Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վեց սպաների հետ մնացել էր դիրքերում՝ չընդունելով նահանջի հրամանը aravot.am aravot.am

time
Վեց սպաների հետ մնացել էր դիրքերում՝ չընդունելով նահանջի հրամանը

Հերոս Տիգրան Մելքոնյանի պատմությունը

«Ոչ մի նահանջ, դուխով կռվում ենք մինչեւ վերջ». 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Տիգրան Մելքոնյանի մայրը՝ Նարինե Գալստյանը, հիշում է որդու վերջին խոսքերը, որի ձայնում միախառնվում են ցավն ու հպարտությունը։

Նրա խոսքով՝ տղան հայրենասեր էր՝ առանց բարձր խոսքերի, առանց ցուցադրական քայլերի։

Տնտեսագիտական համալսարանի «Վիճակագրություն» բաժնում մեկ կիսամյակ սովորելուց հետո՝ 2019 թվականի հունվարի 16-ին, Մելքոնյանը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Նա ծառայությունն անցնում էր Մատաղիսում՝ լինելով մարտական դիրքի ավագ։

Մայրը հիշում է, որ մինչ բանակ զորակոչվելը Տիգրանը հեծանիվից ընկել էր, կոտրել էր ուսը, վիրահատվել, եւ պլատին էին դրել. «Բժիշկները զգուշացրին, որ պետք է առնվազն վեց ամիս սպասել, հետո միայն գնա ծառայության, բայց Տիգրանը չլսեց ոչ մեկին։ Ասում էր՝ ես ինձնից փոքրերի հետ չեմ ծառայի»։

Երբ Տիգրանն իր առաջին արձակուրդին բանակից տուն է եկել, մայրը նրան գրեթե չի ճանաչել։

«Բանակում ամեն բան չէր կարողանում ուտել, դրա համար շատ էր փոխվել, նիհարել էր։ Ծառայությունից երբեք չէր դժգոհում, ընդհակառակը՝ միշտ փորձում էր ոգեւորել եւ մեզ, եւ ընկերներին։ Հաճախ էր կրկնում իր սիրած խոսքը՝ «Սաղ տոչնի ա»,- պատմում է մայրը։

Տիկին Նարինեն մեր զրույցի ընթացքում ցույց է տալիս որդու մանկության լուսանկարները՝ հիշելով տղայի մանկությունն ու պատանեկությունը։ «Տիգրանը շատ աշխույժ ու չարաճճի երեխա էր։ Պարը շատ էր սիրում։ Չորս տարեկանից արդեն հաճախում էր պարի դասերի եւ հիանալի էր պարում։ Մինչեւ հինգերորդ դասարան գերազանց սովորող էր, ուսուցիչների սիրելին։ Դպրոցի գրեթե բոլոր միջոցառումներին միշտ ակտիվ մասնակցում էր՝ պարում, վարում եւ ցուցաբերում իր կազմակերպչական հմտությունները,- պատմում է մայրը եւ շարունկում։- Ընկերների շրջանում Տիգրանը գնահատվում էր իր ազնվության համար։ Երբ ինչ-որ տեղ կռիվ էր լինում, նա միշտ այնտեղ էր՝ փորձում էր հաշտեցնել մյուսներին։ Տիգրանը նաեւ շատ խղճով էր։ Հիշում եմ՝ երբ իմացավ, որ ընկերներից մեկը ձմեռային բաճկոն չունի, առանց խոսքի հանեց իր ունեցածներից մեկը եւ տվեց նրան»։

Նրա խոսքով՝ Տիգրանը ծառայությունից հետո ցանկանում էր շարունակել ուսումը, աշխատել իր սիրած մասնագիտությամբ ու մեծ տուն գնել, ասում էր. «Քիչ մնաց, կգամ, շատ գործ ունենք անելու»։

