ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) վերջին լիագումար նիստի ընդունված բանաձևին հայ իշխանական պատգամավորների միանալը դժգոհություն է առաջացրել Վրաստանում։ 
  
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝ հայկական կողմի քվեարկությունը փաստացի ընկալվել է որպես Վրաստանի կառավարության դեմ քայլ և կարող է վտանգել երկու երկրների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունները։ 
 
 
 
  
  
    «Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հրապարակած բանաձևը անդրադարձել է Վրաստանում ստեղծված քաղաքական իրավիճակին և արձանագրել ժողովրդավարության անկում։ Դրան արձագանքել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ցիլոսանին, որը հայտարարել է, որ այդ բանաձևը «բովանդակությունից զուրկ մի հայտարարություն» է։ Վրացի պաշտոնյան ուղղակի մեղադրանք է հնչեցրել հայկական պատվիրակության հասցեին՝ շեշտելով, որ նրանք աջակցել են բանաձևին, որը քննադատում է վրացական իշխանություններին»,– ասաց նա։ 
  
 
  
 
 
   Նշենք, որ , ըստ վրացական լրատվամիջոցների, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ցիլոսանի ասել է. «Աջակցելով այն բանաձևին, որում նշվում է, որ Վրաստանի կառավարությունը ոչ լեգիտիմ է, հայ պատգամավորները փաստացի անվստահություն են հայտնել իրենց վարչապետի նկատմամբ, քանի որ Հայաստանի վարչապետը պաշտոնական և աշխատանքային այցեր է կատարել Վրաստան և հանդիպումներ է ունեցել ժողովրդի կողմից ընտրված կառավարության հետ», - հայտարարել է Ցիլոսանին։ 
 
 
 
   Վրացական կողմի այս դիրքորոշումը, ըստ Դանիելյանի, «դիվանագիտական ապտակ է հայկական կողմին»։ Նա նշեց, որ Վրաստանում այս հարցը լայն արձագանք է գտել՝ ներառյալ պաշտոնյաների մի շարք հայտարարություններ, որոնք էլ ավելի են լարում առանց այդ էլ զգայուն հարաբերությունները։ 
 
 
 
   «Է՛լ ավելի լարվում են հայ-վրացական հարաբերությունները, և դա վնասում է երկկողմ փոխըմբռնմանը»,– ընդգծեց Գառնիկ Դանիելյանը։ 
 
 
 
   Նա վստահ է, որ իրավիճակը միայն քաղաքական դաշտում չի մնա․ այն կարող է լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ։ Հիշեցրեց, որ արդեն իսկ Վրաստանում անցկացված ընտրությունների ընթացքում տարբեր պաշտոնյաներ մեղադրում էին հայկական իշխանություններին ընդդիմությանը սատարելու մեջ։ 
 
 
 
   «Դրանից հետո մեր տնտեսվարողները բախվեցին խնդիրների. հայկական բեռները օրերով, երբեմն շաբաթներով կանգնում էին սահմանին, իսկ մյուսների համար մուտքն ու ելքը ազատ էր»,– ընդգծեց պատգամավորը։ 
 
 
 
   Գառնիկ Դանիելյանը հիշեցրեց, որ վերջին շրջանում հատկապես տուժել են խմիչքի և կոնյակի արտահանողները․ արտահանումը գրեթե դադարեցվել էր։ Սա, ըստ պատգամավորի, հարված է նաև Հայաստանի տնտեսությանը, որը «արդեն իսկ բարդագույն իրավիճակում է»։ 
 
 
 
   «Ես չեմ հասկանում, թե ո՞նց կարելի էր նման բանաձևին կողմ քվեարկել։ Առնվազն պետք էր ձեռնպահ մնալ, եթե ոչ` դեմ»,– ընդգծեց նա։ 
 
 
 
   Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, եթե Վրաստանի հետ հարաբերությունները վատթարանան, Հայաստանի տնտեսությունն անխուսափելիորեն կկրի նոր վնասներ, քանի որ Վրաստանը մնում է Հայաստանի միակ դարպասը դեպի արտաքին աշխարհ։ Դանիելյանը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե Վրաստանի հետ հնարավոր խնդիրները կարող են փոխհատուցվել Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների միջոցով։ Նա ընդգծեց, որ անգամ եթե որոշ բեռներ անցնեն Ադրբեջանի տարածքով, դրանք միևնույն է՝ պետք է անցնեն Վրաստանով։ 
 
