Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Սուտ 16. «Կրթության ոլորտը բարեփոխվում է» aravot.am aravot.am

time
Սուտ 16. «Կրթության ոլորտը բարեփոխվում է»

Սկիզբը՝ այստեղ:

Անցում կատարենք կրթական ոլորտի ստերին։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե իր իշխանության օրոք կրթական համակարգում «արմատական բարեփոխումներ» են իրականացվում։ Նրա խոսքերով՝ դպրոցներն ու բուհերը պիտի դառնան ժամանակակից, ազատ ու ինքնուրույն մտածող սերնդի դարբնոցներ։

Սակայն իրականությունը լրիվ հակառակն է։ ՀՀ անկախությունից ի վեր կրթական ոլորտը թե՛ դպրոցական, թե՛ բուհական մակարդակում խորը ճգնաժամում է գտնվում։

Ինչպե՞ս է փլուզվում դպրոցական կրթությունը։ Ծրագրային քաոս եւ նոր չափորոշիչներ, որոնք, մեղմ ասած, անբովանդակ են։ Սկսենք «Հայ գրականություն» առարկայից։ Մի ամբողջ 5-րդ դար, որը մեր պատմության մեջ համարվում է Ոսկե դար, ամբողջովին դուրս է եկել գրականության գրքերից։ Հայտնվել են ժամանակակից ու նոր գրողներ, որոնց մասին շատերս անգամ չենք էլ լսել։ Տարրական մի բանգ Մեսրոպ Մաշտոցի նկարն անգամ Այբբենարաններից դուրս է եկել, փոխարենը ինչ-որ QR կոդեր են հայտնվել։ Անհավատալի է թվում այս ամենը։ Այսինքն, դպրոցահասակ երեխաներին ստիպում են, որ դպրոց գնան սմարթֆոններով, որպեսզի կարողանան լիովին ընդգրկվել դասապրոցեսի մեջ։ «Հայոց պատմություն» առարկան դարձել է «Հայաստանի պատմություն»գ սա ողբերգություն է, որովհետեւ մի ամբողջ պատմություն խեղաթյուրված ներկայացվում է աշակերտներին, դասագրքերում բացակայում են մեր պատմության կարեւորագույն էջերը։ «Հայոց եկեղեցու պատմությունը» ամբողջովին դուրս է եկել դասացուցակներից։ Կարճ ասած, ազգային ինքնության ձեւավորումը հետին պլան է մղվել։ Փոխարենը դասացուցակներ են մուտք գործել անորոշ «բազմամշակութային» թեմաներ, որոնք ոչ մի կապ չունեն հայկական ինքնության հետ։ Սա նպատակ ունի քայքայել ազգային ինքնագիտակցությունը՝ մատաղ սերնդին իր արմատներից հեռացնելու համար։ Կրթական ծրագրերում աստիճանաբար մուտք են գործում միջազգային կազմակերպություններ ու գրանտային ծրագրերի թելադրած արժեքներ, ինչպիսիք են «գենդերային հավասարությունը», «հանդուրժողականությունը», «մշակութային բազմազանությունը», որոնք հաճախ ներկայացվում են ազգային արժեհամակարգի հաշվին, որի արդյունքում սերունդը չի ճանաչում իր պատմությունն ու հավատքը։

Նոր չափորոշիչները ներկայացվեցին որպես նորարարություն, բայց իրականում դրանք ոչ մի համակարգային բարելավում չբերեցին։ Դպրոցներում այլեւս չկան գնահատականներ, որոնք, եկեք անկեղծ խոսենք, աշակերտների համար նաեւ ծառայում էր որպես մոտիվացիա։ Ուսուցիչները ստիպված են աշխատել մշտապես փոփոխվող ծրագրերով՝ առանց հստակ մեթոդաբանության։

Կրթական հաստատություններում տիրում է վախի մթնոլորտ՝ մարդիկ խուսափում են կարծիք հայտնել, որ չհամարվեն «հակաիշխանական», այսպիսով ձեւավորվում է «ենթարկվող» դպրոցական միջավայր։

Սկսվել է բուհերի կրճատում։ Օպտիմալացման անվան տակ միավորվում են կամ փակվում։ Փակման կամ միավորման վտանգի տակ են Բրյուսովի անվան համալսարանը, Մանկավարժական համալսարանը, Ֆիզիկական կուլտուրայի համալսարանը։ Փաշինյանը բավական ժամանակ է՝ խոսում է ակադեմիական քաղաքի մասին, որը ենթադրում է բոլոր բուհերի փակումը եւ մեկ ընդհանուր տարածքում նոր բուհերի բացում։ Հարց է առաջանում, թե ի՞նչ նպատակի են ծառայելու հազարամյակների պատմություն ունեցող բուհերի շենքերը։

Մեկ այլ շատ կարեւոր ու ցավալի խնդիր բուհական ոլորտում։ Շատ դասախոսներ զրկվել են աշխատանքից քաղաքական հայացքների պատճառով։ Ուսանողական ինքնակառավարումները վերածվել են իշխանամետ կառույցների, որտեղ այլակարծությունը համարվում է «թշնամություն», այնինչ Փաշինյանը 2018-ին հայտարարում էր, որ բուհերը պետք է լինեն ապաքաղաքական։ Գիտական ինստիտուտների բյուջեն նվազել է, իսկ շատ գիտաշխատողներ լքում են երկիրը, արդյունքում Հայաստանը կորցնում է իր գիտական ներուժը, որը տարիներ շարունակ պահում էր երկիրը բարձր մակարդակի վրա։

Փաշինյանի «բարեփոխումները» ոչ թե բարձրացրել են կրթության որակը, այլ քանդել են ազգային կրթական համակարգի հիմքերը։ Դպրոցները կորցնում են իրենց դաստիարակչական առաքելությունը, բուհերը վերածվում են ֆորմալ հաստատությունների, իսկ ուսուցիչներն ու դասախոսները՝ «լռեցված գործիքների»։ Այս ամենի հետեւանքով Հայաստանը կանգնած է մեծ վտանգի առաջ՝ կորցնելով իր մտածողության ինքնությունը եւ գիտելիքի անկախությունը։

Շարունակելի

Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՀՀԿ խորհրդի անդամ

«Առավոտ» օրաթերթ 04.11.2025

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test