Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Ուզում եմ գումար հավաքել ու տուն գնել, բայց Արփունքում չէ». արցախցի Անուշ Հովսեփյան hetq.am hetq.am

time
«Ուզում եմ գումար հավաքել ու տուն գնել, բայց Արփունքում չէ». արցախցի Անուշ Հովսեփյան

2023 թվականի սեպտեմբերի 26-ին Անուշ Հովսեփյանը վերցրել է ունեցած խնայողությունները, մի քանի տաք շոր ու լքել Արցախի Վերին Հոռաթաղ գյուղի իր տունը։ Տեղահանվելուց հետո հաստատվել է Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղում։ Հարազատներ ունի այս գյուղում․ մայրը, եղբայրը` ընտանիքի հետ, այս գյուղում են ապրում։ Ասում է` դրա համար է որոշել հաստատվել Արփունքում։

Անուշի ընտանիքը 1988 թվականի ջարդերի ժամանակ է Ադրբեջանից տեղափոխվել այս գյուղ։ 2023-ին տեղահանվելուց հետո էլ Անուշին գյուղի բնակիչներից մեկի հարազատները, որոնք Երևանում են ապրում, առաջարկել են Արփունքի իրենց տանը ապրել։

«10 տարի այս տանը ապրող չկար, կեղտոտ էր: Մաքրեցի, հավաքեցի, սենյակներից մեկը թեթև վերանորոգեցի, որ գոնե քնելու նորմալ տեղ ունենամ»,- ասում է Անուշը։

Արփունքում հաստատվելուց հետո Վարդենիսում չորս ամիս խոհարարության դասերի է գնացել․ խոստացել էին խոհարարի աշխատանք գտնել իր համար։

«Ինքս էլ եմ փորձել աշխատանք գտնել։ Դեռ գործ չեն առաջարկել, միայն որոշ սարքեր են տրամադրել»,- նշում է Անուշ Հովսեփյանը։ Խոհարարի աշխատանքի համար դիմել է դպրոցի տնօրենին, բայց դպրոցում խոհարար արդեն ունեն։ Արցախում էլ մի քանի տարի խոհարարությամբ է զբաղվել։ Մինչ այդ, Վերին Հոռաթաղի դպրոցում որպես հավաքարար է աշխատել։

2017 թվականին՝ ամուսնուց բաժանվելուց հետո, երեխաների հետ էր ապրում, չնայած աշխատանք չունենալու պատճառով դատարանը երեխաներին հանձնել էր հոր խնամակալությանը։ Ավագ որդին Արցախում պայմանագրային զինծառայող է եղել, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին դիրքերում էր։

Որդու՝ դիրքերից իջնելուց հետո Ռազմական ոստիկանության մեքենայով ինքն էլ է դուրս եկել գյուղից։ Սեպտեմբերի 31-ին Անուշն արդեն Արփունքում էր։ «Կյանքն Արցախում նույնպես դժվար էր։ Ուղղակի այստեղ՝ Արփունքում, մենակ եմ, երեխաներիցս հեռու»,- ասում է Անուշը։ Անուշի երեխաները հոր հետ Աբովյանում են ապրում։ Ասում է՝ իրենց հետ ապրել չի կարող, Աբովյանում վարձով ապրել՝ նույնպես․ Արփունքում գոնե տան վարձ չի տալիս։

«Ուզում եմ գումար հավաքել ու տուն գնել, բայց Արփունքում չէ, քաղաքում կամ գոնե ավելի մեծ ու լավ պայմաններով գյուղում։ Այս գյուղում նույնիսկ խանութ չկա»,- ասում է Անուշը։

Անուշը հիմա ձմռանն է պատրաստվում։ Աթար է գնել, որի գումարի կեսն է դեռ վճարել։ Ձմռանը տաքանալու համար անտառից նաև եղևնու կոն է հավաքել։ Ջուր չունի, հարևանի ջրից է օգտվում։ Շաբաթը մի անգամ լցնում է տանն ունեցած բոլոր դույլերը, շշերը ու այդպես օգտագործում։

Գյուղի բնակիչների հետ հազվադեպ է շփվում։ Ասում է՝ ժամանակ էլ չի ունենում, ամբողջ օրն աշխատում է։ Վարդենիսի, Մարտունու կարտոֆիլի դաշտերում կարտոֆիլ է հավաքում։

«Այստեղ միայն կարտոֆիլի գործն է։ Նախ գնում, կարտոֆիլի քաղհանն ենք անում ու ջրում։ Հետո կարտոֆիլը հավաքելու շրջանն է սկսում, հավաքելուց հետո էլ պահեստներում ենք աշխատանք ունենում՝ դասավորում ենք, տեղավորում»,- պատմում է Անուշը։

Առավոտյան յոթին արթնանում է, կերակրում հավերին ու բադերին, սուրճ է խմում ու սպասում կարտոֆիլի դաշտեր տանող մեքենային։

Հգ․ Գեղարքունիքի մարզպետարանի տվյալներով՝ մարզում բնակվում է Արցախից տեղահանված 865 ընտանիք՝ 2879 անձ։ Նրանցից միայն 8 ընտանիք է սեփական միջոցներով տուն գնել, պետական ծրագրով բնակարան ձեռք Է բերել 42 ընտանիք։ Անվճար հիմունքներով բնակվում է 113 ընտանիք, իսկ 699 ընտանիք շարունակում է ապրել վարձով։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test