 
  
  
    «Եթե անգամ Ադրբեջանի տարածքով էդ ցորենը գա, մեկ է մտնելու է Վրաստան, Վրաստանից հետո՝ նոր Հայաստան։ Այսինքն՝ անմիջապես Հայաստանի հետ սահմանը չի բացվում», –մանրամասնեց Գառնիկ Դանիելյանը։ 
  
 
  
 
 
   Նրա կարծիքով` այս իրավիճակը կարող է վտանգավոր դառնալ, եթե «վրացիների համբերության բաժակը լցվի»։ Պատգամավորը չբացառեց, որ իշխանությունները միտումնավոր են իրենց գործողություններով հարվածում հայ–վրացական հարաբերութուններին։ 
 
 
 
   «Տեսեք, եթե Վրաստանի սահմանը «դժվարանում է», կարող են ասել՝ բերեք բացենք Թուրքիայի հետ։ Բայց Թուրքիան ինքն է հայտարարել, որ մոտ ապագայում հույս չունենանք, թե սահմանը կբացվի»,– հիշեցրեց նա։ 
 
 
 
   Դանիելյանը ընդգծեց, որ Թուրքիայի ղեկավարությունը սահմանների բացումը պայմանավորում է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ։ Այս համատեքստում հիշեցրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները։ 
 
 
 
   «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարեց, թե «Սևանա լիճը Գյոյչա է, իսկ Հայաստանը՝ Արևմտյան Ադրբեջան»։ Ադրբեջանում նույնիսկ ID քարտեր են բաժանվում, որտեղ նշվում են ապագա «բնակության վայրեր»՝ Հայաստանի տարբեր քաղաքներում, օրինակ` Ճամբարակ և այլն։ 
 
 
 
   «Դա անում են ոչ թե պատահական անձինք, այլ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները։ Այդ ամենը պատահական չէ, գիտեք, որ չի կարա ազատ խոսք լինի կամ Իլհամ Ալիևից առանձին ինչ–որ մեկը մի բան անի, և էս ամեն ինչը, կրկնում եմ, շատ տխուր վերջաբան է ունենալու Հայաստանի համար»,– եզրափակեց Գառնիկ Դանիելյանը։ 
 
 
  
  
    Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ 
   
ֆեյսբուքյան գրառմամբ է անդրադարձել թեմային` ասելով, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կողմ քվեարկեցին Եվրանեսթի քաղաքական կոմիտեի զեկույցին, որը խիստ քննադատական դրույթներ էր պարունակում ոչ միայն Ռուսաստանի, այլև Վրաստանի հասցեին։ 
  
  
  
 
 
   «Ռուսաստանի քննադատելն այս իշխանությունների համար նորություն չէ, և շատ կզարմանայի, եթե ՔՊ-ականներն այս անգամ իրենց քվեարկությամբ այլ քաղաքականություն որդեգրեին։ Սակայն հակավրացական բանաձևին կողմ քվեարկելը նորություն էր։ ՔՊ-ականները մի բանաձևին կողմ քվեարկեցին, որով Եվրանեսթը չէր ճանաչում, իրենց բառերով՝ «Վրացական երազանք» կուսակցության ինքնահռչակ իշխանությունը» քննադատվում էր Վրաստանի իշխող կուսակցության «հակաժողովրդավական քաղաքականությունը, բռնությունները, քաղաքացիական ազատությունների սահմանափակումը», իսկ օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը գնահատվել էր որպես «դրակոնյան»: Երբ Ադրբեջանն ու Թուրքիան ձգում են Հայաստանի պարանոցին գցած պարանը, սրանք Վրաստանի դեմ բանաձևին կողմ են քվեարկում: Դուշմանը եթե ներսից չլիներ....»,– գրել է Արթուր Խաչատրյանը։ 
 
 
 
   Հիշեցնենք, որ Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանն անցկացվեց 
  
Երևանում հոկտեմբերի 28-30–ը։