Հոկտեմբերի 31-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, պատասխանելով Հայաստանի վերահսկողության տակ գտնվող, Ադրբեջանին պատկանող հողերի մասին պաշտոնյաների արած հայտարարությունների մասին լրագրողների հարցերին, ասել է․ «Ժողովուրդ ջան, դա լրիվ պարզ երեւում է, էդտեղ տհենց մեծ գաղտնիք չկա, դուք լավ գիտեք, որ Ոսկեպարի հատվածում, Բերքաբերի հատվածում նման տարածքներ ունենք»։ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր, 2021թ․ ապրիլի 8-ից Տավուշի մարզպետ աշխատող Հայկ Ղալումյանը երեւի «մոռացել է», որ խորհրդային ժամանակներից Բերքաբեր գյուղին պատկանող, ներկայում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ փաստացի սահման դարձած Ջողազի ջրամբարի ձախ ափին Բերքաբերն ունի մոտ 860 հեկտար տարածք, որն ադրբեջանցիները մշակում են, ցորեն են ցանում։ Նա նաեւ «մոռացել է» լրագրողներին ասել, որ 2024-ին սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով, ապօրինի ձեւով Բերքաբեր գյուղի հատվածում, Ղազախի շրջանի Ղզըլ Հաջիլի գյուղին հարակից գոտում Ադրբեջանին են հանձնվել մի շարք հայկական հենակետեր։ Այդ ժամանակ Բերքաբերի բնակիչների շրջանում լուրեր էին տարածվել, որ սահմանազատման հաջորդ փուլում Բերքաբերին է վերադարձվելու գյուղին պատկանող 860 հեկտար հողը։ Մի քիչ թարմացնենք նրա հիշողությունը։
2025թ․ հունվարի 30-ին Երեւանում ընդունելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վրաց գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացից մանրամասներ, հայտարարելով․ «Երկու երկրների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ սահմանազատման հաջորդ փուլը սկսել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան միջպետական սահմանների հատման կետի անմիջական հարեւանությամբ»։ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի սահմանները հատվում են մի կետում՝ Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղի Ղիասի քար տարածքի մոտ։ Սակայն Կիրանց գյուղին պատկանող մոտ 15 հեկտար հողերը, Բերքաբերի սահմանագոտում եւ Կիրանց-Բաղանիս հատվածում ավելի քան 30 տարի ամրացված դիրքերն Ադրբեջանին հանձնելուց հետո հայ-ադրբեջանական սահմանազատումը շարունակություն չունեցավ։ Հայկ Ղալումյանը լրագրողներին ասել է, թե նրանք լավ գիտեն, որ Բերքաբերի եւ Ոսկեպարի հատվածներում Ադրբեջանին պատկանող հողեր կան, սակայն այդպես էլ չի մանրամասնել, թե այդ ինչ հողեր են, երբվանից են պատկանում Ադրբեջանին, կամ՝ լրագրողները որտեղի՞ց պետք է դա լավ իմանան։ Մարզպետը չի հիշել, որ Տավուշի մարզում հազարավոր հեկտար հողեր 1990-ականների սկզբից գտնվում են Ադրբեջանի զինուժի վերահսկողության ներքո։
Իջեւան համայնքի Վազաշեն գյուղից 1400 հեկտար գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ եւ չեզոք գոտում։ Այդ հողերի մի մասում ադրբեջանցիներն ամեն տարի ցորեն են ցանում։ Նոյեմբերյան համայնքի Կոթի գյուղի շուրջ 1000 հեկտար հող գտնվում է Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ։ Բերդ համայնքի սահմանամերձ տարածքներից շատ մեծ տարածքներ եւս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջեւան եւ Բերդ համայնքներին պատկանող հազարավոր հեկտարներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։ 2020թ․ հուլիսի 12-ին Մովսես գյուղի սահմանագոտում նախահարձակ լինելով՝ Հայաստանի զինված ուժերը 2 դիրք ազատեցին, սակայն այդ տարածքում ՀՀ-ին պատկանող հարյուրավոր հեկտար հողեր Հայաստանի անկախացումից հետո գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մարզպետ Ղալումյանին հարցում եմ արել, թե Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի տարածքներից ընդհանուր քանի՞ հազար հեկտար է այժմ գտնվում ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո։ Մարզպետը պատասխանել է․ «Տիրապետման մակերեսի չափը հնարավոր է բացահայտել փաստացի մարտական հերթափոխի սահմանագծի քարտեզագրման եւ գույքագրումից հետո»: Փաշինյանի քավոր մարզպետը «չի հիշում» ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հազարավոր հեկտար հողերի մասին, սակայն հայտարարելով Ոսկեպարի ու Բերքաբերի հատվածներում Ադրբեջանին պատկանող հողերի վերաբերյալ՝ փաստորեն, անոնս է արել տարածքային նոր զիջումների մասին։
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test