Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

115 տարի առաջ գրված հանճարեղ պոեմի գաղափարներն արդիական են նաև այսօր. Կես դար անց կրկին երաժշտական մարմնավորում է ստանում Իսահակյանի անմահ պոեմը՝ որպես վոկալ-սիմֆոնիկ երկ aravot.am aravot.am

time
115 տարի առաջ գրված հանճարեղ պոեմի գաղափարներն արդիական են նաև այսօր. Կես դար անց կրկին երաժշտական մարմնավորում է ստանում Իսահակյանի անմահ պոեմը՝ որպես վոկալ-սիմֆոնիկ երկ

Aravot.am-ի զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանի կոմպոզիտորների միության երաժշտագիտական մասնաճյուղի ղեկավար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը:

– Տիկին Ասատրյան, Օպերային թատրոնում կայացավ Վաչե Շարաֆյանի «Աբու-Լալա Մահարի» օրատորիայի պրեմիերան: Ի՞նչ զգացողություններ առաջացրեց կատարումը: Խնդրում ենք կիսվեք ձեր տպավորություններով:

– Եթե մեկ բառով ասեմ՝ հիացմունք: Ինչո՞ւ: Առնվազն երեք պատճառով. հնչեց հայ ժամանակակից կոմպոզիտորական դպրոցի վառ ներկայացուցիչներից մեկի՝ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնի վարիչ, տաղանդավոր կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի նորաստեղծ «Աբու-Լալա Մահարի» օրատորիան:

Երկրորդ. Օպերային թատրոնի տաղանդավոր արտիստները՝ նվագախումբը, երգչախումբն ու մենակատարները, մաեստրո Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ, ևս մեկ անգամ հաստատեցին իրենց կատարողական բարձրակարգ վարպետությունը:

Եվ երրորդ. այս ձեռնարկն իրականություն դարձավ շնորհիվ Երևանի քաղաքապետարանի և ԿԳՄՍՆ-ի: Հանդիսատեսին դահլիճում «դիմավորեց» Երևանի զինանշանը: Ուրախալի է, որ օրեցօր սերտանում ու բազմաշերտ է դառնում Օպերային թատրոնի և Երևանի քաղաքապետարանի համագործակցությունը, ինչը նույնպես հրաշալի է. չէ՞ որ հայկական առաջին ու միակ պետական օպերային թատրոնը ստեղծվել և արդեն շուրջ մեկ դար գործում է համայն հայության մայրաքաղաք Երևանում:

Կարծում եմ՝ սա պիտի նախադեպ դառնա, որպեսզի պետությունը միշտ կանգնի կոմպոզիտորի ու կատարողների կողքին, որպեսզի շարունակվի հայ երաժշտության անխախտ երթը՝ կոմպոզիտորը հնարավորություն ունենա կենդանի կատարմամբ լսելու իր նոր ստեղծագործությունը, իսկ կատարողներն էլ հնարավորություն ունենան իրականացնելու իրենց կարևոր առաքելություններից մեկը՝ ներկայացնել հայ ժամանակակից երաժշտության արդի փուլը: Ցանկալի կլիներ, որպեսզի ապագայում ոչ թե կիրառվեր մրցույթի տրամաբանությունը, այլ ուղղակի Երևանի քաղաքապետարանը պատվեր իջեցնի Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ կոնկրետ կոմպոզիտորներին՝ ստեղծելու խոշորամասշտաբ ստեղծագործություն այս կամ այն հոբելյանական առիթներով:

Իսկ այժմ՝ ըստ էության: Ինչպես գիտեք՝ 2025 թվականի ընթացքում Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը լայնորեն նշվեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Հոբելյանական միջոցառումները դեռևս շարունակվում են՝ ընդգրկելով նորանոր երկրներ և նորանոր ասպարեզներ: Բնականաբար, հոբելյանական միջոցառումների բարձրակետը, ինչպես և սպասվում էր, տեղի ունեցավ հենց Վարպետի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 30-ին:

