Հայաստանի քաղաքական պատմության մեջ կանանց մասնակցությունը միշտ ունեցել է իր առանձնահատուկ նշանակությունը։ Տարիներ շարունակ նրանք եղել են հասարակական շարժումների, կրթական բարեփոխումների և մշակութային զարթոնքի առաջամարտիկները, սակայն քաղաքական որոշումների կայացման գործընթացներում նրանց ներկայությունը հաճախ սահմանափակվել է խորհրդանշական մակարդակով։ Անկախությունից հետո ձևավորված նոր պետական համակարգը թեև բերեց ժողովրդավարական ինստիտուտների հաստատման խոստում, սակայն կանանց լիարժեք ներգրավվածությունը քաղաքական դաշտում շարունակեց մնալ բարդ ու հաճախ անտեսված գործընթաց։ Հասարակական կարծրատիպերը, կուսակցական փակ համակարգերը և քաղաքական մրցակցության կոշտ բնույթը դարձան այն պատնեշները, որոնք երկար ժամանակ խոչընդոտում էին կանանց առաջխաղացմանը իշխանության տարբեր մակարդակներում։
Սակայն պատմությունն ունի իր շրջադարձային պահերը։ 1990-ականների վերջին՝ Հայաստանի ներքաղաքական խառնաշփոթի և վերափոխումների շրջանում, ի հայտ եկավ մի նախաձեռնություն, որը փոխեց խաղի կանոնները։ «Շամիրամ» խմբակցությունը ձևավորվեց 1999 թվականին Ազգային ժողովում՝ պատգամավոր Շողեր Մաթևոսյանի նախաձեռնությամբ։ Խմբակցությունը միավորեց տարբեր կուսակցություններից ընտրված կին պատգամավորներին մի ընդհանուր գաղափարի շուրջ՝ բարձրացնել կանանց քաղաքական դերը և նրանց ձայնը հնչեղ դարձնել պետական հարթակներում։
Խմբակցության անունն ինքնին խորհրդանշական էր․ Շամիրամը՝ հայ պատմության և ավանդապատումի մեջ հիշատակվող Նինվեի թագուհին, մարմնավորում էր խոհեմություն, իշխանություն և կանացի առաջնորդություն։ Այդ անվան ընտրությունը պատահական չէր․ այն խորհրդանշում էր ոչ միայն հին դարերի հզոր կնոջ կերպարը, այլև այն գաղափարը, որ հայ կինն ունի ղեկավարելու, որոշումներ կայացնելու և պատասխանատվություն ստանձնելու ներուժ։
«Շամիրամը» դարձավ յուրահատուկ հարթակ, որտեղ կին պատգամավորները կարող էին հանդես գալ ոչ թե կուսակցական շահերով, այլ հասարակական արժեքներով առաջնորդվելով։ Նրանց օրակարգում կենտրոնական տեղ էր զբաղեցնում գենդերային հավասարության խթանումը, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը, սոցիալական արդարության ապահովումը և կրթական հավասար հնարավորությունների ստեղծումը։
Խմբակցության հիմնադիր Շողեր Մաթևոսյանը «Շամիրամի» ստեղծումը ներկայացնում է որպես անկախության սերնդի ինքնության ու քաղաքական ակտիվության արտահայտություն։ Նրա խոսքով՝ գաղափարը ծնվել էր դեռևս 1989-ին ձևավորված շարժման հիման վրա․ «Մեր նպատակը վաղուց էր ձևավորվել։ Պետք էր ցույց տալ, որ կինն ունի իր խոսքն ու դերը ոչ միայն ընտանիքում, այլև հասարակական կյանքում»։
Այդ տարիներին հասարակությունը պատրաստ չէր կանանց քաղաքական մասնակցությանը, սակայն «Շամիրամը» կարողացավ կոտրել կարծրատիպերը՝ 1995-ի ընտրություններում ստանալով շուրջ 20% քվե։ Մաթևոսյանի խոսքով՝ դա հնարավոր եղավ նաև իշխանության որոշակի աջակցության շնորհիվ, քանի որ նրանց հանրությունը գրեթե չէր ճանաչում։
Նա հիշում է, որ խորհրդարանում մթնոլորտը զուսպ ու գործընկերային էր․ «Այն ժամանակ հայհոյանքներ չկային, մարդիկ ավելի հարգալից էին։ Այսօր սոցիալական ցանցերը փոխել են այդ մշակույթը»։
Խմբակցության ներսում, Մաթևոսյանը խոսքով, մթնոլորտը միշտ եղել է համերաշխ, և անդամները կայացած են եղել իրենց ոլորտներում։ Ի սկզբանե էլ, նպատակը քաղաքականությամբ զբաղվելը չէր, այլ իրական փոփոխություններ բերել։ Գործնական արդյունքները կարևոր էին. «Շատ օրենքներ անցկացրինք, որոնք մինչ օրս գործում են՝ օրինակ, թերթերի տպագրման հարկերի նվազեցման մասին։ Շատ դիմումներ ենք ստացել ու փորձել լուծել»։
