Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական 100-րդ համերգաշրջանի նշանակալի իրադարձություններից է Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որն իրականացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության աջակցությամբ: Նոյեմբերի 2-ին, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կայացավ փառատոնի եզրափակիչ համերգը, որը լի էր ոգեշնչող բացահայտումներով:
Այդ երեկո «Արամ Խաչատրյան» լեփ լեցուն համերգասրահի ունկնդիրը մասնակից եղավ համաշխարհային պրեմիերայի, նոր սիմֆոնիկ ստեղծագործության ծննդի, «Ձոն»՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին: Նշյալ ստեղծագործության հեղինակն է հայ ժամանակակից ականավոր կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը: Նվագախմբի մեծ կազմի համար գրված այս երկը հայկական սիմֆոնիզմի ավանդույթների վառ արտահայտումն է, այն նաև ցուցադրում է նվագախմբի վիրտուոզ վարպետությունը:
Փաստենք, որ ունկնդրի կողմից Երկանյանի «Ձոն»-նը ընդունվեց մեծ ոգևորությամբ: Aravot.am-ի հետ զրույցում կոմպոզիտորը հավաստիացրեց, թե այս ստեղծագործությամբ նա ցանկացել է փոխանցել իր ողջ ցնծությունը, ուրախությունն ու հպարտությունը, որ ապրում է նման Ազգային նվագախումբ ունենալու կապակցությամբ, որն արդեն գրել է իր մեկդարյա պատկառելի պատմությունը և շարունակում է հաղթական քայլել դասական կատարողական արվեստի համամարդկային ճանապարհով:
«Ինձ համար նաև շատ կարևոր է, թե արդեն 25 տարի նվագախումբը ղեկավարում է մեր սիրելի մաեստրո:Թոփչյանը՝ Ֆիլհարմոնիկի պատմության ամենաերկարակյաց գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Անձամբ ինձ համար այս տարին ևս հոբելյանական է. լրացավ ուղիղ 50 տարի այն օրից, երբ առաջին անգամ, Ֆիլհարմոնիկը՝ այն ժամանակ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ, առաջին անգամ կատարեց իմ ստեղծագործությունը, որը միջազգային հեղինակավոր մրցույթում արժանացել էր մրցանակի: Շնորհակալություն եմ հայտնում նվագախմբի երաժիշտներին՝ մաղթելով, որ մեծ շուքով նշվի նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 200-ամյակը (ժպտում է Ս.Դ.)»,- հայտնեց կոմպոզիտորը:
Երեկոյի ընթացքում նաև հնչեց Բեթհովենի Դաշնամուրի կոնցերտ թիվ 5-ը, որի մենակատարն էր միջազգային հարթակներում ծագող աստղ, դաշնակահարուհի Եվա Գևորգյանը:
Համերգը եզրափակվեց Լիստի «Ֆաուստ սիմֆոնիա»-ով՝ մենակատար, օպերային երգիչ՝ տենոր Տիգրան Մելքոնյանի հրաշալի մեկնաբանմամբ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի արական կազմի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) ընկերակցությամբ:
Մոտ երկու տասնամյակ է՝ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը հանդիսանում է մեր երկրի գլխավոր մշակութային իրադարձություններից մեկը, որի գեղարվեստական ղեկավարներն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը:
Տեղեկացնենք, որ այս տարի փառատոնը մեկնարկեց սեպտեմբերի 19-ին, հռչակավոր հայազգի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի ելույթով, սեպտեմբերի 20-ին մեծ շուքով նշվեց Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, համերգի մեկնարկին ՀՀ կառավարությունը Մատենադարանին ընծայաբերեց 12-րդ դարի նշանավոր աստվածաբան և մատենագիր Սարգիս Շնորհալու մեծարժեք «Մեկնութիւն կաթողիկեայց թղթոցն» մատյանը:
Միանշանակ, փառատոնի կուլմինացիոն կետերից էր մեր ժամանակների համաշխարհային աստղային տենորներից Վիտտորիո Գրիգոլոյի շքեղ գալա-համերգը, որն անմոռանալի տոն էր հայ հանդիսատեսի համար: Հայաստանում առաջին անգամ հանդես եկան նաև աշխարհահռչակ ջութակահարներ Վիլդե Ֆրանգը, Բայբա Սկրիդեն, իրենց ելույթներով փայլեցին հայազգի ականավոր երաժիշտներ ջութակահար Անուշ Նիկողոսյանը, դաշնակահար Արմեն Բաբախանյանը, սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը, նվագախումբը ղեկավարեցին դիրիժորներ Պիետարի Ինկինենը, Անդրեյ Բորեյկոն:
Իսկ «Բորոդին» քառյակի երևանյան ելույթով նշվեց լեգենդար քառյակի 80-ամյակը, ինչպես նաև հեղինակային համերգով նշանավորվեց մեր ժամանակների ամենախորը մտածող ու հոգևոր հարուստ ներաշխարհով կոմպոզիտորներից մեկի` Արվո Պյարտի 90-ամյակը: Իմիջիայլոց, բազմազան էր փառատոնի ծրագիրը՝ կազմված Բեթհովենի, Մալերի, Լիստի, Սիբելիուսի, Ռիմսկի-Կորսակովի, Ռախմանինովի, Շոստակովիչի, Պրոկոֆևի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Միրզոյանի, Երկանյանի, Բարտոկի, Բրիտտենի, Պյարտի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից:
Իսկ փառատոնի շրջանակներից դուրս, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված իրադարձային համերգներից էին Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և մեր ֆիլհարմոնիկի համերգները, լեգենդար դիրիժոր Վալերի Գերգիևի ղեկավարությամբ: Վերջին համերգն իսկապես պատմական էր, քանի որ Գերգիևը, 1980-ականների սկզբին լինելով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը, կրկին կանգնեց ֆիլհարմոնիկի դիրիժորական վահանակի առջև, գրեթե 40 տարվա ընդմիջումից հետո: Իսկ մաեստրոյի որակմամբ՝ նվագախումբը Հայաստանի կարևորագույն մշակութային գանձերից է, որն իր դերը լավագույնս է կատարում:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test