Խոշոր ավտովթար՝ Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են «Mercedes»-ն ու «BMW X6»-ը. վերջինն էլ բախվել է ծառին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:05-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Կարեն Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի և Երևանի բնակիչ 31-ամյա Արփինե Տ.-ի վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «BMW X6»-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 50-ամյա Իրինա Տ.-ն, 27-ամյա Հայկազ Տ.-ն, 36-ամյա Էդգար Պ.-ն և 24-ամյա Լևոն Տ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Խաչատուր Միրզաջանյանն ու Սպարտակ Պողոսյանը: Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի, և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Mercedes»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ «BMW X6»-ը բախվել է ծառին: Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։