Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրը հիմնականում կախված է քաղաքական լուծումից. Սահակյան sputnik sputnik

time
Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրը հիմնականում կախված է քաղաքական լուծումից. Սահակյան
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և հայ մյուս գերիների ճակատագիրը դատական ակտի հրապարակումից հետո կախված է ոչ այնքան իրավական, որքան քաղաքական ու դիվանագիտական լուծումներից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 31–ին Բաքվի դատարանում ավարտվել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների (բացառությամբ Ռուբեն Վարդանյանի) և մյուս գերիների «դատական լսումները»։ Նոյեմբերի 3–ին դատախազները ներկայացնելու են մեղադրանքները։
«Ամեն ինչ վկայում է այն մասին, որ այս պրոցեսը քաղաքական է, և եթե անգամ դատարանները դատական ակտեր են կայացնում, ապա դրանք կրկին քաղաքական լուծումներ են. դատարաններն ընդամենը միջոցներ են, գործիք են. նպատակը ոչ թե արդարադատությունն է, այլ դատարաններին քաղաքական գործիքակազմ դարձնելն է»,– ընդգծեց Սահակյանը։
Նրա գնահատմամբ` եթե, օրինակ, խաղաղության գործընթացին համընթաց նաև միջազգային գործընկերների ներգրավվածությամբ հնարավոր լինի քաղաքական լուծմամբ հասնել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանը, ապա ադրբեջանական դատական ակտերը չեն կարող խոչընդոտ հանդիսանալ։
Ըստ Սահակյանի` Ադրբեջանի իշխանությունները հայ գերիներին անազատության մեջ պահելու համար կձգտեն արհեստական բոլոր իրավական հիմքերը ստեղծել` նրանց ճակատագրի որոշումը թողնելով իրենց հայեցողությանն ու քմահաճույքներին։
Նա հիշեցնում է, որ ունեցել ենք նախկին ռազմագերիների հետ կապված գործեր, երբ նրանց դատապարտել են, օրինակ, 4, 6 կամ 10 տարվա ազատազրկման, սակայն քաղաքական պայմանավորվածությունների և զիջումների արդյունքում հնարավոր է եղել նրանց ազատ արձակել։
Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալների ազատ արձակումն անհետաձգելի հրամայական է. Արամ Ա
«Այս դեպքում, ինչպես տեսնում ենք, ադրբեջանական դատական ակտերը խոչընդոտ չեն հանդիսացել և առանց պատժի կրման` հանձնման ինստիտուտի կիրառմամբ, հայ ռազմագերիները վերադարձվել են Հայաստան։ Նույն կերպ ադրբեջանցի հանցագործներն ուղարկվել են Ադրբեջան։ Երկու երկրներում էլ հայրենադարձվածները պատիժներ չեն կրել։ Սա նշանակում է, որ քաղաքական լուծումներն են դեր խաղացել»,– նշեց իրավապաշտպանը։
Մինչդեռ, ըստ նրա, այս դեպքում, երբ հարցը դիտարկում ենք իրավական դիտանկյունից, ապա կարող ենք արձանագրել բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ բազմակողմ միջազգային համաձայնագրերի խախտում, որոնց միացել, վավերացրել են և Հայաստանը, և Ադրբեջանը։
Ինչ վերաբերում է իրավական հստակ լուծումներին, ապա միջազգային իրավունքի մասնագետի համոզմամբ` Հայաստանի Հանրապետության հիմնական խնդիրը պետք է լինի Բաքվի դատարանի` կանխատեսվող ակտերի իրավական ուժի չեզոքացումը միջազգային գործընթացներում։
«Ի սկզբանե որևէ կերպ հնարավոր չէր կանխել այս դատավարությունները, քանի որ ազգությամբ հայ անձինք ակամա հայտնվել էին ադրբեջանական սուվերենության ներքո, և հասկանալի էր, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց մտադրությունները մինչև վերջ ավարտին էին հասցնելու։ Այս պարագայում իրավական լավագույն լուծումը կարող է լինել այն, որ միջազգային դատարանները, օրինակ, արձանագրեն, որ Բաքվի այս դատավարություններում չեն պահպանվել արդար դատաքննության նվազագույն չափանիշները, ուստի դրանց արդյունքում կայացված դատական ակտերը լեգիտիմ չեն»,– ընդգծեց Սահակյանը։
Ըստ նրա` եթե կարողանանք ունենալ դիվանագիտական և միջազգային դատական այս արձանագրումները, ապա մեզ կհաջողվի չեզոքացնել ապօրինի դատական ակտերի իրավաքաղաքական նշանակությունը։
Իրավապաշտպանը տեսականորեն չի բացառում, որ հայ–ադրբեջանական հարաբերություններում քննարկման առարկա դառնա նաև Բաքվում հայ դատապարտվածների արտահանձնման թեման` պատժի հետագա կրումը շարունակելու համար Հայաստանում։
Նրա գնահատմամբ` սա լավագույն լուծումը չի լինի, քանի որ սրանով, ըստ էության, կլեգիտիմացնենք Բաքվի դատարանի դատական ակտերը, որը կարող է դառնալ նախադեպային։
«Սա անընդունելի է ու վատ նախադեպ կարող է դառնալ։ Ես կարող եմ միայն նշել, որ նախկին հայրենադարձվածների մասով մենք նման նախադեպ չունենք, այսինքն՝ բոլորը ազատ են արձակվել և պատժի կրման նպատակով հանձնման ինստիտուտը հայ–ադրբեջանական հարաբերություններում չի աշխատել»,– ընդգծեց Սահակյանը։
Նա չի կասկածում, որ նոյեմբերի 3–ի «դատական նիստի» ժամանակ դատախազները ձգտելու են առավելագույն պատժաչափ պահանջել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների համար։ Այդ մասին է, մասնավորապես, վկայում այն, որ դատական լսումներն ավարտվել են հոկտեմբերի 31–ին, իսկ հաջորդ նիստն արդեն նշանակվել է նոյեմբերի 3–ին։ Մինչդեռ, Սահակյանի խոսքով` դատական հաջորդ փուլերին անցնելու համար բավականին երկար ժամանակ, անգամ` ամիսներ պետք է պահանջվեին պատրաստվելու համար։
«Սա վկայում է այն մասին, որ անգամ մեղադրական ճառերը նախապատրաստվել են շատ ավելի վաղ, և դատարանում տեղի ունեցած այդ ցուցադրական պրոցեսները, նշանակված վկաների կամ տուժողների հարցաքննությունները որևէ իրական ազդեցություն չունեն մեղադրական ճառերի նախապատրաստման վրա։ Կարծում եմ` ի սկզբանե հատուկ ծառայություններում գրված և Ադրբեջանի նախագահի վարչակազմի կողմից հաստատված քաղաքական ելույթներ են լինելու, որոնք էլ իրենց ամրագրումն են ստանալու դատական ակտերում»,– հայտարարեց Սահակյանը։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում էր Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test