«Հրապարակի» զրուցակիցն արգենտինահայ փաստաբան, Տուկումանի համալսարանի ցեղասպանության ուսումնասիրությունների պրոֆեսոր եւ Բուենոս Այրեսի Սենատի թեկնածու Լուսիանա Մինասյանն է, որը զբաղվում է տուժած հայերի շահերի պաշտպանությամբ:
- Մեզ հետ նախորդ զրույցում հայտնեցիք, որ Դուք եւ Ձեր իսպանացի կոլեգա Այտոր Մարտինես Խիմենեսը դիմում եք ներկայացրել Անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբին (UNWGAD)՝ Բաքվի բանտում ապօրինաբար կալանքի տակ գտնվող Վիգեն Էուլջեքջյանի անհապաղ ազատ արձակման պահանջով: Պնդում եք՝ նրա մեղադրանքներն անհիմն են. նա չէր կարող վարձկան լինել, քանի որ ՀՀ քաղաքացի է: UNWGAD-ից արձագանք կա՞:
- Դիմումը ներկայացվել է սովորական ընթացակարգով: Մոտ մեկ տարի առաջ նախորդ դիմումը ներկայացվել է անհետաձգելի ընթացակարգով, որի պատասխանը չի ստացվել եւ նույնպես արձագանք էր պահանջում Բաքվից: Մենք վստահ ենք վերջնական արդյունքի մեջ, չնայած գործընթացը ժամանակ է պահանջում։
- Հունվարից Բաքվում ընթանում է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների եւ մյուս հայ գերիների դեմ շինծու մեղադրանքներով «դատավարությունը»։ Հայտարարեցին, որ այն արդեն ավարտվել է, առաջիկայում սպասվում է մեղադրողի ճառը: Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին: Դուք զբաղվո՞ւմ եք նաեւ մեր այս հայրենակիցների իրավունքների պաշտպանությամբ եւ ի՞նչ վճիռ եք կանխատեսում:
- Մի քանի իրավաբանական թիմեր աշխատում են բոլոր բանտարկյալների շահերն աստիճանաբար ներկայացնելու ուղղությամբ: Որոշ ընտանիքներ դեռ որոշում են՝ տա՞լ իրենց համաձայնությունը, թե՞ ոչ, քանի որ անհնար է գրավոր համաձայնություն ստանալ անմիջապես ռազմագերիներից: Մինչ այդ մենք հետեւում ենք ընթացակարգերի ընթացքին, չնայած դատավարությունները կեղծ են, կամայական եւ անօրինական։
- Մինչ դուք ջանքեր եք գործադրում՝ պաշտպանելու Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ գտնվող հայերի իրավունքները, ՀՀ իշխանությունները, ըստ էության, «փակված» են համարում ոչ միայն կորսված Արցախի, այլեւ Ադրբեջանում խոշտանգվող եւ դատապարտվող հայ գերիների ճակատագրի հարցը: Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը:
- Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրված TRIPP-ի համաձայնագիրը պետք է լուծեր ռազմագերիների հարցը: Համեմատության համար, Միացյալ Նահանգների նախագահը նույնպես դեր է խաղացել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարի համաձայնագրում, որտեղ գերակայություն էր տրվում պատանդների ազատ արձակմանը՝ ոչ միայն ողջերի, այլեւ մահացածների վերադարձի հարցում: Մինչ օրս դեռեւս դժվարություններ կան ՀԱՄԱՍ-ի կողմից այս պայմաններին համապատասխանելու հարցում, եւ որոշ զոհվածների մարմիններ կարող են երբեք չգտնվել: Հետ նայելով TRIPP-ի համաձայնագրի ստորագրմանը, ավելի լավ կլիներ հստակ բանակցել բանտարկյալների, գուցե՝ նաեւ որոշակի բռնի անհետացումների վերաբերյալ, որոնց շուրջ մարդու իրավունքների պաշտպաններն ու ներկայացուցիչները մտահոգություններ են հայտնել մի քանի տարի շարունակ։
- Ավելին, միջազգային հարթակներում այդ հարցն Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից բարձրաձայնվելուց հետո Փաշինյանն ու գործող ռեժիմը քաղաքական հալածանքներ սկսեցին Վեհափառի դեմ, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կալանավորվեցին արքեպիսկոպոսներ, քահանաներ: Այս ամենին հետեւո՞ւմ եք, եթե այո՝ ի՞նչ կարող եք անել իրավական, իրավապաշտպան հարթության մեջ:
- Ինչ վերաբերում է Հայ եկեղեցուն, ես չունեմ ուղիղ մասնակցության որեւէ միջոց։ Սփյուռքի տեսանկյունից, Հայ եկեղեցին հայրենիքի հետ հիմնական կապն է, եւ մենք ձգտում ենք պահպանել այդ կապերը։ Անձամբ ես վերջին տասը տարիների ընթացքում աշխատել եմ որոշ հայ եպիսկոպոսների հետ, հիմնականում՝ երկրաշարժից հետո բարեգործական նախաձեռնությունների շրջանակներում (նույնիսկ 30 տարի անց), ինչպես նաեւ՝ եկեղեցական եւ պատմական պատասխանատվության կոմիտեների ներկայացուցիչների հետ։ Դրանից բացի, ես կապի որեւէ այլ միջոց չունեմ։
- Որքան էլ ցավալի է խոստովանել, Արցախի, հայության հիմնարար եւ ոտնահարված իրավունքների համար պայքարող գործիչների դեմ արշավում Երեւանն ու Բաքուն համաքայլ են գործում, եթե չասենք՝ նույն օրակարգով:
- Մեր աշխատանքը սկսվել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ սփյուռքից, աշխարհի տարբեր երկրների գործընկերների հետ միասին։ Երբեմն ակնկալել ենք Հայաստանի կառավարության համագործակցությունը, բայց մեծ մասամբ աշխատել ենք անկախ։ Մենք չենք զբաղվում քաղաքականությամբ, քանի որ մեր աշխատանքի նպատակը ոչ միայն բանտարկյալներին, այլեւ եւ հաճախ՝ առաջին հերթին, նրանց ընտանիքներին աջակցելն է։ Այդ առումով մեր գլխավոր նպատակն է՝ շարունակել աշխատել այս ընտանիքների բարեկեցության եւ, որտեղ հնարավոր է` փոխհատուցման համար։ Ես Հայաստանի քաղաքացի չեմ, բայց այդ կարգավիճակում գոհունակություն ունեմ, երբ այս բոլոր կարիքավոր մարդկանց աջակցություն են ցուցաբերում, մինչեւ նրանց սիրելիներն անվտանգ վերադարձվեն։
- Արդյո՞ք այս բոլոր, այդ թվում՝ Հայաստանում եւ Ադրբեջանում շարունակվող ապօրինությունների կասեցման համար միջազգային ճնշումը բավարար է:
- Միջազգային ճնշումը հարաբերական է եւ կարող է հանգեցնել ավելի լավ արդյունքների՝ կախված բազմաթիվ գործոններից, որոնցից շատ կարեւոր է աշխարհաքաղաքականությունը։ TRIPP-ի համաձայնագիրը կարող է դրական ազդեցություն եւ հետեւանքներ ունենալ Հայաստանի համար, այն առումով, որ երկրի ազդեցությունը կարող է մեծանալ որպես ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի հետ նախագծի մասնակից։ Իհարկե, կա անհապաղ անհրաժեշտություն՝ ազատ արձակելու այն բանտարկյալներին, ովքեր չեն կարող սպասել այս զարգացումներին։
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test 
			Test