Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ալիևը հստակ ռազմավարական նպատակ ունի. Շիրազ Խաչատրյան 168.am 168.am

time
Ալիևը հստակ ռազմավարական նպատակ ունի. Շիրազ Խաչատրյան

Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառմանն Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «ցարական Ռուսաստանի քարտեզներում չկա Սևանա լիճ, կա Գյոյչա», որ դրանք իբր արտացոլում են «պատմական ճշմարտությունը», ինչն իրենք «պիտի ուսումնասիրեն և հանրահռչակեն»: Եվ սա «իրավունք» է տվել Ադրբեջանի ղեկավարին պնդելու, որ իրենք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով պետք է վերադառնան իրենց «պատմական տարածքներ», և, որ այս առումով հիմնական խնդրի լուծողը պետությունը պիտի լինի:

Բայց արի ու տես, ՀՀ իշխանությունները սրանում ոչ մի վտանգ չեն տեսնում: Նախ՝ երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքել է, թե Ալիևի հայտարարությունը ներքին լսարանի համար է, և, որ պատերազմով հարցեր լուծելու, տարածք գրավելու միտում չի տեսնում, քանի որ Ալիևն ասել է՝ «ոչ թե տանկերով, այլ մեքենաներով…» պետք է վերադառնան իրենց «պատմական տարածքներ»:

Իհարկե, ներքին լսարանին ուղղված մեսիջ ևս կարող է թաքնված լինել Ալիևի ձևակերպումներում, բայց Ալեն Սիմոնյանը չպետք է մոռանա՝ 2021 թվականին Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածք տանկերով չի մտել, այլ՝ քայլելով, քարտեզներով, երբ կար 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը, որի առաջին կետը սահմանում է, որ ամբողջական հրադադարի և ռազմական գործողությունների դադարից հետո կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:

Իր հերթին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 3-ին դարձյալ լրագրողների հետ զրույցում նշել է, թե օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանի հռետորաբանությունը կտրուկ փոխվել է, ինչը տեսանելի է նաև սահմանում, և, որ երբ իրենք փաստացի խաղաղության մասին են խոսում, դա ամենևին հորինված չէ, այլ իրականություն է: Բայց արդյո՞ք այս պահին առկա կրակոցների դադարը բավական է՝ վստահ լինելու, որ խաղաղությունն այլևս հաստատված է:

Իսկ նոյեմբերի 4-ին «Օրբելի 2025» միջազգային ֆորումում Ալիևի հայտարարության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նախ ասել է, որ այդ հարցով իրեն բարդ դրության մեջ են դնում, այնուհետև շարունակել է.

«Ես ընտրության առաջ եմ. ձեր հարցին պատասխանելուց առաջ արդյոք իսկապես պե՞տք է ընդգծել, որ Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը ամբողջական պատկերը չի արտահայտում: Քանի որ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ցարական քարտեզների վրա չկա Սևանա լիճ, այլ կա… այլ անուն»:

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերին «Արմենպրեսի» հետ հարցազրույցում Փաշինյանը մտահոգություն էր հայտնել Ադրբեջանի սահմանադրության կամ սահմանադրական պահանջների հետ կապված՝ նշելով.

«1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի, Շիրակի մարզերի տարածքները մասամբ, ՀՀ տարածքի շուրջ 60 տոկոսը: Այսպիսով, Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության»:

Նույն արձանագրումն արդեն 2025 թվականի ապրիլին արել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Եվ մենք բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանի Առաջին Հանրապետությունը հռչակել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների վրա, քան այսօրվա Ադրբեջանի Հանրապետությունն է՝ ներառյալ Հայաստանի ներկայիս ինքնիշխան տարածքների շուրջ 60%-ի վրա կամ ավելի»,- Անթալիայում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների մասնակցությամբ պանելային քննարկմանը հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Իսկ Ադրբեջանի սահմանադրությունը չի փոխվել, չի էլ փոխվելու, այսինքն, վաշինգտոնյան փաստաթղթերը չեն չեզոքացրել Ադրբեջանի սահմանադրական տարածքային պահանջները, չեն լուծել ՀՀ օկուպացված տարածքների ու ռազմավարական բարձունքների վերականգնման հարցը, և նման հայտարարությունները դրա իրականացումը կասկածի տակ են դնում:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանն Ալիևի հայտարարություններում 3 մեսիջ է տեսնում՝ ուղղված Հայաստանի իշխանություններին, միջազգային դերակատարներին և ներքին լսարանին:

«Նախ՝ այս իշխանությունների ջայլամային քաղաքականության արդյունքում մենք մշտապես հայտնվում ենք դեժավյուների ու կորուստների շրջապտույտի մեջ։

