Պատասխանող նախարարությունը դատաքննության ժամանակ հայտնել էր, որ «Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 2014-2016թթ.» ծրագրի տեքստը պաշտոնապես չի հրապարակվել նախարարության կողմից, եւ եթե այն, ինչ որ զարտուղի ճանապարհով հայտնվել է մամուլում կամ համացանցի տիրույթում, դրանից չի բխում, որ նախարարությունը պարտավոր է հայցվորին տրամադրել 2017-2019թթ. ծրագիրը
Նոյեմբերից սկսվում են դատական գործերի արխիվավորումը, փոխանցումը գալիք տարվան, ամփոփոփումները:
Ամփոփումներն անում են ոչ միայն դատական համակարգի մասնագետները, այլ լրատվամիջոցները, ովքեր հատկապես զբաղվում են դատական ժուռնալիստիկայով, դատական գործընթացների լուսաբանմամբ:
Հոկտեմբերի 13-ին վարչական դատարանի արխիվ հանձնվեց ողջամիտ դիտորդների գնահատմամբ տարվա ամենաարտառոց գործը:
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակը (ներկայացուցիչ՝ Ալբերտ Նալբանդյան) հղում կատարելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրնքին, տեղեկատվություն ստանալու հարցում էր ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ պահանջելով տրամադրել 2017 թ. հաստատված «Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների 2017-2019թթ.» ծրագրի տեքստի պատճենը:
Նախարարությունը, հղում կատարելով «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի համաձայն ընդունված նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված ցանկը հաստատելու մասին ՀՀ արտաքին գործերի նախարարի 2017 թ. հունիսի 16-ի թիվ 1002-Ն հրամանի հավելվածի 4-րդ կետին, հայտնել է, որ ՆԱՏՕ-ի աշխատակարգի համաձայն՝ ԱԳԳԾ-ն հանդիսանում է սահմանափակ հասանելիության ծառայողական փաստաթուղթ, եւ ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի բովանդակությունը հասանելի է միայն ծրագրում ներգրավված ՀՀ շահագրգիռ գերատեսչություններին:
Նաեւ հղում էին կատարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածին, համաձայն 2-րդ կետի` «Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը»: Վարչական դատարանի 2024թ. փետրվարի 26-ի վճռով հայցը մերժվել էր, Վերաքննիչ դատարանի 2024թ. ապրիլի 25-ի որոշմամբ ընդունվել էր վարույթ:
Դատական գործընթան ավարտվեց վերջերս, երբ Վճռաբեկը մերժեց իրավապաշտպան կազմակերպության բողոքը:
1995 թվականի հունվարի 13-ին Բրյուսելում ՀՀ կառավարության եւ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության միջեւ ստորագրվել է «Անվտանգության համաձայնագիր» միջազգային պայմանագիրը, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է 1999 թվականի մարտի 17-ին:
Համաձայնագրով սահմանվել են կողմերի միջեւ գաղտնի փաստաթղթերի փոխանակման կարգը եւ այդ կապակցությամբ նրանց ստանձնած պարտականությունները: Կողմերը պարտավորվել են պահպանել եւ երաշխավորել միմյանց տրամադրած տեղեկատվության եւ նյութերի գաղտնիությունը, օգտագործել դրանք միայն ըստ սահմանված ծրագրերի, առանց փոխադարձ համաձայնության չփոխանցել դրանք որեւէ երրորդ կողմի: Բացի այդ, տեղեկատվության հրապարակայնացման վերաբերյալ կարգավորումներ առկա են նաեւ ՆԱՏՕ-ի ուղեցույց-աշխատակարգում, որտեղ ներկայացված է ՆԱՏՕ-ի փաստաթղթերի դասակարգումն ու դրանց հրապարակայնացման ընթացակարգը, եւ ըստ ուղեցույց-աշխատակարգի՝ ՀՀ-ՆԱՏՕ 2017-2019թթ. ԱԳԳԾ-ն դասակարգված է որպես սահմանափակ հասանելիության փաստաթուղթ:
Համաձայն նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված ցանկը հաստատելու մասին ՀՀ արտաքին գործերի նախարարի 2017 թ. հունիսի 16-ի թիվ 1002-Ն հրամանի հավելվածի 4-րդ կետի՝ գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկում է միջազգային պայմանագրերի եւ պայմանավորվածությունների վերաբերյալ տեղեկատվությունը, որի գաղտնի լինելու մասին առկա է պայմանավորվող կողմերի համաձայնությունը կամ ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան ենթակա չէ բաց հրապարակման:
Իսկ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, բանկային, առեւտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն:
«Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հասանելիությունը սահմանափակվում է որոշակի ժամկետով Հայաստանի պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ արտաքին հարաբերությունների, քաղաքական եւ տնտեսական շահերի պաշտպանության նպատակով՝ ելնելով ծառայողական անհրաժեշտությունից, եւ սահմանափակման ամբողջ ժամկետի ընթացքում հրապարակման ենթակա չէ:
Բացի այդ, ըստ նախարարության, հնարավոր է, որ նախորդ ծրագիրը դարձել է հասանելի, երբ ավարտված է եղել դրա գործողության ժամկետը, իսկ բողոքաբերի կողմից պահանջվող 2017-2019թթ. ծրագրի գործողության ժամկետը պարբերաբար երկարաձգվում է, եւ այն հանդիսանում է ներկա պահին գործող փաստաթուղթ:
Պատասխանող կողմը գտել էր, որ անհիմն է բողոքաբերի փաստարկն այն մասին, որ եթե ծրագիրը գաղտնագրման ենթակա տեղեկատվություն է պարունակել, ապա հանրային հրապարակումը եւս պետք է սահմանափակված լիներ:
Պատասխանող կողմը նշում է, որ գաղտնի է համարվում փաստաթղթի բովանդակությունը, իսկ 2014-2016թթ. եւ 2017-2019թթ. ծրագրերի բովանդակությունները տարբեր են, իսկ եթե տեսականորեն կողմերի համաձայնությամբ որոշվի հրապարակել նախորդ փաստաթուղթը, ապա դա չի նշանակում, որ կարող է հրապարակվել նաեւ հաջորդը:
Նախարարությունն արձանագրել էր, որ միջազգային պայմանագրերի եւ պայմանավորվածությունների վերաբերյալ տեղեկությունները, որոնց գաղտնի լինելու մասին առկա է պայմանավորվող կողմերի համաձայնությունը կամ ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան՝ ենթակա չեն բաց հրապարակման, իսկ 1995 թվականի հունվարի 13-ին Բրյուսելում ՀՀ կառավարության եւ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության միջեւ ստորագրված «Անվտանգության հարցերով պայմանագիր» վերտառությամբ պայմանագրի համաձայն՝ կողմերը պարտավորվել են պաշտպանել մյուս կողմի տեղեկություններն ու նյութերը եւ երաշխավորել դրանց անվտանգությունը:
Հելսինկյան գրասենյակը փաստել էր, որ պատասխանողի կողմից պահանջվող տեղեկատվությունը չտրամադրելը եղել է ինքնանպատակ, անհիմն, որի արդյունքում խախտվել է հայցվորի տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչպես նաեւ կամայականության արգելքի սկզբունքը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ 01.11.2025
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test