PanARMENIAN.Net - OC Media-ի հետաքննությունը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել «Արևմտյան Ադրբեջանի» մասին քարոզչությունը՝ պետական աջակցությամբ և արտաքին ազդեցության գործիքներով, հայտնում է Արմենպրեսը։
Վերջին տարիներին Ադրբեջանն ակտիվացրել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» հասկացության շուրջ արշավը, որի տակ Բաքուն նկատի ունի ոչ թե սեփական տարածքը, այլ Հայաստանի որոշ հատվածներ կամ ամբողջ տարածքը։
«Արշավը ներկայացվում է իբրև մարդասիրական ջանք՝ աջակցելու Խորհրդային Միության փլուզման ժամանակ Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների «անվտանգ և արժանապատիվ վերադարձին»։ Սակայն ժամանակի ընթացքում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը վերածվել է պետության կողմից ուղղորդվող հաղորդակցման ռազմավարության, որը Բաքուն պարբերաբար օգտագործում է որպես քարոզչական գործիք»,-նշվում է հոդվածում։
Թեև հրապարակայնորեն այն ներկայացվում է որպես մշակութային կամ մարդասիրական գործունեություն, անկախ փորձագետները արձանագրել են, որ դրա հիմքում առկա է հստակ տարածքային նկրտումների ենթատեքստ։ Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով վերլուծաբան Թոմաս դե Վաալը 2023-ին հրապարակված վերլուծության մեջ այս նախաձեռնությունը բնութագրել է որպես «պարզապես իռեդենտիստական»։
OC Media-ի տրամադրության տակ հայտնված ադրբեջանական պաշտոնական փաստաթղթերը վկայում են, որ քարոզչական բովանդակությունը և տարածման միջոցները ղեկավարվել են նախագահի աշխատակազմից՝ չնայած նախաձեռնությունն իրականացնում է «Արևմտյան Ադրբեջանի համայնքը»։
«Ադրբեջանի կառավարությունը ձգտում է մշտապես կենդանի պահել ազգայնական ոգևորությունը», - OC Media-ին ասել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի հրավիրյալ գիտաշխատող և Ադրբեջանի քաղաքացիական հարցերով փորձագետ Ալտայ Գոյուշովը։
«Այն որպես գործիք է ծառայում՝ մոբիլիզացնելու հասարակական կարծիքը և շեղելու մարդկանց սոցիալական խնդիրներից ու իրենց ոտնահարված իրավունքներից։ Ավելին, այն գործում է որպես ուրույն Դամոկլյան սուր՝ Հայաստանին վախեցնելու համար», - հավելել է նա։
Ֆինանսավորման մասով փաստաթղթերը ցույց են տվել, որ նախագահի աշխատակազմն անմիջականորեն միջոցներ է հատկացրել՝ կազմակերպելով բարձր մակարդակի համաժողովներ, ներգրավելով հաղորդակցության մասնագետների և պատրաստելով քարոզչական բովանդակություն։ 2023 թ․ դեկտեմբերի 5-6-ը Բաքվում կազմակերպված համաժողովին «Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովումը. գլոբալ համատեքստ և արդար լուծում» խորագրով մասնակցել է տարբեր երկրներից ժամանած առնվազն 34 անձ։
Այս նպատակների համար պետական բյուջեից տրամադրվել է ավելի քան 109,000 մանաթ՝ ծածկելու հյուրանոցային, աուդիո-վիզուալ, բրենդավորման և թվային հարթակի ստեղծման ծախսերը։ Համաժողովից մի քանի օր առաջ համաձայնագիր է կնքվել պետական աջակցություն ստացող «Ռազմավարական հաղորդակցությունների կենտրոն» ՀԿ-ի հետ՝ այս նարատիվը «Վիրտուալ Արևմտյան Ադրբեջան» կայքում տարածելու նպատակով։
Հետադարձ վերլուծությունը, սակայն, ցույց է տվել, որ միջազգային հանրության արձագանքը համաժողովին բավական սահմանափակ է եղել։ Հյուրերից քչերն են հետագայում հրապարակավ անդրադարձել այդ միջոցառմանը, իսկ միջազգային մամուլում անդրադարձը եղել է նվազ։ Այդուհանդերձ, ադրբեջանական պետական լրատվամիջոցներն ակտիվորեն տարածել են մասնակիցների խոսքերն ու կարծիքները՝ որպես համաժողովի հաջողության ապացույց։ Դրանից հետո նմանատիպ միջոցառում է իրականացվել նաև 2024 թվականին։ Մասնակիցներին նույնիսկ հանձնվել է խորհրդանշական «անդամություն»՝ որպես երախտագիտություն քարոզչական աշխատանքին մասնակցելու համար։
Թեև «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ի սկզբանե՝ 1980-ականներին, ձևավորվել էր որպես փախստականների նախաձեռնություն, այն երկար ժամանակ չէր գործում մինչև 2022 թվականը, երբ կառավարությունը վերակազմավորեց այն։ Այդ տարվա օգոստոսին կազմակերպությունը ստացել է նոր անվանում և կանոնադրություն, իսկ հոկտեմբերին խորհրդարանը ձևավորել է աշխատանքային խումբ՝ նվիրված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի քաղաքականությանը։
«Դիսկուրսն ամրապնդվեց 2022 թվականի կարճատև ռազմական բախումների ժամանակ, - բացատրում է Գոյուշովը, - Ադրբեջանի կառավարությունը վաղուց է կիրառում իռեդենտիստական հռետորաբանություն Հայաստանի նկատմամբ՝ Երևանը և Զանգեզուրը հայտարարելով պատմականորեն ադրբեջանական տարածքներ»։