Պատերազմի օրերին Տիգրանը առաջնագծում էր։ Ընկերները նրա զոհվելու հանգամանքները նկարագրելիս՝ տիկին Նարինեին պատմել են, որ սեպտեմբերի 25-ին նրա գումարտակը բարձրացել էր դիրքեր: Առավոտյան 165-րդ ուղղությամբ հակառակորդը սկսել էր ինտենսիվ գրոհ: Տիգրանն ընկերներին իջեցրել էր ապահով տեղ, իսկ ինքը՝ վեց սպաների հետ, մնացել էր դիրքերում՝ չընդունելով նահանջի հրամանը: Ռացիայով միայն հասցրել էր փոխանցել հրամանատարին, որ եթե տեսնեն՝ թշնամին իրեն գերի է վերցնում, կրակեն իր վրա, բայց ոչ մի դեպքում չթողնեն, որ կենդանի հանձնվի:

Վերջին անգամ մոր հետ խոսել էր պատերազմը սկսվելուց մեկ օր առաջ՝ վստահեցնելով, որ ամեն ինչ լավ է։ Այդ օրվանից Տիգրանի հետ կապը ընդհատվել է։ Հաջորդ օրը հայրը գնացել էր դեպի Մատաղիս՝ որդուն գտնելու, սակայն նրան ասել են, որ ԱԹՍ-ի հարվածը խլել է Տիգրանի կյանքը պատերազմի հենց առաջին օրը։

«Վերադարձավ, բայց ինձ խնայեց, ոչինչ չասաց։ Ես դեռ հույս ունեի, որ «Եղնիկներ» է գնացել, քանի որ իրենցից հետո հաջորդ դիրքն էր։ Բայց ներքին զգացողություն կար, որ Տիգրանը չէր փախչի»,- հիշում է տիկին Նարինեն եւ ավելացնում, որ օրեր շարունակ մտածել է՝ որդին ողջ է ու սպասել է նրա վերադարձին։

«Դռնեդուռ ընկած Տիգրան էի ման գալիս. աջուձախ զանգեր էի անում, գոնե մի լուր ստանայի նրանից։ Երբ իմանում էի, որ իրենց դիրքից զինվոր են բերել, անմիջապես զանգում էի Տիգրանից նորություն իմանալու։ Հիշում եմ մի անգամ էլ, երբ զանգեցի հարցուփորձ անելու, կողքից մեկն ասաց՝ «Դե ասա էլի»։ Զինակից ընկերն ինձ ոչինչ չասաց, ես էլ կողքի խոսքին ուշադրություն չդարձրի. հույս ունեի՝ տղես տուն է գալու»,-պատմում է մայրը։

«Մելքոնյան Տիկո, ծնողնե՛ր, արձագանքեք»,- մի օր էլ ֆեյսբուքյան գրառումը կարդալուց հետո տիկին Նարինեն շփոթվում է. մտածում էր՝ եթե մարմինն արդեն գտել են, եւ փաստաթղթերը հաստատում են, որ Տիգրանն է, ինչո՞ւ են գրել «Տիկո»։ Հետագայում պարզվում է, որ ընկերների արած գրառումն էր։ ԴՆԹ անելու կարիք չկար, մարմինը ամբողջական էր եւ միանգամից ճանաչելի։

Տիկին Նարինեն ասում է, որ չէր պատկերացնի, թե որդուն ողջ չի գտնի։ «Ցավն անսահման է, բայց՝ աղջիկս մի օր ասաց՝ մամ, միայն Տիգրանի՞ համար էիր ապրում»։ Այդ խոսքերը շատ բան փոխեցին իմ ներսում։ Սկսեցի խնամել ինձ, դժվարությամբ ժպտալ, քանի որ եթե ես ընկճված եմ, ամուսինս ու աղջիկս էլ չեն կարող լավ լինել։ Ուզեցի ուժեղ լինել նրանց համար»։

Տիկին Նարինեն համոզված է՝ որդին գնաց այնպես, ինչպես ապրել էր՝ խղճով, պարտքով, սիրով դեպի հայրենիքը։

Պերճուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 01.11.2025

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test