Չեմ ցանկանում մեկնաբանել ԱԺ նախագահի կիսատ արտահայտած մտքերը, բայց Ալիևի խոսքն ակնհայտորեն վկայում է քարոզչական նախապատրաստական նոր փուլի մասին՝ ապագա հիբրիդային պատերազմների և հնարավոր տարածքային պահանջների տեսանկյունից։ Ալիևի այդ խոսույթն առաջին հերթին դիտարկում եմ՝ որպես Հայաստանի դեմ ուղղված ռազմաքաղաքական սպառնալիք։ Նրա այդ հայտարարությունը Հայաստանի նկատմամբ և՛ քաղաքական շանտաժ է, և՛ հոգեբանական ճնշման միջոց:

Պատմական քարտեզների, անվանափոխությունների և «պատմական ճշմարտության» մասին խոսելով, նա փորձում է ձևավորել այն տպավորությունը, թե Ադրբեջանի «պատմական իրավունքները» տարածվում են ոչ միայն Սևանի, այլ ամբողջ Հայաստանի տարածքի վրա։ Դա հաշվարկված ճնշում է, որը հետագայում կարող է ծառայել նոր տարածքային պահանջների կամ քաղաքական մանևրների համար։ Միևնույն ժամանակ համոզված եմ՝ Ալիևը նաև հստակ ռազմավարական նպատակ ունի Սևանի ջրային պաշարների վերահսկողություն կամ դրանց նկատմամբ ազդեցություն ստանալ, ինչը վաղուց է դիտարկվում Բաքվի աշխարհագրական և ռեսուրսային նկրտումների շրջանակում։

Երկրորդ, կարծում եմ, որ նման հայտարարությամբ Ալիևը ուղերձ է հղում արտաքին դերակատարներին՝ փորձելով ներկայացնել իր նկրտումները՝ որպես պատմականորեն հիմնավորված գործընթաց, որպեսզի ապագայում միջազգային հարթակներում իր քայլերը ներկայացնի «պատմական արդարության վերականգնման» դիտանկյունից: Եվ վերջում միայն Ալիևի խոսքին կարելի նաև տալ ներքին քարոզչական նշանակություն։ Նա փորձում է հասարակության մեջ ստեղծել միասնականության և ուժի պատրանք՝ արտաքին «թշնամու» կերպարի միջոցով ամրապնդելով սեփական իշխանությունը։ Այսինքն, խոշոր առումով, Ալիևի ձեռագիրը չի փոխվել, և նա շարունակում է գործել, այսպես ասած, դասական մեթոդներով»,- 168.amի հետ զրույցում մանրամասնեց փորձագետը:

Նշենք, որ դեռ այս տարվա ապրիլին Շիրազ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նկատել էր, թե շատ քիչ է խոսվում, Վայոց ձորի և Գեղարքունիքի ուղղություններով ադրբեջանական հնարավոր հարձակման վտանգի և ստեղծվելիք ռիսկերի մասին, ինչը բացառված չէ:

«Պարզ է, չէ՞, Վայոց ձորի հատվածում, հատկապես Ջերմուկի ուղղությամբ, ադրբեջանական կողմն ինչպես է ծավալվել, տիրանալով ոչ միայն մեր ռազմավարական բարձունքներին, օկուպացնելով հսկայական տարածքներ, ինչպես է «նստել» մեր ջրային պաշարների գլխին, նույն պատկերը Գեղարքունիքում է: Բայց ասեմ, որ այստեղ ադրբեջանցիների ռազմավարական նպատակն է՝ ինչ-որ ուղղությամբ ոտք դնել Սևանա լիճ, ինչն աղետալի դրության առաջ կկանգնեցնի Հայաստանին»,- շեշտել էր նա:

Ի դեպ, 44-օրյա պատերազմից հետո գրեթե 4 տարի պարբերաբար գրել ենք, որ տարածաշրջանում ապագա պատերազմները լինելու են նաև ջրային ռեսուրսների համար, և, որ Ադրբեջանը փորձում է Արցախում և Հայաստանում ռազմական օպերացիաների միջոցով տեղավորվել հայկական ջրային պաշարների ակունքներում, որպեսզի հետագայում այդ գալիք պատերազմում հաղթող դուրս գա:

Իսկ ջրային ռեսուրսների համար միջազգային պայքարն Ադրբեջանը շատ ավելի վաղ էր սկսել, բավական է հիշել մոտ 10 տարի առաջ Սարսանգի ջրամբարի շուրջ զարգացումները և հայկական կողմին «ջրային տեռորի» համար ադրբեջանական մեղադրանքները: 44-օրյա պատերազմում տարած հաղթանակը և ավելի ուշ Արցախի ամբողջական հայաթափումը չեն լուծել Ադրբեջանի ջրային պաշարների հետ կապված խնդիրները:

Այս համատեքստում հարկ է հիշեցնել 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի մի «քաղաքական ճկունության» մասին, որը նա գաղտնազերծել էր Քննիչ հանձնաժողովում՝ տեղեկացնելով, որ 2020 թ. հոկտեմբերի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ, իսկ հաջորդ օրը վերջինը տեղեկացրել է, որ հրադադարի համար ադրբեջանական կողմը նախապայման ունի: Այն է՝ ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին, և հայկական ուժերն Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խոդաֆերինի ջրամբար՝ այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, և նրանք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով:

«Ասացի, որ նախապայմաններն ընդունելի չեն, քանի որ ՌԴ նախագահի հետ պայմանավորվել էինք, որ հրադադարը պետք է հաստատվի առանց նախապայմանների, և հետո, նույնիսկ, եթե ես համաձայնվեմ զորքերի նահանջին, ոչ մի երաշխիք չկա, որ նահանջի ընթացքում Ադրբեջանը չի շարունակի հարձակումը: Այնուամենայնիվ, որոշակի ճկունություն ցուցաբերեցի՝ արձանագրելով, որ Խոդաֆերինի ջրամբարից ջրի համատեղ օգտագործումը հնարավոր է, այսինքն՝ ԼՂ-ն, կարծում եմ, կարող է չխոչընդոտել ջրամբարից Ադրբեջանի ջուր վերցնելուն»,- մանրամասնել էր Փաշինյանը:

Սա ոչ միայն հուշում է արդեն եղած նահանջների, պատերազմը կանգնեցնելու հնարավորության մասին, որից չի օգտվել Փաշինյանը, ինչին մանրամասն անդրադարձել ենք, այլև այն, որ բացառված չէ՝ Փաշինյանն այսօր ևս որոշի «քաղաքական ճկունություն» դրսևորել և տարբերակ մտածել, որ Սևանա լիճն Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ օգտագործեն, իսկ հայ հանրությանն էլ դա «վաճառի»՝ որպես պատերազմ կամ ռազմական բախում թույլ չտալու ողջամիտ քայլ:

Չմոռանանք, որ առջևում ԱԺ ընտրություններ են, նաև այն, որ Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածք քարտեզներով մտավ 2021 թվականի մայիսին, երբ մեկ ամսից ԱԺ արտահերթ ընտրություններ էին: Մի առիթով Փաշինյանը խոստովանել էր, որ 2021թ. մայիսին բանակին չկռվելու քաղաքական հրաման է տրվել նաև ընտրական տրամաբանության մեջ:

«Մեծ էր հավանականությունը, որ Հայաստանի կառավարությունն, ասենք, այլ ռեակցիա կտար, ինչի բերումով Հայաստանում ընտրություններ տեղի չէին ունենա, ինչը փաստացի կնշանակեր Հայաստանի Հանրապետության լուծարում։ Մենք հասկանում ենք, չէ՞, դրա քաղաքական հետևանքները։ Այն ժամանակ մեզ շատ մեղադրեցին, թե մենք այն չենք անում, այն չենք անում, բայց մենք հասկանում էինք, որ Հայաստանի Հանրապետության լուծարման խնդիր է դրված։ Եվ կա ուրիշ մեղադրանք, թե Հայաստանի բանակը չի կռվել, ինչի՞ պիտի ՀԱՊԿ-ը կռվի։ Դրանից հետո տեղի ունեցան 2021 թվականի նոյեմբերի իրադարձությունները։ Այդ ժամանակ Հայաստանի բանակը կռվեց»,- 2023 թվականի դեկտեմբերին Պետրոս Ղազարյանի հետ զրույցում խոստովանել էր Փաշինյանը:

Իսկ ներկա պայմաններում մինչև նա Ալիևի ելույթին սոցիալ-հոգեբանական բնույթ է հաղորդում, և հորդորում հանրությանը չմտնել պատմությունը վերարտադրողի վիճելի դերակատարման մեջ, Ալիևն ադրբեջանցի գիտնականների, մտավորականների առջև խնդիր է դնում՝ մեծ աշխատանք տանել անկախ Ադրբեջանի պատմությունն ուսումնասիրելու և պրոպագանդելու ուղղությամբ։

Այսինքն, Հայաստանի դեմ Բաքվի պատմաքաղաքական պայքարը պետական մակարդակով նոր որակ է ստանում, իսկ իրավաքաղաքականը սկսել է առնվազն Բաքվի «դատավարությամբ»:

Սրանք ռազմական պատերազմից պակաս վտանգավոր չեն, եթե չասենք՝ ինչ-որ առումով առավել վտանգավոր: Արդեն հայտնել ենք, որ Ադրբեջանը 2026 թվականի համար ավելացրել է ոչ միայն ռազմական, այլև միջազգային հարաբերություններին և դիվանագիտությանը տրամադրվող բյուջեն:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test