Խորհրդարանական ընտրություններից ընդամենը յոթ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը փորձում է սարսափ ու վախ ներշնչել հասարակությանը, իր քաղաքական ընդդիմախոսներին, նրանց ցուցադրելով իր ունեցած զենքն ու զինամթերքը, ինչպես նաեւ՝ դրանք կիրառելու պատրաստ ուժերը: Նոյեմբերի 1-ին նա ներկա գտնվեց ոստիկանության գվարդիայի գործարկման արարողությանը: Սկզբնապես նախատեսվում էր, որ այս կազմավորումը կոչվելու է Ազգային գվարդիա, բայց Հայաստանում ոչինչ չի կարող ազգային լինել, առավել եւս՝ ոտիկանության ստորաբաժանումը: Մանավանդ որ այդ ստորաբաժանումն ուղղված է լինելու ազգի դեմ. ինչպե՞ս կարող է ազգային գվարդիան զենք կամ ուժ կիրառել ազգի դեմ, տրամաբանորեն՝ այն ազգին պաշտպանելու համար է: Մինչդեռ «ոստիկանական գվարդիա» անվանումը նշանակում է, որ այն ունի այլ նշանակություն` ոստիկանական` պատժիչ, ուղղված է լինելու Փաշինյանի քաղաքական հակառակորդների դեմ:
«Մեր խնդիրը պետությանը քաղաքացուց պաշտպանելը չէ, մեր խնդիրը քաղաքացուն պետությունից պաշտպանելն էլ չէ, մեր իրական խնդիրը քաղաքացուն պաշտպանելն է պետության միջոցով»,- ոստիկանական գվարդիայի գործարկման արարողության ժամանակ ասում է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը: Հայտնի չէ միայն, թե այդ ումից է քաղաքացուն պաշտպանելու ոստիկանության գվարդիան: Մինչդեռ Փաշինյանն իր ելույթում հերքում է նախարարի պնդումը եւ տրամագծորեն հակառակն է ասում՝ ամբողջովին բացահայտելով այս կառույցի ստեղծման եւ գործունեության նպատակը. «Քաղաքացիների համար պետք է թափանցիկ լինի` որ դեպքում եւ ինչ պայմաններում ոստիկանությունն ու ոստիկանության գվարդիան կարող են ուժ կիառել, ոստիկանության ծառայողի համար էլ պետք է թափանցիկ լինի, նա պետք է իմանա` որն է ուժի կիրառման իրադրությունը»:
Այնուամենայնիվ, ոստիկանության գվարդիան ստեղծված է քաղաքացու դեմ ուժ կիրառելու համար, եւ դրա մասին պետք է իմանա ինչպես քաղաքացին, այնպես էլ ոստիկանության գվարդիայի ծառայողները: Ւսկ ո՞րն է այն սահմանը, որից հետո ոստիկանական գվարդիան պետք է ուժ կիրառի, երբ քաղաքացիները, հասարակությունը սպառնում են Փաշինյանի իշխանությանը, եթե իշխանության համար սպառնալիք չկա, ուժի կիրառման անհրաժեշտություն էլ չկա: Ցուցադրվող կադրերում Փաշինյանը ներքին գործերի նախարարի ուղեկցությամբ ծանոթանում է ոստիկանական գվարդիայի տեխնիկական միջոցներին, նոր սպառազինությանը` արտասահմանյան արտադրության ավտոմատներ, ատրճանակներ, մահակներ, վահաններ, զրահաբաճկոններ, դիմակներ․ ո՞ւմ դեմ է ուղղված այդ սպառազինությունը, ումի՞ց են պաշտպանում քաղաքացուն: Կա համայնքային ոստիկանություն, որը լուծում է համայնքային նշանակության խնդիրներ, զբաղվում է մանր հանցագործությունների կանխարգելմամբ, դրանց դեմ պայքարով, կա քրեական ոստիկանություն, որը զբաղվում է ավելի բարդ քրեական գործերի դեմ պայքարով, իսկ ինչո՞վ է զբաղվելու ոստիկանական գվարդիան: Ոստիկանության այս հատուկ ստորաբաժանման նպատակը իշխանությանը եւ իշխանավորներին պաշտպանելն է:
Փաշինյանը հասարակությանը ցույց է տալիս, թե՝ տեսեք, ինչպիսի նոր եւ ժամանակակից սպառազինություն ենք ձեռք բերել ձեր դեմ, այդ սպառազինությունը գնվել է մեր արեւմտյան հովանավորների աջակցությամբ, ինչը նշանակում է, որ նրանք մեզ լիարժեք թույլտվություն եւ հավանություն են տալիս՝ այդ զենքը ձեր դեմ ուղղելու համար: Դուք պետք է իմանաք, որ մեր դեմ, մեր իշխանության դեմ հանդես գալու դեպքում այս ամբողջ զենքն ու զինամթերքը, տեխնիկական միջոցները կիրառվելու են ձեր դեմ: Գուցե նա դրանով նաեւ իր անհանգիստ միտքն է հանգստացնում, որ ամեն վայրկյան մտածում է իշխանության կորստի եւ դրա հնարավոր հետեւանքների մասին:
Մի՞թե պարզ չէ, որ չի կարող հավասարություն լինել, եթե կողմերից մեկը` իշխանությունը, զինված է, իսկ մյուս կողմը` հասարակությունը, ընդդիմությունը՝ անզեն: Որտե՞ղ եք տեսել, որ զինված ու անզեն մարդու միջեւ մրցակցություն լինի, իսկ մեր դեպքում այդ մրցակցությունը վերածվել է հակամարտության: Ինչ-որ մեկն ասել է, որ հրացանն իշխանություն է ծնում: Փաշինյանը, ցուցադրելով այդ զենքերը, նկարվելով այդ զենքի ու դա կիրառողների ֆոնին, ուզում է ասել՝ ահա, տեսեք իմ ու ձեր տարբերությունը, տեսեք իմ ուժը, իմ իշխանության աղբյուրը:
Բայց սեղաններին շարված ավտոմատներն ու ատրճանակներն իրենք իրենց չեն կրակում, դրանք գործի են դնում մարդիկ, արդյո՞ք այդ մարդիկ պատրաստ են մի մարդու իշխանությունը պահելու համար վերածվել մարդասպանների, թեկուզեւ՝ վարձու մարդասպանների:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test