OC Media-ն հիշեցրել է, որ Լաչինի միջանցքի շրջափակման մեկնարկից հետո՝ 2022-ի վերջին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղիղ եթերում հայտարարեց, որ Հայաստանը «պատմական ադրբեջանական հող» է։ Նա սեպտեմբերյան բախումները, որոնց արդյունքում ադրբեջանական ուժերը վերահսկողություն են սահմանել հայաստանյան տարածքներում, կապել է իր համոզմամբ «պատմականորեն ադրբեջանական քաղաքների» ռազմավարական նշանակության հետ։
Հոդվածում նշվում է, որ 2025-ի հունվարին, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ակտիվացման ֆոնին, Ալիևը կրկին ինտենսիվացրել է իր հռետորաբանությունը՝ Հայաստանին անվանելով «ֆաշիստական պետություն»՝ պատճառաբանելով, որ Երևանը մերժում է փախստականների վերադարձը։
«Մենք այսպիսի ֆաշիստական պետության հարևանությամբ ենք ապրում, և ֆաշիզմի սպառնալիքը շարունակվում է։ Հետևաբար, ֆաշիզմը պետք է արմատախիլ արվի։ Կա՛մ Հայաստանի ղեկավարությունը կոչնչացնի այն, կա՛մ՝ մենք։ Մենք այլ ընտրություն չունենք», - այդ ժամանակ ասել էր Ալիևը։
Այնուամենայնիվ, 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ տեղի ունեցած գագաթնաժողովում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները նախաստորագրել են խաղաղության պայմանագրի նախագիծ, որի արդյունքում «Արևմտյան Ադրբեջանի» հռետորաբանությունը որոշ չափով մեղմվել է։ Փաստաթղթում ներառված է դրույթ, որով կողմերը հրաժարվում են միմյանց նկատմամբ տարածքային պահանջներից, ինչպես նաև պարտավորվում չեն դիմել միմյանց դեմ միջազգային դատարաններում։
Լայպցիգի համալսարանի դոկտորանտ Վաֆա Նաղիևան, որն ուսումնասիրում է Ադրբեջանի հետպատերազմյան նարատիվները, հաստատել է Գոյուշովի տեսակետը՝ նշելով, որ «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարախոսությունն օգտագործվում է որպես հետպատերազմյան քաղաքականության բաղկացուցիչ։
«Իր աշխարհաքաղաքական գործառույթից զատ, «Արևմտյան Ադրբեջանի» դիսկուրսը ծառայում է որպես հետպատերազմյան պետական նարատիվի խորհրդանշական շարունակություն։ Տեղահանության հիշողությունն այն վերածում է բարոյական լեգիտիմության և հավաքական ինքնության մի ձևի՝ կառավարությանը թույլ տալով պահպանել հետպատերազմյան մշտական նորմալության զգացումը»,- ասել է նա OC Media-ին։
Նրա կարծիքով, այս մոտեցման շնորհիվ հասարակությունը մշտապես պահվում է զգայական լարումի մեջ՝ չիրականացված արդարության ակնկալիքով, և այդ ձևով պետությունը պահպանում է տեղեկատվական վերահսկողություն ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
Հոդվածում ընդգծվում է, որ այս դիսկուրսը դեռևս ամբողջությամբ չի վերացել։ Օգոստոսին, երբ ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցներում շրջանառվեց լուր խորհրդարանական խմբի հնարավոր լուծարման մասին, «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» հրապարակեց հերքում՝ առանց ապացույցների մեղադրելով Հայաստանին՝ նման հրապարակման համար։
Հոկտեմբերի սկզբին ADA համալսարանը ֆինանսավորել է այս թեմայով գրքի տպագրությունը։ ԵԱՀԿ համաժողովի ընթացքում Վարշավայում Ադրբեջանը կազմակերպել է թեմային նվիրված լրացուցիչ միջոցառում, որի ընթացքում հայկական պատվիրակության ներկայացուցիչները և «Իրազեկ քաղաքացիների միություն» ՀԿ-ն մեղադրել են Բաքվին տարածքային նոր պահանջների տարածման մեջ։
Նույն ամսվա վերջին «Արևմտյան Ադրբեջանի համայնքը», համագործակցելով ադրբեջանական սփյուռքի կառույցների հետ, միջոցառումներ է անցկացրել Գերմանիայում և Բրյուսելում՝ այդ գաղափարի միջազգային տարածման նպատակով։ Պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բրյուսելում տեղի ունեցած միջոցառման մասնակիցների թիվը գերազանցել է 120-ը։
«Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի նախագահ, իշխող կուսակցության պատգամավոր Ազիզ Ալաքբառլին հոկտեմբերի 26-ին հայտարարել է, որ Հայաստանը «չունի այլ ընտրություն, քան հաշվի նստել Ադրբեջանի և նրա նախագահի հետ», հակառակ դեպքում կարող է «վտանգի տակ դնել հայկական պետության գոյությունը»։
Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ընդունի Բաքվի բոլոր պահանջները, այդ թվում՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վերադարձը Հայաստան։
Նշվում է, որ ոչ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, ո՛չ էլ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» չեն պատասխանել «OC Media»-ի մեկնաբանություն ստանալու խնդրանքին։
Նոյեմբերի 3–ին Ալիևը հայտարարել է, թե «չկա Սևանա լիճ, կա Գոյչայի լիճ», և որ «ադրբեջանցիների՝ Հայաստանի ներկայիս տարածքում իրենց պատմական հողեր վերադարձը չպետք է վախեցնի հայ ժողովրդին»․ քանի որ «իրենք այդ տարածքներ պետք է վերադառնան ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով»։
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test