Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է․ «Չկա Սևան, կա Գյոկչա»։ Ասել, որ անպասելի հայտարարություն է՝ ճիշտ չի լինի։ Թերեւս դեռ 44-օրյա պատերազմից առաջ Ալիևն արդեն մանրամասն մշակած ուներ Հայաստանը կլանելու իր ծրագիրը, որի մասին վկայող դիպվածներից մեկը թանգարանում հին աշխարհի քարտեզի հետ կապված միջադեպն էր՝ երբ Ալիևին ներկայացնում են քարտեզը, նա աշխատանքից հեռացնել է տալիս թանգարանի տնօրենին եւ հրամայում նոր քարտեզ կախել, որի վրա չի լինի Հայաստանն ու բնակավայրերի հայերեն անվանումները՝ փոխարենը կլինեն դրանց ադրբեջանական տարբերակները: Եվ բնական է, որ հատկապես 44-օրյայից հետո պիտի հրահանգեր, որ պետական պաշտոններից կազատվեն, նույնիսկ պատասխանատվության կենթարկվեն բոլոր այն մարդիկ, ովքեր կհամարձակվեն Հայաստանի բնակավայրերը կոչել հայկական անուններով՝ պետք է օգտագործել դրանց միայն հնարովի, ադրբեջանական տարբերակները:
Վերադառանլով Սևանին, ինչո՞ւ Սևան եւ ինչո՞ւ ոչ Գյոկչա: Ըստ իս, խնդիրը ռոմանտիկայի դաշտից դուրս է՝ պատերազմ է քաղցրահամ ջրի ռեսուրսների համար: Այն, որ Ադրբեջանում քաղցրահամ ջրի մեծ խնդիր կա՝ գաղտնիք չէ, այն, որ Արցախը պետք էր Ադրբեջանին ոչ միայն աշխարհաքաղաքական գործընթացներում իր ստանձնած դերի, այլև բնական ռեսուրսների առումով՝ դա էլ հստակ է: Իսկ «Կարաբախ բիզիմդիրը» քաղաքական սենտիմենտալիզմի դրսևորումներից է կամ էլ «շեխիդներին» ավելի հեշտ ձևով այն աշխարհն ուղարկելու լեգիտիմ պաճառ․ հանուն «հայրենիքի» զոհվելն ավելի ասպետական է, քան հայերի հանդեպ ատելության մեջ ապրած ադրբեջանցուն բացատրելը, թե որդիդ պիտի գնա զոհվի, որ քաղցրահամ ջրերի պաշարի հարցը լուծենք կամ էլ ճանապարհների նկատմամբ վերահսկողություն վերցնենք:
Ալիևը նույնիսկ «Ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման մասին ազգային ռազմավարություն» է հաստատել, աշխատանքային խումբ է ստեղծել: Սակայն դա ոչ մի կերպ չի լուծում քաղցրահամ ջրի պակասը՝ որոշ բնակավայրերում թե խմելու, թե ոռոգման ջրի բացակայությունը հանգեցրել է բնակիչների ցույցերի, որոնք ավարտվել էին վերջիններիս ծեծուջարդով, իսկ ոմանց էլ մի քանի ամսվա կալանք էին տվել՝ որպես պատիժ: Դե, իսկ կանխատեսումները ոչ մի լավ բան Ադրբեջանին չեն խոստանում:
ՄԱԿ-ի Շրջանակային կոնվենցիայի՝ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված Ադրբեջանի ջրային ռեսուրսների մասին առաջին տարբերակում նշվում է, որ 2040 թվականին ընդառաջ Ադրբեջանի ջրային ռեսուրսները, ներառյալ անդրսահմանային ջրերը՝ կկրճատվեն 5-10 տոկոսով, մինչև 2070 թվականը՝ 10-15 տոկոսով։ Իսկ երկրորդ սցենարով կանխատեսվում է, որ միայն 2040 թվականին Ադրբեջանում կլինի ջրային ռեսուրսների 10-15 տոկոսի կրճատում, մինչև 2070 թվականը՝ 15-20 տոկոս։Եվ այս, ոչ այնքան գոտեպնդող տեղեկատվության ֆոնին Ալիևը հանկարծ որոշում է, որ մինչև 2028 թվականը երկրում խմելու ջրով ապահովումը պետք է հասցվի 85 տոկոսի, մինչև 2030 թվականը՝ մինչև 90 տոկոսի, իսկ մինչև 2040 թվականը Ադրբեջանի ամբողջ բնակչությանը պետք է ապահովեն 100 տոկոսով խմելու ջրի ինքնաբավությամբ։ Իսկ ո՞ւմ կամ ինչի՞ հաշվին է Ալիևը բարելավելու բնակչության խմելու ջրի ցուցանիշը և ինչ կապ ունի դրա հետ Սևանը:
Սևանա լիճը աշխարհում երկրորդ բարձրադիր քաղցրահամ ջուր ունեցող լիճն է, իսկ Հարավային Կովկասում ամենամեծ քաղցրահամ լիճն է, Հայկական բարձրավանդակի մեծությամբ երկրորդ լիճն է, առաջինը Վանա լիճն է: Սևանա լիճը կարևորագույն մաս է կազմում մեր տարածաշրջանում քաղցրահամ ջրերի ցանցի, մի հսկա էկոհամակարգի՝ միգուցե սա՞ նկատի ունի Ալիևը: Ինչպե՞ս է Ալիևը մտադիր Սևանը Գյոկչայի վերածել, ցույց կտա ժամանակը: Փաշինյանական «խաղաղության օրակարգի» շրջանակներում հանկարծ կարող է ինչ-որ բարեկամական, տարածաշրջանի քաղցրահամ ջրի օգտագործման ստորագրման համատեղ ակտ ստորագրվել կամ գեղեցիկ փաթեթավորմամբ նման մի բան, կամ կարող է պարզվել, որ արդեն կես միլիոն դարձած «ադրբեջանցի փախստականները» խմելու ջուր չունեն ու պիտի տեղավորվեն Սևանի ափերին ու այդպես յուրացնեն նաև Սևանը: Կոնսպիրոլոգիա՞, ցավոք, չեմ կարծում: Ալիևը վաղուց ապացուցել է՝ հայտարարում է այն, ինչը վստահ է, որ իրականություն է դառնալու: Սևանն էլ տանք, որ հանգիստ ապրենք:
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test