«Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատվել է խաղաղություն: Այս կետից պետք է անդրադառնամ հետևյալ հարցին. այնուամենայնիվ, որո՞նք են մարտահրավերները»:
Այս մասին «Օրբելի Ֆորում-2025»-ի ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մարտահրավերներից մեծագույնը և հիմնարարն այն է, որ քիչ առաջ իմ արտաբերած նախադասությունը տարօրինակ, օտարոտի և անծանոթ է հնչում. խաղաղություն ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև:
Ըստ էության, Հայաստանն ու Ադրբեջանը անկախություն ստացել են կոնֆլիկտի ֆոնին, կոնֆլիկտի տրամաբանության մեջ և կոնֆլիկտից բխած էներգետիկայի շնորհիվ, և մենք ամենևին չպետք է թերագնահատենք այս փաստը:
Վերջին երկու տարիների փորձը մեզ ասում է, որ մենք կարող ենք լինել պատմության ստեղծող, ինչը ամենևին չի նշանակում մոռանալ պատմությունը, բայց մյուս կողմից չմոռանալ պատմությունը և լինել պատմություն ստեղծող, նշանակում է առնվազն չմտնել պատմությունը վերարտադրողի վիճելի դերակատարման մեջ»,- ասել է վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ պատմությունը լինում է կոնֆլիկտների մասին, որովհետև խաղաղության մեջ ոչ մի հետաքրքիր բան չկա պատմաբանի տեսանկյունից, իսկ խաղաղությունը հրահրում է ներդաշնակություն, ներդաշնակությունը պատմաբանների համար ամենաձանձրալի իրավիճակն է:
«Ուզում եմ նաև արձանագրել, որ մենք պետք է նաև ուշադիր լինենք պատմության վերաբերյալ այն տրամաբանության մեջ. իսկ ինչո՞ւ չենք կարող հղում անել մասնավորապես այն ժամանակների պատմությանը, և կան, իմիջիայլոց, պատմաբաններ և քաղաքական առաջնորդներ, որոնք հղում են անում այն ժամանակների պատմությանը՝ դա համարելով հիմնական լեգիտիմ մեկնակետ, որտեղ այդ թվում՝ մեր տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի պատմությունները բնորոշվում էին Կիրովականներով և Կիրովաբադներով, Լենինականներով և Լենինաբադներով, Կույբիշևներով, «Հոկտեմբեր» կինոթատրոններով և այլն և այդպես շարունակ:
Կան քաղաքական առաջնորդներ, կան շրջանակներ, որոնք լեգիտիմ միակ մեկնակետը համարում են հենց սա: Կան քաղաքական շրջանակներ, որոնք պատմության մեկնարկը համարում են հենց Կիրովականների և Կիրովաբադների ժամանակաշրջանը, և ոչ մեկը չի կարող ասել, որ, ո՛չ, դա պատմություն չէ:
Հայաստանում ամենաշատ քննարկված թեմաներից մեկը պատմական հայրենիքի թեման է: Վերջին տարիներին մեր Կառավարության և անձամբ իմ արձանագրումը նրա մասին էր, որ եթե մենք պատմական հայրենիքի ընկալումը չփոխարինենք իրական հայրենիքի ընկալմամբ, խաղաղությունը պարզապես կփլուզվի: Խաղաղությունն այսօր արդեն մի քանի ամսական երեխա է, և մենք պետք է կայացնենք որոշումներ՝ մենք ուզում ենք խնամե՞նք այդ երեխային, թե՞ մենք ուզում ենք, որ դա տեղի չունենա:
ՀՀ կառավարության և ժողովրդի կամքը անսասան է․ մենք շարունակելու ենք խնամել երեխային, որը, ի դեպ, այս խաղաղությունը, մեր ձեռքերով ստեղծված խաղաղությունն է: Սա եզակի դեպք է. մեր ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի. սա այն խաղաղությունն է, որ, այո, դժվարությամբ, բայց մեր սեփական ձեռքերով ենք ստեղծել, և սա առաջին ընդհանուր արժեքն է, որ Հայաստանը և Ադրբեջանն իրար հետ ստեղծել են»,- նշել է վարչապետը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test