Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Բոլոր կետերը համաձայնեցված են aravot.am aravot.am

time
Բոլոր կետերը համաձայնեցված են

Հանկարծ Ադրբեջանը փոշմաներ, որոշեր չստորագրել, բա այդ դեպքում ի՞նչ կլիներ հայ ժողովրդի ճակատագրի հետ

Շարունակաբար պաշտոնական հաղորդագրություններ են տարածվում, որ «խաղաղության համաձայնագրի» բոլոր կետերը վաղուց արդեն համաձայնեցված են, ինչը նշանակում է, որ այն ամեն ակնթարթ կարող է ստորագրվել, որով փաստացի կսկսվի Հայաստան պետության կործանումը եւ այն հոժարակամ կհանձնվի թուրք-ադրբեջանական տանդեմի տիրապետությանը, որը եթե ոչ ընդմիշտ, ապա գոնե շատ երկարատեւ ժամանակ կստանա անդառնալի կարգավիճակ ու հայ ժողովուրդը վերջապես «կազատվի այդ բեռից» եւ կսկսի «հանգիստ շունչ քաշել», ինչը նույնությամբ արվեց Արցախի Հանրապետության հետ: Այդ պարագայում, մեր խոսույթից արդեն կվերանան բոլոր տեսակի խոսակցությունները՝ կապված այդ համաձայնագրի բովանդակության հետ, կսպասենք միայն այն օրվան, որի ժամանակ կստորագրվի այն եւ կմտնի ուժի մեջ, որի այսպես կոչված եռակողմ նախաստորագրումը փաստացի տեղի ունեցավ ԱՄՆ-ում 2025թ. օգոստոսի 8-ին Թրամփի, Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ:

Իհարկե, հայ ժողովրդի մի ստվար մասը շատ երկար էր սպասում այդ «բաղձալի» օրվան, որը շատ երկար ճանապարհ անցավ, քանզի Ադրբեջանը մեծ չարչարանքների ենթարկեց հայ ժողովրդին, որովհետեւ երկու կողմերն էլ ակնարկում էին, որ Հայաստանը մշտապես տալիս է իր դրական համաձայնությունն այն ստորագրելու համար, սակայն Ադրբեջանն ամեն կերպ ձգձգում է այն, հայ ժողովրդին պահելով ահ ու դողի մեջ, քանզի բացառված չէր նաեւ այն տարբերակը, որ կյանք է, մեկ էլ ու հանկարծ՝ Ադրբեջանը փոշմաներ, որոշել չստորագրել, բա այդ դեպքում ի՞նչ կլիներ հայ ժողովրդի ճակատագրի հետ, նա ինչպե՞ս կարող էր գոյատեւել առանց պապայի՝ առանց մեր միակ հույս՝ «գերհզոր» Թուրքիայի ու Ադրբեջանի: Ու էս խառնակ ու անկանխատեսելի եւ վայրագ աշխարհում ո՞վ էր տիրություն անելու այս խեղճ ու կրակ, վախկոտ Հայաստանին: Չէ՞ որ բացի Թուրքիայից ու Ադրբեջանից, խաղաղություն ապահովելու առումով ուրիշ ոչ մի երկիր մեզ նման խոստում չէր տվել, որից պարզորոշ կհետեւեր, որ այդ պարագայում, մենք կմնայինք աշխարհի խոշորների ոտքերի տակ ու կկնքեինք մեր դաժան մահկանացուն: Նորություն ասած չենք լինի, եթե վերհիշենք մշտապես բարձրաձայնված այն իրողությունը, որ հայ ժողովուրդն իմաստուն ժողովուրդ է եւ հատկապես ճակատագրական պահերին նա հիմնականում ճիշտ է կողմնորոշվում՝ թե գոնե իր հետագա անվտանգության հարցում ո՞ւմ վրա հույսը դնի, որպեսզի հանկարծ չհայտնվի սրա-նրա ոտքերի տակ ու դուրս չմնա կյանքի ընթացիկ լուսանցքից:

Փաստացի, երկար ու անհամբեր սպասեցինք եւ վերջապես եկավ այն պահը, որ «համաձայնագրի» երկու կողմերը բոլոր կետերի շուրջ եկան համաձայնության ու ու օգոստոսի 8-ին նրանք արդեն նախաստորագրեցին այդ վերջնական փաստաթուղթը եւ լծվեցին դրանում ներկայացված հետագա անելիքներին: Կարծում եմ, Ադրբեջանի համար ամեն ինչ հստակ է, նա հրաշալիորեն ուրվագծել է, թե որ ճանապարհով պետք է գնա եւ ուր պետք է հասնի, սակայն Հայաստանի համար դեռեւս շատ անհայտներ կան, թե իրեն ինչ անակնկալներ են սպասվում: Կամ Հայաստանը լիովին տեղյակ է այդ անակնկալներից եւ պարտադրաբար պետք է սպասի դրանց կյանքի կոչմանը, կամ նա վախի ազդեցության տակ արդեն կերել է կուտը, հավատացել է թշնամու դատարկ խոստումներին ու հուսով սպասելու է, թե ախոյանն ինչ «լավ» բաներ է անելու իր համար, կամ էլ հայտնվելու է անակնկալների հորձանուտում եւ չի էլ հասցնելու հետեւել, թե իրար հետեւից ինչ անսպասելի, անչափ ցավեցնող իրադարձությունների է հանդիպելու ու զարմանքից գլուխ քորելու ժամանակ չի ունենալու, քանզի դրանք բոլորն էլ՝ իրար հետ փոխկապակցված, հերթով ջնջելու են Հայաստանի բոլոր սպասելիքները եւ երկրաշարժի նման փլուզելու են ողջ Հայաստանը: Իշխանությունները մի պահ դադար են տալու, փորձելու են հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց հետ, սակայն չեն հասցնելու անգամ հասցված նոկդաուններից ուշքի գալ, շատ արագ ենթարկվելու են նոկաուտի եւ ուշագնաց են լինելու: Եթե կարողանան փոքր-ինչ ուշքի գալ, ձեռքները պարզելու են աշխարհին, որպեսզի հարցնեն, թե այս ի՞նչ եղավ իրենց հետ, որին աշխարհն ընդամենը վերաբերվելու է քմծիծաղով ու պարզորոշ, ուղղակիորեն հասկացնելու է. բա, ուրիշ ի՞նչ էիք ուզում, երբ Ադրբեջանի ցանկացած առաջարկին, առանց վայրկյան կորցնելու, հոժարակամ համաձայնվում էիք ու դա էլ այն դեպքում, երբ իրենք անգամ իրենց ուզածին այդքան արագ ու միանգամից չէի համաձայնվում:

Այսինքն՝ նրանք հազար չափում, հետո միայն մեկ անգամ կտրում: Դուք՝ հայերդ, մշտապես գլուխ եք գովում, որ այսքան հազար տարվա ժողովուրդ եք, բա չհասկացա՞ք, որ նման ծիծաղելի պահելաձեւը դրան էր բերելու, ինչը եւ ունեցաք: Անարժանապատվությունն էլ չափ ու սահման ունի, դուք մեկ ակնթարթում անցաք ամբողջ տարածությունը, կարծես մրցավազքի ելած լինեիք, վայրկյան անգամ շունչ չէիք քաշում, կարծես ժամսլաքն ընկնում էր; Նրանց փոխարեն դուք էիք շտապում, թե տեսնես հաջորդ մահացու առաջարկությունը ե՞րբ կանեն՝ որքա՞ն արագ, որ միանգամից պատասխանեիք. իհարկե, այո:

Մի խոսքով, հայ ժողովրդին բազում վարկածներով ներկայացվեց, թե ինչ է նշանակում այդ համաձայնագիրը եւ դրա ստորագրումը, թե այն ինչ կարող է բերել հայ ժողովրդի ու Հայաստանի գլխին, թե դրանով որքան հեշտորեն ու արագ կկորցնենք մեր երկիրը, սակայն զարմանալիորեն 1915, 2020 թթ. եղեռն տեսած ու տարած հայ ժողովուրդն այդպես էլ չհասկացավ դրանք, այդպես քնած էլ մնաց, հավատաց թուրքին ու հոժարակամ, հեշտորեն համաձայնեց մեր երկիրը հանձնել նրանց …

Կեցցես «հերոսական, անվախ, նամուսով, թասիբով, «հայրենասեր», հայ «ժողովուրդ»:

Վերջը հասար քո «նպատակին»:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ 01.11.2025

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test