«Ադրբեջանի նախագահն ասել է, որ ցարական քարտեզներով եթե նայենք, Սևանա լիճ չկա, կա ինչ-որ անուն: Հիմա եթե ասեմ՝ Ադրբեջանի նախագահն ասել է՝ ոչ թե Սևանա լճի անունը «Գյոկչա» է, այլ ասել է, որ եթե նայենք Ցարական Ռուսաստանի քարտեզներին, այնտեղ չկա Սևանա լիճ, կա Գյոկչա, դժվար է նրանով, որ ես, փոխանակ հարցին պատասխանելու, նախ պիտի պարզաբանեմ, թե ինչ է ասել Ադրբեջանի նախագահը»:
Այս մասին «Օրբելի Ֆորում-2025»-ում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը:
Նա նշել է, որ հարցը մեկնաբանում է կոնտեքստում, եթե նայեն Ցարական ժամանակների քարտեզները:
«Դե, գնանք, ուրեմն, նայենք: Ես Կիրովաբադի և Կիրովականի մասին ասացի, Ելիզավետպոլի ու Ալեքսանդրապոլի մասին չասացի, այսինքն՝ մենք պետք է ընտրություն կատարենք:
Ինչ վերաբերում է վերադարձի թեմային, պատմական հայրենիքի կոնտեքստը շատ վտանգավոր բան է, ընդ որում՝ ընդհանրապես խաղաղության տրամաբանության համար: Պատմական հայրենիքը ո՞ր թվից է սկսում: Մեր թվարկությունից առաջ 70-ականները կարո՞ղ են լինել պատմական հայրենիքի մեկնակետ: Նախ այս հարցը ճշտենք: Ես էլի եմ ասում՝ մենք այդ պատմությունը կարդացել ենք, և մենք, իմ գնահատմամբ, արդեն իսկ ստեղծել ենք նոր պատմություն. երկու տարվանն էլ է պատմություն, նոր պատմություն: Ես կարծում եմ՝ մենք պետք է շարունակենք այդ պատմության ստեղծումը, մենք պետք է կարողանանք անցյալը տարբերակել ապագայից: Ապագան այսօր է, և ապագան նույնիսկ 2024 թվականն է: Մենք արդեն 2 տարի է՝ ապրում ենք ապագայի մեջ: Մենք շարունակելու ենք ապրել ապագայի մեջ, որն այսօր է, և դա մեր ռազմավարությունն է»,- նշել է Փաշինյանը:
Նա հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ոչ մի ներկայացուցիչ չկա, որ ի սկզբանե իմաստուն է եղել ու պատմական հայրենիքի տրամաբանությունից դուրս:
«Մենք բոլորս եղել ենք այդ տրամաբանության մեջ, որովհետև մենք մեր երկրների ժողովուրդների սոցիալ-հոգեբանության կրողներն ենք: Մենք մեր պատմության զավակներն ենք և սպառողներն ենք, բայց մենք պետք է հարց տանք՝ մենք ի վիճակի՞ ենք քաղաքական առաջնորդություն ստանձնել: Մենք այդ հարցի պատասխանը տվել ենք, մենք այդ հարցի պատասխանից չենք հրաժարվելու. դա մեզ համար ռազմավարություն է: Եթե որևէ մեկը հրաժարվելու է կամ հրաժարվում է, թող ուղիղ ասի. ակնարկների կարիք չկա, և ակնարկները չեն աշխատի, որովհետև լեգիտիմ չեն:
Լեգիտիմությունը բխում է ընդունված փաստաթղթերից, հետևաբար ես, օրինակ, երբ մի օր է լինում, որ Հայաստանում ներքաղաքական մշակութային որևէ պատճառով տեսնում եմ, որ այդ խոսույթը ակտիվացել է, ես գիտեմ, որ մեկ, երկու, երեք օր կամ ժամ հետո Ադրբեջանից հայելային խոսույթները գալու են, հետո Հայաստանից հայելային արձագանք, մինչև սոցցանցերում լինի մի չկանխատեսված իրադարձություն, ասենք՝ շոու բիզենեսի հետ կապված՝ Ջենիֆեր Լոպեսի համերգ, ֆուտբոլի հավաքականներից մեկի հաջողությունը կամ անհաջողությունը. բոլորը կմոռանան «պատմական հայրենիքի» մասին, մինչև դիմացի կողմը հիշեցնի»,- մանրամասնել է Նիկոլ Փաշինյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test