mediamax.am
Փողոցի շունչը, պատերի ճիչն ու գրաֆիտիի գույները տեղափոխվել են ցուցասրահ. ներսում հնչում է քաղաքի ձայնը՝ առանց մեքենաների աղմուկի։ Սթրիթ արտը կամ փողոցային արվեստը, որը սովոր է պատահական անցորդների հայացքներին, հիմա մարդկանց դիմավորում է լռության մեջ՝ պահպանելով իր անկեղծությունն ու էներգիան։
Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) գործում է «Փարիզ–Երեւան. Սթրիթ Արտ» ցուցահանդեսը, որի համադրողներն են Նիկոլա Լոգերո-Լասերը եւ Արամ Զուրաբյանը։Ցուցահանդեսում կարող եք ծանոթանալ ժամանակակից փողոցային արվեստի համաշխարհային առաջատարների՝ Բենքսիի, Օզմոյի, Ֆեյրի Շեփարդի, Քրակենի, Լոգան Հիքսի, Մանքիբըրդի հետ:Այցելուները կտեսնեն Փարիզի սթրիթ արտի հեղինակների 25 բնօրինակ գործերը, ինչպես նաեւ երեք հայ արվեստագետների՝ Մարիամ Էներգետիկի, Սիրաուշ Աղաջանյանի եւ Տարոն Մանուկյանի աշխատանքները:Թվում է, սթրիթ արտը եւ ցուցահանդեսային տարածքը դժվար է պատկերացնել միասին։ Բայց ճիշտ համադրության դեպքում սթրիթ արտը պահպանում է իր ազատությունն անգամ փակ տարածքում։Ցուցահանդեսի համադրող Արամ Զուրաբյանը նշում է. «Սթրիթ արտը միշտ եղել է ազատության եւ բողոքի արտահայտման միջոց: Այն խոսում է հասարակության անմիջական խնդիրների մասին՝ առանց ֆիլտրերի»։Ցուցահանդեսի գաղափարը ծնվեց ՆՓԱԿ-ի թիմի Փարիզ կատարած այցից, որտեղ ծանոթացան սթրիթ արտի պատմությանն ու զարգացման ճանապարհին: «Հայաստանում մարդիկ սովոր են դասական արվեստ դիտել, եւ մեր նպատակն է ցույց տալ, որ փողոցային արվեստը նույնպես կարող է ուսուցողական, մտածելու տեղ թողնող եւ ազդեցիկ լինել», - ասում է Արամը:Ցուցահանդեսը նաեւ կրթական բաղադրիչ ունի: ՆՓԱԿ-ի կրթական ծրագրերի պատասխանատու Մարիամ Ալեքսանյանը բացատրում է. «Ուզում ենք, որ երեխաները ոչ միայն տեսնեն, այլեւ փորձեն ստեղծել, պատկերացնել գույները, տեխնիկան, կերպարները եւ սովորեն քաղաքային արվեստի պատմությունը: Սա նրանց հնարավորություն է տալիս հարստացնել երեւակայությունն ու ճանաչողական հմտությունները՝ միաժամանակ հասկանալով սոցիալական շերտերը, որոնցով խոսում է սթրիթ արտը»:Էքսկուրսիաները նախատեսված են 9–12-րդ դասարանների աշակերտների համար, խմբում ընդգրկվում է 25–ից 30 մասնակից: Յուրաքանչյուր էքսկուրսիա տեւում է 2 ժամ՝ երեքշաբթի եւ շաբաթ օրերին: Այս ծրագրի շրջանակում Ապարան քաղաքում ստեղծվել է «Միկրոտիեզերք» մուրալը՝ մեծածավալ որմնանկարը:«Միկրոտիեզերք»-ը, որի հեղինակը փառատոնի մասնակից արվեստագետ Բոլտն է, պատկերում է անձնական դիցաբանությունից ծնված կերպարներ։«Այն կերպարների մեջ, որոնք Բոլտը ստեղծել է, կարելի է շատ հայկական տարրեր նկատել՝ նուռը, թանը։ Դրանք շատ հետաքրքիր ձեւով համահունչ են նրա՝ տարբեր մշակույթներից վերցված կերպարների հետ», - ասում է Մարիամ Ալեքսանյանը։Ապարանի մուրալը դարձել է նաեւ կրթական հարթակ, որտեղ տեղացի դպրոցականներն ու պատանիները հնարավորություն են ստացել ստեղծագործել մեծամասշտաբ ձեւով՝ իրական քաղաքային միջավայրում աշխատելով արվեստագետի կողքին։ ՆՓԱԿ-ը ոչ միայն արվեստը ցուցադրելու, այլեւ հասարակության մտածողության սահմաններն ընդլայնելու նպատակ ունի: «Մարդիկ գալիս են, դիտում են, հարցեր տալիս, մտորում են եւ նոր հայացքով վերադառնում տուն: Իսկ երեխաները, ովքեր առաջին անգամ են հանդիպում սթրիթ արտին, ոգեշնչվում են, եւ հնարավոր է՝ վաղը հենց նրանք դառնան նոր սերնդի արտիստները», – ասում է Արամ Զուրաբյանը:Ստրիթ արտը Հայաստանում դեռ ձեւավորվող մշակութային լեզու է ու նոր է փորձում հիշողության, ինքնության եւ ստեղծարար ազատության տարածք դառնալ։ 2020 թվականի պատերազմից հետո քաղաքի պատերին հայտնվեցին զոհված զինվորների դիմանկարները. սա հասարակության ցավի, կորստի եւ հիշողության արտահայտություններից էր։ Բայց մեկ այլ ճշմարտություն էլ կա. երիտասարդներն այսօր հաճախ ասելիք չունեն՝ նրանց ձայնը չի լսվում, եւ այդ լռությունն է, որ պատերը դատարկ է թողնում։ Երբ չկան հարցեր, կասկածներ ու երազանքներ, ողբն ու սուգը գերիշխող են դառնում։Գուցե հենց սթրիթ արտը դառնա այն տարածքը, որտեղ նոր սերունդը կարող է սկսել խոսել՝ բարձրաձայնել իր մտորումները, կասկածները, բողոքն ու սերը։ «Փարիզ–Երեւան. Սթրիթ Արտ» ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ դեկտեմբեր: Աստղիկ ՀովհաննեսովԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test