Այդ օրը Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մաեստրո Կարեն Դուրգարյանի նախաձեռնությամբ ու ակտիվ մասնակցությամբ աննախադեպ միջոցառում էր: Թատրոնի նվագախմբի, երգչախմբի և մենակատարների՝ Արման Առաքելյանի և Տիգրան Հակոբյանի կատարմամբ, Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ բեղմնավոր ճանապարհ անցած երաժշտական իսահակյանապատումի նոր ու վառ էջի՝ Վաչե Շարաֆյանի «Աբու-Լալա Մահարի» օրատորիայի պրեմիերան:

Իսկ ամեն ինչ սկսվել էր դեռևս ամիսներ առաջ: Վարպետի ծննդյան 150-ամյա հոբելյանի կապակցությամբ 2025 թվականի գարնանը Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր «Աբու-Լալա Մահարի» պոեմի հիման վրա վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործության մրցույթ, որտեղ հաղթող ճանաչվեց կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Աբու-Լալա Մահարի» օպերա-օրատորիան (կամ՝ Համերգային օպերա)՝ գրված բարիտոնի (ասմունքող), երկսեռ երգչախմբի ու սիմֆոնիկ նվագախմբի համար: Ես ինքս եղել եմ մրցութային հանձնաժողովի անդամ և իմ քվեն տվել այս ստեղծագործությանը: Որոշվեց, որպեսզի պրեմիերան տեղի ունենա 2025 թվականի տարեվերջին՝ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման ժամանակ:

Հայ երաժշտության մեջ «Աբու-Լալա Մահարի» պոեմին առաջին անդրադարձը եղել է ճիշտ 50 տարի առաջ: Բանաստեղծի ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ 1975 թվականին կազմակերպվեց մրցանակաբաշխություն՝ հետևյալ անվանակարգերում.

1.Սիմֆոնիկ և վոկալ-սիմֆոնիկ երաժշտություն

2.Խմբերգային երաժշտություն

3.Երգեր և ռոմանսներ:

«Սիմֆոնիկ և վոկալ-սիմֆոնիկ երաժշտություն» անվանակարգում առաջին մրցանակի արժանացավ Էդգար Հովհաննիսյանի «Հայրենիքիս» վոկալ-սիմֆոնիկ պոեմը և «Աղբերս ո՞ւրա…» վոկալ-սիմֆոնիկ պոեմը, իսկ երկրորդ մրցանակին՝ Ալեքսանդր Հարությունյանի «Քարավանը Աբու-Լալա-Մահարու» սիմֆոնիկ պատկերը: Եվ ահա կես դար անց կրկին երաժշտական մարմնավորում է ստանում Իսահակյանի անմահ պոեմը, այս անգամ՝ առաջին անգամ որպես վոկալ-սիմֆոնիկ երկ՝ օրատորիա:

Վաչե Շարաֆյանն այն նախատեսել է նաև բեմականացված ներկայացման տեսքով՝ որոշակի տեսաշարային, բեմի և հագուստի պարզ ձևավորման ներառմամբ: Հարազատ մնալով իսահակյանական պոեմի կառուցվածքին, որը բաղկացած է 7 սուրահներից, Վաչե Շարաֆյանի «Աբու-Լալա Մահարին» նույնպես բաղկացած է յոթ մասից, որոնք իրար են հաջորդում առանց ընդմիջման՝ attacca: Եզրափակիչ՝ 7-րդ մասում, որպես P.S. (հետգրություն) կոմպոզիտորը ներառել է պոեմի «Վերջին սուրահից» «Վուհադիներից զով սյուքն էր բերում վառ քասիդները այրող կարոտի, Դայլայլում էին կաթնաղբյուրները երազներն իրենց կուսական սրտի» հատվածը, որը հնչում է մենակատար բարիտոնի երգամասում՝ կատարյալ լռության մեջ:

Օրատորիան ունի նաև նվագախմբային Պրելյուդ, որի թեմատիկ նյութի եզրափակիչ մասի կրկնությամբ էլ ավարտվում է Օրատորիան՝ տարածության վրա ստեղծելով թեմատիկ կամուրջներ: Ուշագրավ է, որ Աբու-Լալա Մահարուն՝ Բաղդադի հռչակավոր բանաստեղծին նվիրված ստեղծագործությունն ավարտվում է երգեհոնի հնչողությամբ:

Կատարման տեսակետից բավական բարդ այս օրատորիան կատարվեց մեկ շնչով: Դրա գաղտնիքը մի կողմից՝ կոմպոզիտորի տաղանդն է, սիմֆոնիկ նվագախմբի գործիքների արտահայտչամիջոցների վարպետ կիրառման հմտությունը (մասնավորապես՝ 4-րդ մասում՝ ահարկու գիշերվա պատկերի ստեղծման ժամանակ), մյուս կողմից՝ արտիստների՝ նվագախմբի և երգչախմբի (խմբավար՝ Նարինե Ոսկանյան) կատարողական բարձր կուլտուրան:

Ինչպես միշտ՝ անգերազանցելի էր Կարեն Դուրգարյանը, ով ոչ միայն ստեղծագործության պրեմիերան նախաբանեց իր խոսքով, այլև իր եզրափակիչ խոսքում նշեց, որ սրանով սկզբնավորվում է նոր ավանդույթ՝ Օպերային թատրոնն այսուհետ տարեկան 1-2 անգամ իրականացնելու է հայ ժամանակակից կոմպոզիտորների նոր ստեղծագործության պրեմիերաներ: Իսկապես՝ անհրաժեշտ է է՛լ ավելի սերտացնել և խորացնել Օպերային թատրոնի և Հայաստանի կոմպոզիտորների միության համագործակցությունը, ինչն էականորեն կնպաստի հայ ժամանակակից երաժշտության առաջընթացին:

Առանձնահատուկ ուզում եմ ընդգծել այն հանգամանքը, որ մեր Օպերային թատրոնը, պահպանելով ավանդույթները, միաժամանակ քայլում է ժամանակին համընթաց՝ լայնորեն օգտագործելով թվային տեխնոլոգիաների ասպարեզում համաշխարհային նորույթները: Օրատորիայի ողջ ընթացքում կիրառվեց ժամանակակից մուլտիմեդիա արվեստի կարևոր ձևերից մեկը՝ գեղանկարների անիմացիան: Բեմում տեղադրված մեծ էկրանին կենդանություն էին առել Մարտիրոս Սարյանի կտավները (այդ թվում՝ «Կոստանդնուպոլսի շները», «Գիսաստղ» և այլն), որոնք ոչ միայն լրացնում ու պատկերազարդում էին երաժշտական ​​ստեղծագործությունը, այլև երաժշտությունը համատեղելով տեսողական արվեստի հետ՝ նպաստում այս ծրագրային ստեղծագործության սյուժեի բացահայտմանը:

Ինձ մնում է շնորհավորել Վաչե Շարաֆյանին՝ իր հերթական ստեղծագործության լույս աշխարհ գալու կապակցությամբ, որը ծնվեց երջանիկ աստղի տակ: Պրեմիերայի հաջողությունն ու հանդիսատեսի ջերմ ընդունելությունը փաստեցին, որ «Աբու-Լալա Մահարին» նոր խոսք է հայ ժամանակակից վոկալ-սիմֆոնիկ երաժշտության մեջ և անպայմանորեն կգրավի իր արժանի տեղը:

Հուսանք, որ Վաչե Շարաֆյանի «Աբու-Լալա Մահարի» օրատորիան կապրի լիարժեք համերգային կյանքով և կշարունակի իր հաղթական երթը Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» անմահ պոեմի հետքերով: Չէ՞ որ շուրջ 115 տարի առաջ գրված հանճարեղ պոեմի գաղափարներն արդիական են նաև այսօր: Արդիական են լինելու միշտ…

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test