չէր արվել։ Նույնիսկ դատախազությունը չի էլ փորձել՝ գնալ եւ տեսնել՝ ՀԷԿ կա, թե՝ չկա։ Ուղղակի կարդացել են, որ լիցենզիա են ստացել ՀԷԿ-ի կառուցման եւ շահագործման, ենթադրել են, որ ՀԷԿ-ը կառուցված է եւ շահագործվում է»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Արամ Օրբելյանն էլ հավելեց՝ ՀԷԿ-ի մասով դատախազությունը մեկ այլ հայցով դիմել է եւ պահանջում է հողի նկատմամբ իրավունքները դադարեցնել, քանի որ շինարարություն չի արվել։ Ստացվում է, դատախազությունը տարբեր հայցեր է ներկայացնում՝ իրար հակասող բովանդակությամբ։

«Երբ դու հարցեր ես տալիս եւ դատախազության ներկայացուցիչները սկսում են հարցերից խուսափել՝ սա է բարդացնում աշխատանքը, քանի որ մենք չգիտենք ինչպե՞ս պաշտպանվել։ Մենք գիտենք՝ ինչպես պաշտպանվել, բայց արդար չի, երբ դու անձի դեմ բերել ես հայց, ուզում ես նրան ունեզրկել, բայց երբ հարցերով փորձում ենք պարզել հայցի հիմքերը՝ սկսում են մանյովրել, չպատասխանել, թե մենք դրա մասին ասել ենք, գնացեք ու ինչ-որ հաշվարկներ նայեք։ Հաշվարկները նայում ենք՝ սխալներ են մեջը։ Օրինակ, կա գույք, որը լրիվ այլ անձի է պատկանում՝ անծանոթ մեկին, բարեկամ էլ չի․ կան հիմքերը, թե այդ անձն ի՞նչ դրամական միջոցներով է տվյալ գույքը ձեռք բերել, բայց չգիտես ինչո՞ւ վերագրում են Վարուժան Ներսիսյանին։ Նախ՝ ասում են՝ գույքն ապօրինի է դու այդքան գումար չունեիր, որ դա գնեիր, հետո էլ՝ տարիների ընթացքում այդ մեծ գույքի վարձակալության ողջ գումարը, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, ցանկանում են բռնագանձել Վարուժան Ներսիսյանից»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Դիտարկմանը՝ դատախազության «փնթիության» հիմքը արդյոք քաղաքական է, քանի որ Վարուժան Ներսիսյանը նախկինում իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի անդամ է, Արամ Օրբելյանը պատասխանեց, որ իր կարծիքով երկու խնդիր կա․ մեկը կոնկրետ ստորաբաժանման աշխատանքը, մյուսը՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի, ընդհանուր առմամբ խնդրահարույց լինելը։ Իր գնահատմամբ, ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործով բովանդակային, խորքային ուսումնասիրություններ հայցվորի կողմից չկան․ «Տեսնում ենք փորձ՝ հատվածական գործողություններ անելու։ Ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործերով այս 3-4 տարիների ընթացքում, ինչ վարույթները գնում են, դատախազության պատասխանատուներն, ովքեր զբաղվել են այս գործերով, երկու անգամ փոխվել են։ Սա բերում է նրան, որ հաշվարկներում ինչ-որ խնդիրներ կան, հաշվարկները մինչեւ վերջ չեն պարզվում, գլոբալ քաղաքական խնդիր կա՝ ոչ թե պայմանավորված Վարուժան Ներսիսյանի հետ, այլ այս ամենի հետ։ Ամենաքաղաքական խնդիրը հենց օրենքի անվանումն է՝ «ապօրինի գույքի բռնագանձման»։ Դատախազության ներկայացուցիչներն ասում են՝ խոսքն այն գույքի մասին է, որոնց ծագման աղբյուրները չենք կարողանում գտնել, բայց հասնում ենք աբսուրդային իրավիճակների։ Օրինակ, հենց Վարուժան Ներսիսյանի գործով, տարվա ընթացքում ապօրինի է գնահատվել 301 դրամ․․․ Այսինքն, սա մեթոդոլոգիական լրջագույն խնդիր է, մեթոդոլոգիայի բացակայությունը ամենամեծ խնդիրն է։ Չի կարող պետության մեջ լինել մոդել, ըստ որի քաղաքացիները բոլորը գող եւ ավազակ են։ Չի կարող շրջկոմի բարձր պաշտոն զբաղեցնող մարդը օրինական չկարողանալ ապրել, իսկ իրենց հաշվարկով ստացվում է, որ չի կարող»։

Արամ Օրբելյանը նկատեց՝ ՍԴ որոշումից առաջ էլ քանիցս փաստաբանները բարձրաձայնել են հիմքերը եւ ծավալները պետք է կապված լինեն։ Ընդ որում, իր բնութագրմամբ, ՍԴ-ն բավական պահպանողական է հանդես եկել, շատ հարցերի չի անդրադարձել, քանի որ դատարանները կարող են որոշակի լուծումներ տալ, որպեսզի հակասահմանադրական վիճակ չառաջանա։

Վարուժան Ներսիսյանի գործով, պաշտպանները վստահ են՝ կոնկրետ արդյունքներ ունենալու են, բայց, առհասարակ, խնդիր են համարում այն, որ նման գործերով քաղաքացիները ստիպված են իրենց ժամանակն ու ռեսուրսները ծախսել։ Ուստի, գտնում են, որ կառուցակարգը պետք է խորքային փոփոխության ենթարկվի։

«Զարմանալիորեն, երբ քաղաքացին ռեսուրս է ներդնում, օրինակ, Ազգային արխիվից տեղեկատվություն ստանում է, բայց դատախազությունը դիմում է եւ չի ստանում»,- տարակուսանք արտահայտեց Արթուր Հովհաննիսյանը։ Արամ Օրբելյանն էլ գտնում է, որ նման առնվազն երկրորդ դեպքից հետո, դատախազությունը ինքը պետք է գործընթացը կանգնեցներ, քանի որ իր ջանքերն անարդյունավետ են ու փոփոխություններից հետո միայն շարունակեր։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test