Մաթևոսյանը լավատես է ներկա սերնդի նկատմամբ․ «Այսօրվա աղջիկները ակտիվ են, ունեն գիտելիքներ և չեն վախենում մտնել քաղաքականություն։ Եթե թիմ ունենան ու ճանաչեն հասարակությանը, կարող են շատ բան փոխել»։
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը բազմիցս լսել է «Շամիրամի» գործունեության և նրա թողած դրական ազդեցության մասին։ Թանդիլյանի խոսքով՝ այն ժամանակ «Շամիրամը» նոր էջ բացեց կանանց քաղաքական մասնակցության պատմության մեջ՝ նոր սերունդների համար։
«Յուրաքանչյուր սերունդ իր հերթին ճանապարհ է հարթել։ Այսօր մենք պետք է շարունակենք այդ ճանապարհը՝ համագործակցությամբ ու փոխաջակցությամբ։ Կանայք կարող են և պետք է լինեն որոշումների կայացման առաջնագծում», – ասում է Թանդիլյանը։ Նրա հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցությունը միավորում է կարող և մտածող անհատների՝ այդ թվում կանանց, որոնց ակտիվ ներգրավվածությունը, ըստ նրա, կարող է բարձրացնել Հայաստանի քաղաքական դաշտի որակը։
Մանե Թանդիլյանը քաղաքականություն է մտել այն ժամանակ, երբ կանանց ներկայությունը դեռ սահմանափակ էր․ նրա որոշումը, ինչպես ինքն է նշում, ծնվել էր ցանկությունից իրական փոփոխություններ բերել։ «Քաղաքացիական ակտիվությունից հետո հասկացա, որ որոշումների վրա ազդեցության ամենաարդյունավետ ձևը հենց քաղաքականությունն է»,- ասում է նա։
Թանդիլյանը գիտակցում էր՝ կին քաղաքական գործիչ լինելը կրկնակի դժվար է։ «Կանանց ներկայությունը հաճախ թիրախավորված է․ պետք է ոչ միայն պրոֆեսիոնալ պատրաստվածություն, այլև ներքին դիմադրողականություն», – ընդգծում է նա։ Նրա համոզմամբ՝ կանանց ձայնը կարող է դառնալ որոշիչ, եթե այն հենվում է արդարության ու հանրային բարօրության վրա։
Քաղաքականության խոչընդոտները, ըստ Թանդիլյանի, խորքային են՝ կապված հասարակական մշակույթի ու կարծրատիպերի հետ։ «Կանայք հաճախ կան համակարգում, բայց ազդեցություն չունեն որոշումների վրա», – նշում է նա՝ շեշտելով մենթորության, կրթական ծրագրերի ու թիմային աջակցության կարևորությունը։
Երիտասարդ աղջիկներին քաղաքականությունը, որպես իրական հնարավորություն ներկայացնելու համար, Թանդիլյանը ազնիվ է. «Քաղաքականության մեջ կանայք ամեն օր պայքարում են լսված լինելու համար։ Դա հեշտ ճանապարհ չէ, բայց հենց այստեղ է հնարավոր իրական փոփոխություն բերել», – ասում է նա՝ հորդորելով երիտասարդ աղջիկներին չվախենալ և պայքարել իրենց ձայնը հնչեցնելու համար։
Թանդիլյանը տեսնում է գաղափարական շարունակություն «Շամիրամ» խմբակցության և «Ապրելու երկիր» կուսակցության միջև։ Թեև ձևաչափերը տարբեր են, արժեքային հիմքը՝ կանանց քաղաքական ձայնի հզորացումը, որոշումների կայացման գործընթացում նրանց ներգրավվածությունը և հասարակական օրակարգի ձևավորումը, նույնն է։ «Շամիրամի» կանայք սկսած ճանապարհը այսօր շարունակվում է՝ ավելի լայն համատեքստում, սակայն նույն վճռականությամբ՝ ապահովելու կանանց լիարժեք մասնակցությունը Հայաստանի քաղաքական կյանքում։
Թեպետ խմբակցությունը երկար կյանք չունեցավ՝ պայմանավորված խորհրդարանական փոփոխություններով և քաղաքական անկայունությամբ, այն դարձավ խորհրդանշական նախադեպ՝ ցույց տալով, որ կանանց միասնությունը կարող է դառնալ քաղաքական ուժ։
Հոդվածը ստեղծվել է Participate and Promote Democracy Եվրամիության ծրագրի շրջանակում՝ Bright Future նիդեռլանդական կազմակերպության և Promising Youth Հայաստանյան կազմակերպության անդամների կողմից։
Էրիկ Մանուկյան, Շուշանիկ Դանիելյան, Նռանէ Բալայան
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test